Ֆրանսահայ համայնքը սպասում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի մշակմանը

Հրաչ Վարժ Ֆրանսահայ համայնքը սպասում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի մշակմանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն՝ անդրադառնալով նոր օրինագծի շուրջ ծավալվող գործընթացներին:

Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծից որևէ նորություն չկա, ավելին՝ Վալերի Բուայեի նախաձեռնությունն էլ սառած է:Ըստ նրա՝ ֆրանսահայ համայնքը դեռևս սպասում է, որ Ելիսեյան պալատի հանձնախումբը մշակի Ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը, ինչպես խոսք էր տվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենքսպասողական վիճակում ենք և հույս ունենք, որ առաջիկա երկու ամիսներիընթացքում անպայման փորձնական հայտարարություններ կլինեն նոր օրենքի կապակցությամբ, որից հետո երբ գործնական դառնա և օրակարգբերվի, ապա կհստակեցվի օրինագծի ներկայացման ձևն ԱԺ-ում»,- հույս հայտնեց Հրաչ Վարժապետյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաներկայացումը խորհրդարանում երկփեղկվածության պատճառ է դարձել: Թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահեցրել էր, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր, իրավական առումով ապահով օրինագիծ կմշակվի Ֆրանսիայի կառավարության կողմից, որպեսզի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի այն, Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող իր օրինագիծը, որը նախորդ տարի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում մերժված նախագծի կրկնությունն է։

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել