Նրանք իրենց շրջապատն ունեն, մենք` մերը

մենք Կներեք անհամեստության համար, բայց որպես սկիզբ պետք է ինքս իմ խոսքը մեջբերեմ:

Իմ վերջին հոդվածներից մեկը (այն կոչվում էր «Հռետորական հարց» և գրվել էր մի քանի շաբաթ այն դեպքերից առաջ, երբ մեր քաղաքական սրահներում սկսեցին կրքերը եռալ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի կապակցությամբ, և հասարակությունն ապրում էր գոնե ինչ-որ հասարակական զարթոնքի հույսով, երբ լրջորեն կարծիքներ էին բախվում և նիզակներ կոտրվում այն թեմայի շուրջ, թե արդյոք լայնաթիկունք օլիգարխն իր թեկնածությունը կառաջադրի՞, թե ոչ) ես ավարտել էի կարճ նախադասությամբ. «Իրար թաթ չեն վնասի»:

Այն մասին, որ հենց այդպես էլ ստացվել է, ինչպես նաև մեր հասարակական շրջակա միջավայրի դատարկման բարոյական ու քաղաքական հետևանքների մասին մենք արդեն զրուցել ենք նախորդ համարում: Ճիշտ է՝ մեկ հարց բաց է մնացել` իսկ մենք ի՞նչ պետք է անենք: Բայց մինչ մենք կզինվենք քաջությամբ` այդ հարցին պատասխանելու համար, եկեք նախևառաջ հասկանանք, թե ովքեր ենք «մենք»: Այն, որ մեր հասարակությունն ամենևին էլ միատարր չէ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Միատարր հասարակություններ առհասարակ չեն լինում, նույնիսկ բանտում, նույնիսկ գերեզմանոցում: Զանազանությունը տարբեր կերպ է արտահայտվում. ամենուրեք կա սոցիալական բաժանում, պարզ ասած՝ կան հարուստներ և աղքատներ, բնակչության տարբեր շերտերի միջև նկատելի է նաև կրթամշակութային անդունդը: Աշխարհի որոշ վայրերում դեռ նկատվում են ռասայական, դասակարգային, խավային բաժանումներ:

Եվ ամենուրեք հասարակության հատվածների բազմազանությունը դրսևորվում է վարքագծային տարբերություններում, կենցաղային մանրուքներում, համանման իրավիճակների հանդեպ տարբեր արձագանքներում, մշակութային տարբեր նախասիրություններում, նույնիսկ առոգանության մեջ:

Բայց որքան էլ մեզ այդ տարբերությունները խոր չթվան՝ իրականում դրանք միանգամայն պայմանական են, քանի որ չեն խախտում գլխավորը` ազգային աշխարհընկալման միասնականությունը:

Չնայած կան նաև բացառիկ դեպքեր` հյուսիսային իտալացիները (Լոմբարդիա, Լիգուրիա, Պիեմոնտ) եվրոպական ազգ են, իսկ հարավային իտալացիները (Սիցիլիա, Կալաբրիա, Կամպանիա) մերձավորարևելյան տեսակի ժողովուրդ են` մեզ նման: Այստեղ մենք տեսնում ենք, որ պատմության քմահաճույքով մեկ ազգի մեջ մտած էթնիկ խմբերի բացարձակապես տարբեր մտածելակերպերը բաժանվում են աշխարհագրական սահմանով:

Իսկ մեզանո՞ւմ: Հայերը, բնականաբար, նույնպես բացառիկ դեպք են: Իհարկե պետք է հաշվի առնել, որ մեր հասարակության մեջ ավանդական ներքին սահմանները հասարակության զարգացման հետևողական փուլերով չեն գծված. դրանք պատմական բազմաթիվ ողբերգությունների սպիացած հետքերն են: Բայց արևելյան և արևմտյան հայերի, ինչպես նաև ազգագրական մյուս խմբերի (ղարաբաղցիների, վանեցիների, պարսկահայերի, լոռեցիների և այլն) միջև պատմաաշխարհագրական տարբերությունները, որոնք քննարկվում են լայն շրջանակով` սոցիոլոգիական հետազոտություններից մինչև անեկդոտներ, իրականում այնքան էլ խոր չեն, հետևաբար այնքան էլ վտանգավոր չեն: Ինձ շատ ավելի մտահոգում է հենց Հայաստանի ներսում՝ մանավանդ մայրաքաղաքում վարքագծային տարբեր մշակույթների միջև աստիճանաբար խորացող տարբերությունը:

Գիտնականները վարքագծային մշակույթը սահմանում են որպես մարդու կենսահոգեբանական-սոցիալական հատկանիշների և անհատական որակների միասնություն: Դրա միջոցով են արտահայտվում մշակույթի մյուս տեսակները` հոգևոր, ընտանեկան, տարածաշրջանային, սանիտարահիգիենիկ, հաղորդակցական և այլն: Այսինքն չարժե խորանալ բարդ թեմաների մեջ: Պարզապես հիշենք մեր առօրյայի մի քանի սովորական տեսարաններ, և «վարքագծային խորթ մշակույթ» հասկացությունը միանգամայն ընկալելի կդառնա:

Սկսե՞նք.

– չսափրված կերպարներ, որոնք իրոկեզների վոժդերի կեցվածքով ժամերով պպզած են մայթերի մեջտեղում, արևածաղիկի սերմ են չրթում և թքում ասֆալտին,

– ծանրամարմին մայրիկներ, ովքեր ասես հնդկական կինոներից են դուրս եկել և ի լուր բոլորի՝ ճղճղոցով դաստիարակում են իրենց գոռացող, կամակոր զավակներին,

-սղալած, բայց չլվացած մազերով մատուցողներ, ովքեր ամենևին էլ չեն բարդութավորվում իրենց թևատակերի սանիտարահիգիենիկ վիճակի պատճառով,

– ուսանողուհիներ, վաճառողուհիներ և քարտուղարուհիներ՝ պոռնիկի հագուստներով, գռեհկորեն շպարված դեմքերով և տասնհիգսանտիմետրանոց կրունկներով,

– տաքսու վարորդներ, որոնց մեքենաների սրահներն այնքան կեղտոտ են՝ նստատեղերին կարելի է թերևս միայն կանգնել,

– սանձարձակ պատանիներ, ովքեր ինքնահաստատվում են` սրճարանում հանդիպած աղջիկների բարեմասնությունների կապակցությամբ լկտի քրքիջով և անհոդաբաշխ հիացմունքով,

– թաղային պզուկոտ հեղինակություններ, ովքեր երազում են աճել մինչև գողականի կոչումը, որը շատ ավելի է գնահատվում, քան պրոֆեսորինը,

– նրանց հասակակիցները, ովքեր ամեն հանդիպման ժամանակ համբույրներ ու գրկախառնություններ են փոխանակում և հալվում` ստորգետնյա անցումներում ադրբեջանական մուղամ լսելիս, որը նրանք հայրենասիրաբար համարում են մեր ժողովրդական երաժշտությունը,

– նրանց հայրերը, ովքեր նույնպես հալվում են դեռատի այն հայ օրիորդների տեսքից, ովքեր այնպես են պորտապարի պարում` կարծես քրիստոնեական հարսանիքում են,

– ինքնաթիռների ուղևորները, ովքեր բարձրաձայն և մեծամտորեն ամբողջ սրահով մեկ պատմում են, որ իրենք հիմա «սիթիզըններե են և «ինշուրանս ունեն, բայց ամեն առիթով կոպտում են ուղեկցորդուհուն,
– էստրադային կապկումների ինքնահռչակ աստղերը, ովքեր իրարով և իրենց սեփական մեծությամբ հիանում են ամերիկյան Wow բացականչությամբ,

– «կրուտոյ» սափրագլուխները` իրենց անընդգրկելի վզերին կապած ոսկե շղթաներով ու խաչերով,

– նրանց հաստափոր շեֆերը` թանկարժեք կոստյումներով, ովքեր միանգամայն վստահ են, որ «կոստյում» բառը նշանակում է «պիջակ»,

-մյուս շեֆերը, ովքեր վայրկյանը մեկ գրպաններից հանում են Օքսֆորդի համալսարան տարեկան ուսման վարձին համարժեք գնով բջջային հեռախոսները, բայց չեն կարողանում դրանով որևէ լեզվով sms ուղարկել կամ ստանալ,

– և երրորդ շեֆերը, ովքեր նստած են` մի փոքր առանձնատան մեծություն և գին ունեցող ավտոմեքենաներում,
ովքեր ապշած են իրենց սեփական հաջողությամբ, բայց միաժամանակ բաց բերանով ծամոն են չփչփացնոմ… այսինքն քի՞չ մարդ կա, ում որսում է մեր` արդեն ամեն ինչին սովոր հայացքը՝ մեր հարազատ ծայրագավառում:

Նման օրինակներ կարելի է տասնյակներով բերել, և ցանկը միևնույն է՝ ամբողջական չի լինի:

Մինչդեռ կա բավականին տարածված կարծիք, թե վարքագծային մշակույթ ասվածը հենց ազգային բնավորությունն է: Եվ այն օրինակները, որոնք ես բերեցի, վկայում են վարքագծային մշակույթի նոր նորմերի հայտնվելու և ամրանալու մասին, դրանք ագրեսիվորեն դուրս են մղում մյուսներին, դառնում են գերակա և իրոք սկսում են ձևավորել ազգային բնավորությունը:

Բայց ես սոցիոլոգ չեմ ու չեմ հավակնում վերլուծական հոդված գրել, պարզապես ուզում եմ հարցնել ձեզ, սիրելի ընթերցողներ, ձեր մեջ կա՞ն այնպիսիները, ում, ինչպեսև ինձ, սիրտ խառնելու աստիճանի տհաճ են մեր համաքաղաքացիներից շատերի ժամանակակից վարքագծային մշակույթի վերոհիշյալ դրսևորումները: Եթե այդպիսիք կան, ապա դա հասարակության հենց այն մասն է, որին ես դասում եմ ինքս ինձ և բոլոր նրանց, ովքեր ինձ համար թանկ են և հարազատ, հենց նրանց եմ ես անվանում այդ տարողունակ բառով` «մենք»: Այդ «մենք» աստիճանաբար քչանում է, քանի որ մեզ համար խորթ վարքագծային մշակույթը համառ է, կպչուն և տարածվում է հրդեհի արագությամբ՝ դուրս նետելով այն, ինչը եղել է կամ էլ այն, ինչը կարող էր լինել, եթե…

Եթե ի՞նչ: Այդ մասին մենք կխոսենք հետագա համարներում: Հենց մինչև ընտրություններ էլ կհասցնենք:

Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»

Տպել Տպել