ԹՈՒՐՔԻԱ – Նախարարների փոփոխութեան իմաստը

TurqiaShabatakanԱնցեալ ուրբաթ, յունւարի 25-ին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը փոփոխութիւններ մտցրեց կառավարութեան դահլիճի նախարարների կազմում՝ փոխելով չորս նախարարների: Այսպէս՝

– Մշակոյթի եւ զբօսաշրջութեան նոր նախարար նշանակեց Օմար Չելիքին (քաղաքական ուժեղ դէմք եւ խորհրդարանի պատգամաւոր՝ Ադանայից, նա նաեւ ներկայ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան փոխնախագահն էր):

Չելիքը փոխարինեց Էրթուղրուլ Գունային, որը տարիներ եղել է Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարը, նա յայտնի է իր ձախ եւ հակակրօն հակումներով: Ասւում է, թէ Էրդողանը նրան գլխաւոր պաշտօն է առաջարկելու Իզմիրի նահանգում:

– Առողջապահութեան նախարար է նշանակւել Մեհմեդ Մուէզինօղլուն, որը փոխարինում է նախկին նախարար դոկտ. Ռեջեբ Աքդաղին:

– Ուսումնադաստիարակչութեան նոր նախարար է նշանակւել Նաբի Աւջըն, որը փոխարինեց Օմար Դինչերին:

Իսկ ամենակարեւորը…

Ներքին գործերի նոր նախարար է նշանակւել Մուամմեր Գիւլերը: Նա փոխարինում է ներքին գործերի նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինին:

Էրդողանի միջոցով նախարարների կազմում տեղի ունեցած այս փոփոխութիւններն ունեն իրենց իմաստը:
Ըստ թուրք եւ ոչ-թուրք քաղաքական փորձագէտների ու վերլուծաբանների՝ մի քանի իմաստ ունեն այս նոր նշանակումները: Նախ, չփոխելով արտաքին գործերի նախարար Դաւութօղլուին եւ մի քանի այլ ուժեղ դէմքերի (պետնախարարներ՝ Ալի Բաբաջանին եւ Բուլենթ Առընչին)՝ նշանակում է, թէ կառավարութիւնը անփոփոխ է պահում իր մօտեցումները՝ արտաքին քաղաքականութեան ու տնտեսական հարցերում:

Նաեւ ասւում է, թէ Էրդողանը պատրաստւում է 2014 թւականին Թուրքիայի նախագահական ընտրութիւնների համար, եւ քանի որ ինքն է ցանկանում դառնալ երկրի նախագահ, իր մի շարք ուժեղ դէմքերին ձերբազատելով նախարարների կազմից եւ ուղարկելով կարեւոր քաղաքներ ու շրջաններ՝ փորձում է այդ շրջաններում կայանալիք ընտրութիւնները արդիւնաւորել ի շահ իրեն:

Սակայն, նախարարների փոփոխութեան ամենահետաքրքիր բաժինը ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի պաշտօնանկ անելն է, յատկապէս այս օրերին, որ կառավարութիւնը բանակցութիւններ է վարում Թուրքիայի Քուրդական շարժման գլխաւոր դէմքերի հետ՝ վերջնականապէս լուծելու Թուրքիայի համար այդքան կարեւոր եւ գլխացաւանք դարձած Քուրդական հարցը:

Նախկին ներքին գործերի նախարար Շահինը յայտնի է իր ծայրայեղ ազգայնական մօտեցումներով, նա յայտնի է նաեւ իր հակաքուրդ ընթացքով, որը միշտ տագնապներ է ստեղծել կառավարութեան դահլիճում, Շահինը չսիրւած դէմք է նաեւ քուրդերի մօտ:

Ասւում է, թէ Էրդողանը ամիսներ է, որ խուսափում է նրա հետ հանդիպումներ ունենալուց: Շահինը բազմիցս տարբեր ելոյթներով ու առիթներով ստորացուցիչ արտայայտութիւններ էր ունեցել քուրդերի հասցէին, քուրդերին անւանելով տեռորիստներ եւ մաքսանենգներ՝ նա խոչընդոտում էր քուրդերին իրաւունքներ տալու հարցում: Էրդողանի միջոցով Շահին-Գիւլեր փոխարինումով նշանակում է մասամբ դրական մօտեցում՝ Քուրդական հարցին: Նորանշանակ նախարար Մոամմեր Գիւլերը Մարդին նահանգից է, որտեղ բնակւում են հոծ թւով քուրդեր, նա նաեւ կապեր ունի տեղի քուրդ համայնքի հետ եւ մօտկից ծանօթ է քուրդերին: Գիւլերը յայտնի է իր չափաւորական մօտեցումներով, եօթ տարի եղել է Ստամբուլի կուսակալ, նաեւ փոխտնօրէնն է եղել ներքին գործերի նախարարութեան անվտանգութեան բաժնի. նրա միջոցով են նշանակւել ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի պետերը՝ քուրդաբնակ շրջաններում:

Ի դէպ, Մոամմեր Գիւլերի անունը հոլովւում էր «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան գործով: Դինքի ընտանիքի փաստաբանները 2012 թւականին «սպանութիւնը հրահրելու եւ դրա կատարմանն, օգնելու», ինչպէս նաեւ «կանխամտածւած սպանութիւնը անփութօրէն չկանխելու» մեղադրանքով պահանջել էին դատավարութիւն սկսել Գիւլերի դէմ, սակայն դատարանը փակել էր գործը…:

Գիւլերը վարչապետ Էրդողանի վստահւած անձերից է համարւում: Այս նոր փոփոխութիւններով Էրդողանը իր վճռակամութիւնն է ցուցաբերել Քուրդական հարցը իր լուծմանը մօտեցնելու գործում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
«ԱԼԻՔ», 30 Յունուար 2013

Տպել Տպել