Ընտրությունների անիմաստությունն ապացուցելու համար անվավեր եմ դարձնելու քվեաթերթիկը

Armen111 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերին խոսելով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ ասել է, որ եթե խորհրդարանական հզոր ուժերը չեն մասնակցում ընտրություններին, ուրեմն ինչ-որ բան այն չէ, ժողովրդի 80 տոկոսը չի հավատում արդյունքներին, և բացի այդ՝ ընտրություններով վիճակ չի փոխվում: «Այս ամենի արդյունքում ընտրությանը մասնակցելը ինքնանպատակ է: Մենք չմասնակցելով՝ ավելի լավ ենք պայքարում և պայքարում ենք հիվանդությունը բուժելու համար, ցույց ենք տալիս արատները, որ կան ընտրական գործընթացների մեջ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ ՀՅԴ-ն իր համակիրներին հստակ ցուցումներ կտա, իսկ Ռուստամյանն անձամբ կգնա և բոլորին դեմ կքվեարկի. «Ընտրությունների անիմաստությունն ապացուցելու համար անվավեր եմ դարձնելու քվեաթերթիկը»: Իշխանությունը, նրա խոսքերով, բոյկոտի իրավական հիմքերը ևս վերացրել է՝ «բոլորին դեմ» նշումը հանելով:

Ռուստամյանն ասել է նաև, որ ՀՅԴ-ն լռության մեջ չէ, ակտիվ է և խոսում է ընտրությունների կեղծ ու ձևական լինելու մասին: Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերի այն հարցին, թե մինչև երբ է այսպիսի թշվառ վիճակում մնալու Դաշնակցությունը, Արմեն Ռուստամյանն ասել է. «Դաշնակցությունը երբեք թշվառ վիճակում չի լինի, եթե ժողովուրդը լավ վիճակում է: Այս վիճակից դուրս գալու համար ներկայացրել ենք առաջարկություններ: Պետք է նախագահական ընտրություների գնալ մեկ ծրագրով, մեկ թեկնածուով, և կլինի իրական ընտրություն»: Նա ասել է, որ ընտրությանը մասնակցողներն ավելի շատ մեղադրում են չմասնակցողներին, քան իշխանություններին, որ ստեղծել է այս վիճակը. «Մասնակցողները թող փոխեն, դաշտը թողել ենք կտրիճներին: Մեր էլեկտորատը չի ուզում ձևական մասնակցություն, ուզում է մեր մասնակցությամբ եղանակ փոխել»,-ասել է Արմեն Ռուստամյանն ու հավելել, որ չարժեր 10-15 տոկոսի համար մասնակցել ընտրությանը և էլեկտորատին հիասթափեցնել:

Ա. Ռուստամյանն ասել է նաև, որ թեկնածուները, ովքեր նախապես նշել էին, թե ընդունում են ՀՅԴ առաջարկած 7 կետերը, պետք է այդ դրույթները դարձնեին իրենց ծրագրային հենքը, այլապես ստացվում է, որ իրենք կողմ էին 7 կետերին՝ ՀՅԴ-ի սատարմանն արժանանալու համար:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունները, թե որոշ դաշնակցականներ աշխատում են իշխանական թեկնածուի օգտին՝ նախ նշելով, որ որևէ դաշնակցական որևէ թեկնածուի օգտին չի աշխատելու, իսկ իշխանության թեկնածուին սատարելը բացառվում է:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել