Եթե նույնիսկ նոր ընտրություններ նշանակվեին, մենք թեկնածու չէինք առաջադրի, որովհետև բան չի փոխվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

– Պարոն Ռուստամյան, ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին որոշեց թեկնածու չառաջադրել, բայցև չբացառեց, որ մինչև ընտրություններն իր ընտրողներին ու համակիրներին կուղղորդի քվեարկել որևէ թեկնածուի օգտին: Քարոզարշավից արդեն երկու շաբաթ է անցել, որոշե՞լ եք, թե ինչ եք անելու:

– Դա մենք կանենք ընտրությունների նախաշեմին, շտապելու կարիք չկա: Կլինի հայտարարություն, որի հիմնական տրամաբանությունը կբխի մեր Գերագույն ժողովի այն հայտարարությունից, թե բացառելով գործող նախագահին աջակցելը՝ կողմնորոշել կառույցին և համակիրներին: Ես ասել եմ, որ պետք է ընդգծենք այս ընտրությունների անվավերությունը՝ պետք է անվավեր դարձնենք քվեաթերթիկը: Եթե լիներ բոյկոտի քաղաքական գործիքը՝ բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը, ճիշտ կլիներ, որ ընտրազանգվածին ուղղորդեինք այդ տարբերակին: Երբ ընտրողների կեսից ավելին բոլորին դեմ է քվեարկում, քվեարկությունը համարվում է չկայացած: Դժբախտաբար, դա մենք չկարողացանք ամրագրել Ընտրական օրենսգրքի մեջ: Մնում է «բոլորին դեմ»-ը գրել քվեաթերթիկի վրա, որ այն դառնա անվավեր: Դա նույնպես մասնակցության ակտիվ տարբերակ է: Եվ ես կարծում եմ, որ մենք մեր թանկ ընտրողներին չպետք է այնքան հիասթափեցնենք, որ նրա քվեարկությունը համարվի անիմաստ: Եթե մենք ուզում ենք ժողովրդավարական Հայաստան ունենալ ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ուրեմն մեր ընտրողը պետք է վարժվի, որ իր քվեն իսկապես ուժ է և այն օգտագործի իր ճակատագիրը որոշելու համար:

– Այսինքն` ՀՅԴ-ն ընտրություններից մի քանի օր առաջ իր կառույցներին և համակիրներին հորդորելու է գնալ ընտրության և քվեաթերթիկին գրել «բոլորին դեմ եմ» արտահայտությո՞ւնը, որ այն դառնա անվավեր:

– Ես իմ տեսակետն եմ ասում, բայց կարող է հայտարարությունը հնարավորություն տա բացառել գործող նախագահին ընտրելը, սակայն ազատ քվեարկել մյուս թեկնածուների օգտին:

– Հրապարակումներ կան, թե ՀՅԴ-ն մարզերում հանդիպում է իր կառույցների հետ և նրանց հանձնարարում իր ընտրողներին հորդորել քվեաթերթիկի վրա գրել «բոլորին դեմ եմ»:

– Ճիշտ են այդ տեղեկությունները, հանդիպում ենք մեր կառույցների հետ, բացատրում ենք նախ մեր կարծիքը: Մեր Գերագույն ժողովի տրամաբանությունն այն էր, որ չմասնակցելը չի նշանակում մի կողմ քաշվել կամ ընդհանրապես հրաժարվել պայքարից: Չմասնակցելը պայքարի ձև է: Դա պետք է արձանագրի այն հիմնական բացերը, որ գոյություն ունեն ընտրական գործընթացների մեջ: Եվ դա ազդակ է` ուղղված մեր ընտրողներին, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունը բերի դրան, և կարողանանք վերացնել այս հիասթափությունը: Բայց դա նաև ուղղված է իշխանություններին, որ հասկանան, թե իրենց տոկոսների մեծությունը չի որոշում ժողովրդի բարօրությունը: Եթե տոկոսներն աճում են ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, դա պարզապես չի անդրադառնում երկրի իրավիճակի փոփոխության վրա: Եթե այդպես լիներ արտագաղթն այս տեմպերով չէր շարունակվի:

– Իսկ միգուցե այս անգամ ազատ-արդար ընտրություններ են տեղի ունենալու: Ինչո՞ւ եք կանխակալ վերաբերմունք արտահայտում:

– Աչքը տեսածից է վախենում: Մեր աչքը դա է տեսել և, դժբախտաբար, տեսել է ընտրությունից ընտրություն ընտրական կեղծ համակարգի ամրապնդում, որը ծառայել է իշխանությունների վերարտադրմանը: Իրական ընտրազանգվածը նվազել-հասել է շուրջ 20 տոկոսի: Այս պայմաններում ընտրություններին մասնակցելը համարել ենք անիմաստ:

– Իսկ ինչպե՞ս պետք է ընտրական գործընթացները մաքրեք կեղծիքներից, եթե ընտրություններին չեք մասնակցում:

– Նախ պետք է մեր հասարակությանը բերենք այն գիտակցությանը, որ լավագույն ճանապարհը հայրենիքը թողնել-գնալը չէ, այլ հասկանալ, որ միավորվենք այն նպատակների շուրջ, որոնք իսկապես այս երկիրը ճիշտ ուղու վրա կդնեն, և մեր մասնակցությամբ նպաստենք, որ այդ գործընթացը տեղի ունենա: Եթե մեր ընտրողին այս գիտակցությանը չբերենք, ընտրությունների միջոցով ոչինչ հնարավոր չէ կատարել: Ընտրողը պետք է գիտակցված չտրվի անօրինական ճանապարհով իր ընտրական իրավունքից իրեն օտարելու և հետընտրական իրավունքից զրկելու ճնշումներին:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՍԴ չդիմելու՝ Պարույր Հայրիկյանի որոշմանը:

– Ուրեմն չկար անհաղթահարելի խոչընդոտ, որ չի դիմել: Պ. Հայրիկյանն ինքն է նույնացրել այս ընտրական գործընթացը իր հիվանդանոցում գտնվելու հետ: Նա համարել է, որ կարելի է դեռ գնահատել՝ դա քարոզչության վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունեցել: Ուրեմն` նշանակում է, որ դրական է եղել:

– Մեկնաբանություններ եղան, որ այդ մահափորձի հետևում այն ուժերն են, որոնք թեկնածու չեն առաջադրել: Այսինքն` այդպիսով այդ ուժերը նպատակ են ունեցել չեղյալ համարել ընտրությունները և նոր ընտրություններ նշանակել, որ իրենք էլ կարողանան թեկնածու առաջադրել: Այդ ուժերից է նաև Դաշնակցությունը:

– Դա շատ միամիտ մոտեցում է և նպատակ ունի շեղելու իրական բացահայտման գործընթացը: Ուզում են ամենահեշտ վարկածներն առաջ քաշել և հիմնականում սլաքն ուղղում են գլխավոր հակառակորդներին: Իսկ այն ուժերը, որոնք չեն մասնակցում ընտրություններին, գիտեն, թե դրանց ելքի կանխորոշվածությունն ինչով է պայմանավորված: Պայմանավորված է իշխանական ռեսուրսի անվերահսկելի և անսանձ օգտագործմամբ և ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրաստիճան անվստահությամբ: Թող մեկն ինձ բացատրի, որ եթե որևէ ոչ իշխանական թեկնածու այս կամ այն պատճառով դուրս է գալիս ընտրապայքարից, ինչո՞վ պետք է կանխորոշվածությունը փոխվի: Ի՞նչ տարբերություն` ընտրությունները կլինեն մարտի՞ն, ապրիլի՞ն, թե՞ փետրվարին: Ուրեմն` շատ միամիտ է մտածել, որ այդ քաղաքական ուժերը դրանում ինչ-որ շահագրգռվածություն ունեն: Մենք չենք փոշմանել: Եթե նույնիսկ նոր ընտրություններ նշանակվեին, մենք թեկնածու չէինք առաջադրի, որովհետև բան չի փոխվել:

Արմինե Ավետյան

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել