Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված

Մուրադ Փափազյան

Մուրադ Փափազյան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում` բոլոր հայաշատ քաղաքներում, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ (CCAF) Մուրադ Փափազյանը:

«Դեռևս հստակ չեմ կարող նշել, թե որ քաղաքներն են ընդգրկված լինելու կամ միջոցառումների շարքը ինչպիսին է լինելու, քանզի դա մենք հիմա պետության հետ միասին ենք համակարգում»,-ասաց Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները վերջերս ժողով են գումարել, որի ժամանակ տարբեր հարցեր են քննարկվել:

Խորհրդի համանախագահի խոսքով`ժողովի հիմնական թեմաներն են եղել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման և Ադրբեջանի իրական դեմքի բացահայտման հարցերը:

«Աշխարհը պետք է ճանաչի Ադրբեջանի իսկական դեմքը: Այդ երկիրը շարունակում է հակահայկական քարոզչությունը, ստի և կեղծիքի տարածումը և մեր նպատակն է ցույց տալ աշխարհին, թե ինչպիսին է այդ պետությունն իրականում»,-ընդգծեց Փափազյանը:

Նա նաև հայտնեց, որ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի կողմից Ֆրանսիայի Ազգային ժողովում փետրվարի 26-ին դասախոսություն է լինելու, իսկ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ` փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի հետ կապված բողոքի ցույց կկազմակերպվի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջև:

Ֆրանսիայի Ազգային ժողովը` 2011թ. դեկտեմբերի 22-ին, իսկ Սենատը` 2012թ. հունվարի 24-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագիծը, որը նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը ներկայացվելուց առաջ մի խումբ թուրքամետ պատգամավորների ջանքերով ներկայացվեց Սահմանադրական խորհուրդը եւ համարվեց հակասահմանադրական:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել