Սա ավելի շատ մաշկահանման քաղաքականություն է

Արծվիկ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հարցազրույցը Lragir.am-ին

-Պարոն Մինասյան, նախորդ տարեվերջին կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած Հարկային նոր փաթեթը բուռն քննարկումների առիթ է այս օրերին: Մի քանի օրինակով կներկայացնե՞ք այն խնդիրները, որոնք առաջ են գալիս այս փաթեթի ընդունմամբ:

-Նախ, կարծես արդեն սովորույթ է դարձել, երբ կառավարությունը տարվա վերջում անակնկալի է բերում ոչ միայն պառլամենտին, այլև տնտեսվարողներին և հասարակական դաշտին: 2012 թվականի դեկտեմբերն էլ չտարբերվեց նախորդներից, եթե չասենք, որ մի քանի ուղղություններով մի քանի հիմնարար հարվածներ հասցվեցին բիզնես միջավայրին: Առաջին հերթին, խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հարկային փոփոխություն պետք է իր տրամաբանությունն ունենա և տվյալ երկրի տնտեսական իրավիճակին պետք է համապատասխանի: Պառլամենտում ընդդիմադիր հատվածի համար այդպես էլ անհասկանալի էր, թե ինչո՞ւ է կառավարությունը բերել խստացնող հարկային փոփոխություններ, ոչ թե վարչարարությունն ուժեղացնելու, այլ հարկային բեռը մեծացնելու առումով: Դա այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը դեռ դուրս չի եկել ճգնաժամից, երբ մեր սոցիալ-տնտեսական մարտահրավերների մեջ կենտրոնական տեղում մնում է աշխատատեղերի ստեղծումը, համախառն ներքին արդյունքի դիվերսիֆիկացիան և ամենակարևորը` հասարակության եկամուտների բարձրացումը: Այսպիսի իրավիճակում, երբ բերվում է փոփոխություն` փիլիսոփայության մեջ դնելով հարկային բեռի բարձրացում, մեկ բացատրություն պետք է ունենա` չունենալով զարգացման հստակ հայեցակարգ` ներկա կառավարությունը քաղաքական մեծմասնության հետ միասին փորձում է իրավիճակային լուծում տալ ստեղծված իրավիճակին: Եվ այդ իրավիճակային լուծումն ամենայն հավանականությամբ ենթադրում է բացառապես ֆիսկալ մտածողությամբ առաջնորդվել, այսինքն` ինչքան հնարավոր է համալրել բյուջեն փողով: Դա երկարաժամկետ տեսակետից կործանարար հետևանք է ունենում: Կարճաժամկետ առումով էլ ունենում է բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն թե ընկալման, թե կանխանատեսելիության և թե նաև գործունեություն ծավալելու ու ընդլայնելու` մարդկանց մտածողության վրա:

«Արտոնագրային վճարների մասին», «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին, Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որոնց մեջ, եթե անգամ մեկ-երկու դրական դրվագներ կան, ապա բացասականն այնքան մեծ է, որ կարող է հանգեցնել հազարավոր աշխատատեղերի փակմանը, հարկերի անհամաչափ բեռի ամրագրմանը և ի վերջո հասարակության մոտ հիասթափության նոր ալիքի ձևավորմանը:

«Արտոնագրային վճարների մասին» օրենքի հետ կապված հատկապես այս պահին աղմուկ են բարձրացրել ատամնաբույժները, և դա արդարացի աղմուկ է: Մինչ այս փոփոխությունը ատամնաբույժները հարկվում էին ստանդարտ հարկային համակարգով: Եվ եթե 58,3 մլն դրամից ավելի շրջանառություն չունեին, ապա, օրենքով օգտվում էին նաև փոքր հարկատուի կարգավիճակից: Մինչդեռ այս փոփոխությամբ ոչ միայն ատամնաբույժներին ու ատամնատեխնիկներին տեղափոխեցին արտոնագրային վճարի դաշտ, այլ նաև անհամաչափ, անհասկանալի կերպով ինչ-որ հարկ են դրել, որի արդյունքում ատմանաբուժարաններից շատերը կարող են փակվել կամ կլանվել խոշորների կողմից: Այսինքն` սրա բացասական ազդեցությունը ոչ միայն աշխատատեղերի փակումը կլինի, այլ նաև մենաշնորհացման աստիճանի բարձրացումն այդ ոլորտում: Եվ արդարացի են այդ դժգոհությունները, որովհետև եթե մինչ այդ սովորական միջին չափի ատամնաբուժարանը վճարում էր ինչ-որ գումար որպես հարկ, ապա այժմ այդ գումարը բազմապատկվել է մի քանի անգամ:

Մյուս կողմից, չկա տրամաբանություն, թե ինչու է չափման միավոր ընտրվել ատամնաբուժական բազկաթոռը: Պահանջվում է, որ յուրաքանչյուր բազկաթոռի համար, օրինակ, Երևանում 80 հազար դրամ պետք է վճարվի, իսկ երեքից ավելիի դեպքում` մի փոքր ավելի պակաս: Ստացվում է, որ ցանկացած միջին չափի ստոմատոլոգիական կենտրոն ամսական շուրջ 200 հազար դրամ գումար պետք է վճարի, այն դեպքում, երբ նախկինում վճարում էր դրանից միջինը 4 անգամ ավելի քիչ: Սա նաև լուրջ վնաս է Հայաստանի զբոսաշրջության ոլորտին: Քիչ չեն այն հայերը կամ արտասահմանցիները, ովքեր գալիս են Հայաստան` ատամնաբուժական ծառայություններից օգտվելու համար, որովհետև գները մատչելի են, և կա որակյալ ծառայությունների համակարգ:

Նույն խնդիրը նաև շրջանառության հարկին է վերաբերում. չնայած աղմուկը դեռևս շատ մեծ չէ, բայց վստահ եմ, որ անպայման լինելու է այդ աղմուկը, հատկապես երբ առևտրի ոլորտում կսկսվի լայնամասշտաբ կիրառվել 3,5 տոկոս հարկային բեռը: Հայտնի է, որ այնպիսի իրավիճակում, երբ առևտուրը նվազել է, երբ տնտեսությունը դեռևս չի վերականգնել իր նախաճգնաժամային վիճակը, այդ պայմաններում ճիշտ չէ հարկային բեռի բարձրացումը և փոքր սուբյեկտների նկատմամբ հարկային բեռի էլ ավելի խստացումը: Բերելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում այս փոփոխությունները` ըստ էության կառավարությունը հրաժարվում է փոքր ու միջին բիզնեսի աջակցման ծրագրերից: Ավելի շատ մաշկահանման քաղաքականություն է վարում, քան թե մաշկին աջակցելու: Եվ հետևանքը շատ չի ուշանա, հետևանքը կլինի գործազրկության նոր ալիքի բարձրացումը, հիասթափությունն ու արտագաղթի տեմպերի ավելացումը:

-Հարկային փաթեթից դժգոհում են նաեւ ռիելթորները, ամեն աշխատողի համար Երևանում 60 հազար դրամ հարկ են սահմանել, որքանո՞վ է սա արդարացված:

-Դա նույնպես անտրամաբանական է: Ընդհանրապես, «Արտոնագրային վճարների մասին» օրենքով չափման միավորները, կարծում եմ, ոչ միայն լուրջ վերանայման, այլ նաև խորը մասնագիտական ու փորձագիտական քննարկման առարկա են: Ի՞նչ է նշանակում գործակալության աշխատողների հաշվարկով հարկ վճարելու մոտեցում որդեգրելը: Եթե բարդ էր այնքան, որ այս կառույցները չէին կարող ստանդարտ հարկման համակարգով աշխատել, այդ դեպքում նույն գաղտնի ու թաքցված գործունեությունը կծավալեն աշխատողների միջոցով: Այսինքն` մի կողմից ստիպում են, որպեսզի այս կազմակերպությունները գնան ստվեր, մյուս կողմից խնդիր են դրել իբր պարզեցնելու նրանց գործունեությունը: Արդյունքում ստացվել է մի շիլաշփոթ, տուժում են այս գործունեությամբ զբաղվողները, կառավարությունն էլ չի ստանալու այն, ինչ մտածում էր կամ պատկերացնում էր, որ կարող է ստանալ: Վաթսուն հազար դրամ մեկ աշխատողի դեպքում, այն էլ այն դեպքում, երբ գործակալությունն ընդհանրապես կարող է այդ ամսվա ընթացքում որևէ եկամուտ չունենալ, սա աբսուրդ է: Հարկերը նրանց եկամուտի հետ կապելու փոխարեն, կառավարությունը փորձում է «ձեռքերը լվանալ», պարտադրել ու պահանջել, որ` այսքան գումար պետք է տաք, ու վերջ:

Ես չեմ ուզում առանձնացնել նաև օրենսդիր մարմնի պատասխանատվությունը: Այսօր, այո, օրենսդիր մարմնի քաղաքական մեծամասնությունը և այն անձինք, ովքեր կողմ են քվեարկում այսպիսի նախաձեռնություններին, պետք է պատասխանատվության առջև կանգնեն:

Պատասխանատվությունը, ի տարբերություն այլ դեպքերի, այստեղ քաղաքացիների ընկալումը և վերաբերմունքը պետք է լինի այսպիսի կեցվածքի, մոտեցումների վերաբերյալ: Ես մեկ-մեկ էլ զարմանում եմ նույն կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների վրա, որոնց անունից կառավարությունը հանդես է գալիս, ասում, որ նրանց հետ քննարկել են, բայց հետո պարզվում է, որ իրենց հետ չի քննարկվել:
Ես ուզում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ հարկային այն փոփոխությունները, որոնք ընդունվեցին 2012 թվականի դեկտեմբերի 19-ին, իմ խորին համոզմամբ հակասահմանադրական են հետևյալ երկու պատճառով: Նախ, պետական բյուջեն` հարկային մուտքերի առանձին կառուցվածքով, հաստատվել է դեկտեմբերի սկզբին: Եվ հետևաբար, դեկտեմբերի 19-ին կատարված հարկային փոփոխությունը որևէ ձևով չէր կարող կապված լինել բյուջետային եկամուտների հետ ըստ տրամաբանության: Երկրորդ` «Հարկերի մասին» օրենքի 8-րդ հոդվածն ամրագրում է, որ հարկատեսակի փոփոխությունը կամ նոր հարկատեսակի մուտքը, կամ այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է իրավիճակի բարդացմանը կամ հարկ վճարողների պայմանների խստացմանը, կարող է ուժի մեջ մտնել միայն հրապարակումից 30 օրից ոչ շուտ: Դրանք պետք է ուժի մեջ մտնեն, որպես կանոն, ֆինանսական տարվա սկզբից: Այլ կերպ ասած, այս հարկային փոփոխությունները չէին կարող 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնել: Եվ հետևաբար, տրամաբանական է, որ դրանք պետք է ուժի մեջ մտնեին առնվազն 2014 թվականի հունվարի 1-ից: Այս կանոնները խախտված են, և ես կոչ եմ անում մեր ակտիվ քաղաքացիներին այս ուղղությամբ մտածել և անհրաժեշտության դեպքում դատարանները հեղեղել համապատասխան հայցերով: Մենք քննարկում ենք հիմա նաև սահմանադրական դատական կարգով բողոքարկման հնարավորությունը:

-Փաստացի արձանագրում ենք, որ Հարկային փաթեթն ուղղված է փոքր ու միջին բիզնեսի դեմ: Նախընտրական փուլում իշխանություններին պե՞տք էր արդյոք այս սոցիալական բունտը, թե՞ այլևս այդ գործոնը հաշվի չեն առնում:

Տրամանություն պետք չէ փնտրել, որովհետև եթե ընտրությունները կապված լինեին հասարակության գիտակցված ընտրությունների հետ, վստահաբար որևէ իշխանություն նման քայլի չէր գնա: Բայց քանի որ մեր երկրում, ցավոք սրտի, ընտրությունները շատ քիչ են կապված մարդկանց համոզմունքների, ընտրողների իրական կամարտահայտության սկզբունքի հետ, դրա համար այսպիսի հարցերը գործոն չեն դառնում: Հակառակ դեպքում, անտրամաբանական է, երբ մի իշխանություն, որը 4 տարվա ընթացքում աղքատության մակարդակը 26 տոկոսից 36 տոկոսի է հասցրել, նման իշխանությունը տրամաբանորեն չէր կարող ստանալ ավելի մեծ ձայն, քան նախորդ անգամ էր ստացել: Մեզ մոտ հակառակն է, մեզ մոտ ինչքան աղքատացնում են հանրությանը, այնքան շատ ձայներ են ստանում:

-Բնակչության վրա ի՞նչ կերպ կանդրադառնան այս փոփոխությունները: Արդեն իսկ մտավախություն կա, որ տարբեր ոլորտներում գների բարձրացում է սպասվում:

Միանշանակ է, որ գների բարձրացում տեղի կունենա: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ սա կբերի բնականաբար ծառայություններից օգտվողների թվաքանակի նվազեցմանը, սա իր հերթին կբերի ծախսերի մեծացում այդ ծառայությունները մատուցող սուբյեկտների վրա, դա էլ իր հերթին կհանգեցնի աշխատատեղերի կրճատման: Աշխատատեղերի կրճատումը ևս մեկ բեռ կդառնա բյուջեի վրա, որովհետև գործազուրկին պետք է նպաստ տալ, մարդը կարտագաղթի: Մենք այդ մարդկանց մեջ փաստորեն սպանում ենք հայրենիքում մնալու, ապրելու, արարելու ձգտումը: Մյուս կողմից, սա միանշանակ բերելու է համախառն ներքին արդյունքի նվազեցմանը: Անգամ տնտեսական անկում կարող է արձանագրվել, որովհետև նրանք լուրջ զանգված են կազմում մեր տնտեսական կյանքում:

Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ դիմում են ֆինանսների նախարարություն` այս օրենքներում փոփոխություններ կատարելու համար: Հավանական համարո՞ւմ եք, որ փոփոխություններ կկատարվեն, և ՀՅԴ պատգամավորենրը կոնկրետ ի՞նչ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ:
Ես հավանական համարում եմ, որ կառավարությունն այսքան սխալներից հետո ինչ-որ մի բան կփորձի ուղղել, բայց հիմնարար լուծում չի տա:

Իրենց նպատակը հիմնարար լուծում տալը չէ, այլ ընդամենը իրավիճակային շարժ կատարելն է: Մենք, ինչպես որ Ազգային ժողովում պայքարեցինք այս օրենքների ընդունման ժամանակ, շարունակում ենք այդ պայքարը: Մենք հանդիպելու ենք փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող տարբեր խմբերի հետ, փորձելու ենք օգտակար լինել օրենսդրական նախաձեռնությունների, հարցադրումների ու առաջարկների ներկայացման մասով: Մենք այստեղ որևէ քաղաքական դիվիդենտ չենք ուզում, ուզում ենք պարզապես օգնած լինել մեր քաղաքացիների այն ստվար զանգվածին, որը մատուցում է ծառայություն, որակյալ ծառայություն և ուզում է մեկ պարզ բան` իր աշխատանքով պահել ընտանիքը:

-Սերժ Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում ասում է, որ մարդիկ բարձր աշխատավարձի հետևից են գնում, այդ պատճառով է արտագաղթի ծավալն ավելացել: Այսինքն` Հայաստանում աշխատատեղերի պակաս չկա՞, կա միայն բարձր վարձատրման խնդի՞ր:

-Այն, որ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական աշխատուժի պակաս կա, դա ոչ ոք չի հերքում: Բայց սա չպետք է հիմք տա պնդելու, որ Հայաստանում աշխատատեղերի պակաս չկա: Ոչ, Հայաստանում աշխատատեղերի զգալի պակաս կա: Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանում միայն պետք է բարձր մասնագիտական կազմով աշխատողները աշխատեն: Բա այն մարդիկ, ովքեր չունեն այդ անհրաժեշտ կարողությունները, գիտելիքները, էդ մարդիկ ի՞նչ է, չպե՞տք է աշխատեն, աշխատանք չպե՞տք է ունենան, եկամուտ վաստակելու հնարավորություն չպե՞տք է ունենան: Նույնիսկ պաշտոնական հետազոտությունն է փաստում, որ 20 տոկոսից ավելի գործազուրկներ կան, մոտ 400 հազար մարդ այսօր աշխատանքի կարիք ունի, որպեսզի իր ընտանիքը պահի: Մեր պնդումն ու քաղաքական պահանջն է եղել, որ Հայաստանը չպետք է շարժվի ցածր աշխատավարձի քաղաքականությամբ: Հայաստանը չունի այնքան մարդկային ռեսուրս, որ ասի` զանգվածաբար ես ցածր աշխատավարձերի քաղաքականություն եմ վարում: Սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ բնակչությունը թվով խիստ սահմանափակ է: Տնտեսական լավ մոդել ունենալու համար մեր ի՞նչն է պակասում, ես սա չեմ կարողանում հասկանալ:

-Տնտեսական արդյունավետ մոդելներից մեկն էլ մենաշնորհների դեմ պայքարն է, բայց Սերժ Սարգսյանը մենաշնորհների առկայությունը կոմունիկացիաների բարդությամբ ու շուկաների անհասանելիությամբ է բացատրում: Որքանո՞վ են դրանք փոխկապակցված:

-Ես չեմ կիսում այդ տեսակետը մի պարզ պատճառով, որովհետև բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ երկրները գտնվում են շրջափակումների մեջ, բայց նման խնդիր չկա: Իսկ ի՞նչն է խանգարում տարրական սոցիալական արդարություն հաստատել երկրում, ի՞նչն է խանգարում դատական անկախ համակարգ ձևավորել: Եթե անկախ դատական համակարգ լինի և մենաշնորհ ունեցող մեկի դեմ ներկայացվի հայց ու բավարարվի, վստահ եմ` մենաշնորհը երկար մնալ չի կարող:

Ի՞նչն է խանգարում, որպեսզի մենք որդեգրենք հակամենաշնորհային քաղաքականություն, ի՞նչն է խանգարում մեզ, որպեսզի մաքսային և հարկային մարմիններին հանձնարարական տրվի, որ խտրականություն չի կարելի կիրառել: Սրանք հարցեր են, որոնք Հայաստանից դուրս պայմանավորել ճիշտ չէ: Ամեն ինչի մեղավորը Ադրբեջանը չէ, ոչ էլ Ղարաբաղի խնդիրն է, ինչպես որոշ քաղաքական գործիչներ են ասում: Մեղավորության ամենամեծ բաժինը մեր մեջ պետք է փնտրել: Մենք արդյոք պատրա՞ստ ենք, ունա՞կ ենք ազատ ու արդար Հայաստան ստեղծել: Եթե ունակ ենք, եթե պատրաստ ենք, վստահաբար ոչ մի շրջափակում չի կարող դրան խանգարել: Դրա համար Դաշնակության առաջ քաշած մոտեցումներից մեկը հետևյալն է` զարգացում առանց զիջման, ի տարբերություն այն մոտեցումների, որոնք ասում են` չէ, պետք է զիջենք, որպեսզի զարգանանք:

Շատ կուզենայի, որ ներկա նախագահը փետրվարի 18-ից հետո ի վերջո մի պահ կանգնի, հասկանա, թե ինչ մնաց անցյալում, և ինչ է ապագայում սպասվում, և խոսքից անցնի կոնկրետ գործողությունների: Գիտակցում եմ, որ մեկ քաղաքական ուժի խնդիր չի սա, սա համահայկական ներուժի համախմբման խնդիր է: Եվ եթե այդ համախմբումը տեղի ունենա իրական արժեքների և իդեալների շուրջ, վստահ եմ, որ փոփոխություն կկարողանանք արձանագրել:

Ռոզա Հովհաննիսյան
«ԼՐԱԳԻՐ»

Տպել Տպել