Աղջիկը լաց է լինում` փուչիկը թռել է…

ընտրություններ
Ովքեր հիշում են Օկուջավայի վաղեմի երգը, որի սկիզբն ընտրել եմ որպես վերնագիր, հավանաբար իրենց մեջ բավականաչափ համարձակություն և հեգնանք կգտնեն, որպեսզի այդ աղջկա հոգեվիճակը համեմատեն այն հուսահատության հետ, որը տիրում է մեր մայրաքաղաքի քաղաքական որոշ շրջանակներում: Հուսահատվածների խումբը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի: Առաջարկում եմ դրանք ավելի մանրամասնորեն դիտարկել:

Առաջին խումբ: Այստեղ պետք է ընդգրկել նրանց, ովքեր անկեղծորեն (միամտաբար, թե հիմարաբար՝ կարևոր չէ) հավատում էին, որ ի դեմս ժպտացող օլիգարխի՝ կա (եղել է) ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, իսկ հիմա, այ քեզ դժբախտություն, մեզնից թռել-հեռացել է հաջողության այդ կապույտ թռչունը: Մենք չարժանացանք ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի: Երևի դունչներս խաղողին չհասավ:

Երկրորդ խումբն այնքան էլ հասարակ չէ: Նրանք նույնպես ձևացնում են, թե խորապես ցավում են ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ը կորցնելու համար, բայց նրանց խնդիրն այլ է: Նրանց հանձնարարված, ավելի ճիշտ՝ պատվիրված է արդարացնել ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի՝ հասարակության կողմից դեռ չմոռացված գործողությունները մեկ այլ՝ հենց վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ ժամանակ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի ակտիվիստներն իշխանությունների ուղղակի թողտվությամբ (գուցեև հրահանգով), օգտվելով բնակչության աղքատությունից՝ ձայների բավականին մեծ տոկոս պարզապես գնեցին ընդդիմադիր ընտրազանգվածից, հատկապես դրա անկազմակերպ, լյումպենական մասից, իսկ տարբեր, բայց իսկապես ընդդիմադիր ուժերին (ՀՅԴ, ՀԱԿ և այլն) դարձրեցին խորհրդարանական փոքրամասնություն: Բայց չէ՞ որ այն ժամանակ շատերը վաճառվում էին ոչ միայն հանուն փողի. դրան գումարվում էր նաև համոզիչ (իհարկե՝ անփորձ ուղեղների համար) հույսի շողը:

Հիմա «այլընտրանքայինե պնակալեզների խնդիրն է արդարացնել ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի խաբեությունը և նաև բացատրել, թե խորհրդարանական մեծաքանակ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի խմբակցությունն ինչով է պատրաստվում զբաղվել հետագա 4-5 տարիներին: Չէ՞ որ դա էլ է հարց: Հիմա այդ խմբակցության պատգամավորների համար դժվար կլինի կուրծք ծեծել և պառկել ռելսերի վրա՝ հանուն ժողովրդի: Եթե նրանց կեղծ ընդդիմադիր կրքոտ ճառերը նորից հնչեն ամբիոններից և հեռուստաեթերից՝ խաբված ընտրողը կարող է նրանց տալ հասարակ, բայց տհաճ հարց՝ բա ինչո՞ւ, եղբայրներ, դուք և ձեր ժպտադեմ առաջնորդը մեզ չառաջնորդեցիք նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ խնդրում ենք բացատրել, թե ինչու եք այդքան մեծ քանակությամբ խցկվել խորհրդարան, և առհասարակ հայ հասարակության ինչի՞ն է պետք ձեր խմբակցությունը: Մենք նման մի խմբակցություն արդեն տեսել ենք, ոչ պակաս հավակնոտ անունով՝ «Օրինաց երկիր»: Քաղաքական նման ուժերն արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ միայն մեկ նպատակ ունեն՝ ապակողմնորոշել բնակչությանը և շեղել իրական այլընտրանքներից: Հետևանքը՝ լիակատար հուսալքության և սեփական ուժերի հանդեպ թերահավատության հասարակական համաճարակ:

Ահա այդ հարցի պատասխանը պնակալեզները նախապես պատրաստել են՝ մենք կգնայինք, բայց գիտե՞ք՝ դաշնակները մեզ չպաշտպանեցին: Չմիացան մեզ: Բայց այստեղ մեկ այլ օրինաչափ հարց է առաջանում՝ դուք, հարգելի այլընտրանքայիններ, փառք Աստծո, ամեն ինչ ունեիք՝ փող, ժպիտ, հասարակության բողոքավոր տրամադրությունների ալիք, ձեզ նույնիսկ Բրյուսելից էին ողջունում: Ձեր ինչի՞ն էր պետք դաշնակների օգնությունը: Նրանք խորհրդարանում կարծես թե ընդամենը 5 տոկոս են կազմում:

Եզրակացությունը մեկն է՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ը կամ լավ գիտի, որ դաշնակներն իրականում ամենևին էլ 5 տոկոս չեն, այլ շատ ավելին (էլ ո՞վ պիտի իմանա այդ մասին, եթե ոչ նրանք), կամ էլ նրանց պարզապես արդարացում է պետք, ինչ-որ մեկի վրա իրենց մեղքը բարդել հասարակության առջև: Իսկ ավելի շուտ՝ և մեկը, և մյուսը:
Կա նաև չբավարարվածների երրորդ՝ ընտրակաշառքներին սպասողների խումբը: Խոսքը ոչ այնքան վերջնական հասցեատերերի՝ ընտրողների մասին է, ովքեր իրենց 10-20 հազար դրամն էին ստանում, այլ երկրի ընտրական գործընթացներն ամբողջովին վերահսկող աննախադեպ ճկուն, արդյունավետ և բազմաճյուղ ենթակառույցը համակարգողների և վարչարարների մասին: Կեղծարարության այդ իսկական վարպետները մտահոգված են, որ այս ընտրություններին հանկարծ անգործ կմնան: Իրենց տաղանդն ու հմտություններն իզուր կկորչեն: Չէ՞ որ նրանք իրենց վարպետությունն օգտագործում են (և բավականին հաջող) ոչ միայն ձայներ գնելու, այլև հարստանալու համար:

Ուշադիր հայացքը կնկատի, որ հասարակության այս տարատեսակ շերտերում, որոնք վշտանում են, թե «փուչիկը թռել է», նկատվում է մի մոտիվ, որը լսվում է հրապարակային հոդվածներում և անդրկուլիսյան զրույցներում՝ ընտրություններն անիմաստ են, էլ ի՞նչ կարիք կա մասնակցել: Եթե առաջին երկու խմբերում այս մոտեցումը կարող է բացատրվել անկումային տրամադրություններով, ապա երրորդ խմբի հաշվարկը միանգամայն պրագմատիկ է:

Նրանց պետք է, որ Հանրապետական կուսակցության թեկնածուի թիմում խուճապ սկսվի, որ ընտրություններին շատ քչերն են մասնակցելու, ինչն իր հերթին կնվազեցնի հաղթանակի արժեքը և լեգիտիմության անհրաժեշտ աստիճանը: Ուրեմն ընտրողներին պետք է տանել ընտրատեղամասեր, իսկ ինչպիսին կլինեն քվեարկության արդյունքները` արդեն տեխնիկայի հարց է: Իսկ ինչպե՞ս տանել: Հավանաբար արդեն կռահեցիք: Ճիշտ է՝ հենց այդ նույն ստուգված միջոցով, որի մասին դուք մտածեցիք՝ կաշառքով: Իշխանություն, ուզում ես աշխարհին անբասիր ընտրություննե՞ր ցուցադրել (օրուգիշեր հեռուստացույցով միայն այդ մասին ենք լսում` տարբեր տրամաչափի հանրապետականների ճառերից): Վճարիր՝ կանենք: Եվ կվճարեն: Եվ կանեն: Եվ ընտրական տեխնոլոգիաների մասնագետների կյանքը, որոնց շնորհիվ իշխանությունը միշտ հաղթում է, նորից բոլոր գույներով կշողշողա:

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք՝ քաղաքացիներս: Այդ մասին՝ հաջորդ համարում:

Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ

Տպել Տպել