Եվրախորհրդարանում անցկացվելիք համաժողովին կքննարկվեն Ցեղասպանության ճանաչմանը, Հարավ. Կովկասին առնչվող հարցեր

Եվրոպական Միության հետ հարաբերությունները խթանելով և անդամ պետությունների հետ երկխոսելով ուժեղացնել Հայաստանը. սա է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի օրակարգային հարցը։ Այս մասին «Արմենպրես»-ի` Բրյուսելի թղթակցի հետ զրույցում նշեց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը` ընդգծելով` որքան ուժեղ է Հայաստանը, այնքան ուժեղ կլինի նրա ձայնը։

Gaspar

Այդ նպատակների իրականացման ճանապարհին նախաձեռնվել է Հայ-եվրոպական երրորդ համաժողովը, որը տեղի կունենա Բրյուսելում 2013 թվականի մարտի 4-5-ին: Համագումարը կանցկացվի երկու նստաշրջանով։ Առաջին նստաշրջանում Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները կքննարկեն համաեվրոպական խնդիրներին առնչվող հարցեր և հայերի մասնակցությունն այդ ամենում։ Քննարկման կիզակետում կլինեն մշակույթին, լեզվին, հայի ինքնությանը վերաբերող հարցերը, մի շարք քաղաքական խնդիրներ, ինչպես նաեւ Եվրոպայում թուրք-ադրբեջանական համատեղ լոբբիի գործունեությունը, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստումը և Ցեղասպանության ժխտողականության քրեականացումը, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը և այլն։

Կարապետյանի տեղեկացմամբ` երկրորդ նստաշրջանը կանցկացվի Եվրոպական խորհրդարանում՝ ԵԽ-ի ամենամեծ քաղաքական խմբի` Եվրոպական ժողովրդական կուսակցության հովանու ներքո։ Կքննարկվեն Եվրոպական միության գործելաոճին, Ցեղասպանությանն առնչվող միջազգային օրենքներին, Հարավային Կովկասում իրադրության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Համաժողովը նպատակ ունի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ:

Հայ դատի հանձնախմբի ղեկավարն առանձնացրեց այն խնդիրները, որոնք այժմ գտնվում են Հայ Դատի եվրոպական գրասենյակի ուշադրության կենտրոնում: «Այժմ ամենակարևոր հարցերից է ամրապնդել Արցախի դիրքը` որպես անկախ և ինքնորոշված պետության և ճանաչել տալ այն եվրոպական երկրների կողմից։ Մեր կազմակերպությունը նաև ակտիվորեն մասնակցում է Ջավախքում ապրող հայերի օգնությանը։ Բացի այդ, եթե հայկական համայնքներից որևէ մեկին վտանգ է սպառնում, ինչպես եղավ Սիրիայի դեպքում, մենք կազմակերպում ենք մարդասիրական օգնություն և անում ենք ամեն ինչ` ապահովելու նրանց անվտանգությունը»,- նշեց Գասպար Կարապետյանը։

Նա ավելացրեց, որ վերջերս հանդիպում էր կազմակերպվել Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռոդի Կրաստա-Ցանգարոպուլուի հետ Սիրիայում հայ բնակչության վիճակի վերաբերյալ։ Հանդիպման նպատակն է եղել կենտրոնացնել Եվրոպայի ուշադրությունը Սիրիայի և այնտեղ բնակվող հայկական համայնքի վրա։ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը կազմավորվել է 2002 թվականին Բրյուսելում՝ նպատակ ունենալով միավորել Եվրոպայում հայկական կազմակերպությունների ներկայացուցչություններին։ Գրասենյակը կազմակերպում է հանդիպումներ Եվրոպայում Հայ Դատի բոլոր ներկայացուցչությունների հետ, համաձայնեցնում և կարգավորում է միացյալ աշխատանքային ծրագրերը տարեկան կտրվածքով, հստակեցնում է թիմային նպատակները։

Կառույցը համագործակցում է Բրյուսելի հայկական դեսպանության հետ, ինչպես նաև Եվրախորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ հանդիսավորապես բացված Հայաստան-Եվրամիություն բարեկամության խմբի հետ։ Շնորհիվ այդ համագործակցության Հայ դատի հանձնախմբի ազդեցությունը Հայաստանին վերաբերող հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից դրական է ընդունվում։ Գրասենյակը համագործակցում է նաև Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ։

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել