Քերին հայկական հարցերի վերաբերյալ ԱՄՆ քաղաքական գիծը փոխել չի կարող

Harut Փետրվարի 1-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը կլքի պաշտոնը՝ մինչ այդ հանդես գալով ԱՄՆ արտաքին քաղաքականության հեռանկարներին նվիրված ելույթներով: Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հաստատել էր Ջոն Քերիին պետքարտուղարի պաշտոնում, ուստի պետքարտուղարի պաշտոնը կստանձնի Ջոն Քերին: Ինչպես և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեպքում, Ջոն Քերիին ևս շնորհավորական ուղերձ կհղեն Ամերիկայի հայ համայնքի ղեկավարները՝ նույն նամակում ներկայացնելով ԱՄՆ հայ համայնքին և հայ ազգին հուզող հիմնախնդիրները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՄՆ–ում հրատարակվող «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը հիշեցրեց, որ Ջոն Քերին քսան տարի և ավելի ԱՄՆ Սենատի անդամ է եղել՝ ընտրված Մասաչուսեթս հայաշատ նահանգից: Ուստի, Սասունյանի հավաստիացմամբ, նա ծանոթ է հայերի խնդիրներին և Սենատում երկարամյա իր աշխատանքի ընթացքում նպաստավոր դիրք է ունեցել Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի հիմնախնդիրներում:

«Հիմա գալիս է մի պաշտոնի, որը ԱՄՆ-ի և աշխարհի համար կարևոր մի պաշտոն է: Մենք ակնկալում ենք, որ նա դրական դիրքորոշում կունենա հայկական հարցերի վերաբերյալ, բայց նաև զգուշավոր ենք, որովհետև ինքը չի կարող անձնական որոշումներ կայացնել՝ անտեսելով ԱՄՆ կառավարության որոշումը: Փոքր հարցերում կարող է իր դրական դերակակատարությունն ունենալ, բայց չի կարող հայկական հարցերի վերաբերյալ ԱՄՆ քաղաքական գիծը փոխել»,- տեսակետ հայտնեց Հարութ Սասունյանը:

Անդրադառնալով վերջին տարիներին ամերիկահայ համայնքի նկատմամբ ԱՄՆ ղեկավարության վարած քաղաքականությանը՝ նա ասաց, որ այս տարիներին շատ դառը փորձառություն ունեն, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամերիկահայ համայնքին հայկական հարցերի առնչությամբ խոստումներ են տվել, սակայն խուսափել են անդրադառնալ այդ խոստումներին: Արդյունքում, Սասունյանի խոսքերով, ամերիկահայ համայնքը գրեթե ոչինչ չի ստացել: Ուստի մտավախություն կա, որ Քերիի պարագայում նույն բանը կկատարվի: «Մեծ ակնկալիքներ ունենալու դեպքում հնարավոր է, որ մեր հույսերը խորտակվեն»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչն է ԱՄՆ հայ համայնքի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը, նա պատասխանեց, որ
երկրում տեղի ունեցող ցանկացած երևույթի պատասխանատուն տվյալ երկրի նախագահն է: Սակայն, նրա խոսքերով, ԱՄՆ կառավարությունը ոչ թե հակահայ, այլ թրքանպաստ քաղաքականություն է վարում: «Ստանձնելով իր պաշտոնը՝ նախագահ Օբաման ենթարկվեց ԱՄՆ կառավարության այդ թրքանպաստ քաղաքականությանը: Մեր չար բախտից, հարցն այն է, որ Օբաման անձնապես շատ ջերմ մտերիմ կապեր է հաստատել Էրդողանի հետ և Թուրքիան դիտարկում է՝ որպես կարևոր երկիր Միջին Արևելքում, ուստի չի ցանկանում որևէ կերպ թուրքերին վշտացնել: Թեև մենք չենք ակնկալում, որ Քերին Ամերիկայի քաղաքականությունը կփոխի, իմ անձնական հույսն այն է, որ փոքր հարցերում կկարողանա բարյացակամ և ազնիվ վերաբերմունք ցուցաբերել՝ հանդիպելով հայ համայնքի ղեկավարների հետ, նուրբ վարվելով նրանց հետ»,- նշեց Հարութ Սասունյանը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել