Կիրո Մանոյան. Արևմուտքի ճնշումը Թուրքիային կարող է դրդել վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո/arminfo.am/ լրատվական գործակալությանը

-Օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև: Պալատի անդամ Ջոնաթան Հեթչի ներկայացրած փաստաթղթում, մասնավորաապես, ներառված է ԼՂՀ ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու կոչ ԱՄՆ նախագահին և Կնոգրեսին: Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկար ունի այդ գործընթացը:

-Նման քայլերն անցկացված աշխատանքի օրինաչափ արդյունք են և բնավ` ոչ ինքնաբուխ քայլ: Ի դեպ, Մասաչուսեթսից առաջ մայիսին համանման բանաձև էին ընդունել Ռոդ Այլենդի օրենսդիրները, ինչը նույնպես չափազանց կարևոր է ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացի համար: Ադրբեջանցիներն, անշուշտ, փորձում են մխիթարվել այն բանով, որ նման բանաձևերը չեն կարող ազդել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա, այդուհանդերձ, արդեն պարզ է, որ, նույնիսկ, եթե նման քայլերը չնպաստեն Արցախի դե-յուրե ճանաչմանը, ԱՄՆ քաղաքական շրջանակներում ձևավորվում է ԼՂՀ անկախության ճանաչմանն արդեն փաստացի աջակցություն հայտնած հանրություն: Եթե սրան զուգընթաց մենք հաշվի առնենք նաև ԱՄՆ մի շարք կոնգրեսականների դրական գնահատականն Արցախի վերջին նախագահական ընտրություններին, ովքեր Բակո Սահակյանին շնորհավորել են վերընտրման կապակցությամբ, կտեսնենք, որ այդ գնահատականը լրացուցիչ հիմք է տալիս Ղարաբաղի ճանաչման գործընթացին: Նման քայլերը չափազանց կարևոր են այն բանի համար, որպեսզի Ադրբեջանը, վերջապես, գիտակցի, որ ինքը չի կարող երկար ժամանակ բանակցային գործընթացը պահպանել որպես սեփական քաղաքական անհեռատեսության պատանդ: Այժմ Բաքվում կարծում են, թե քանի դեռ Ադրբեջանը համաձայնություն չի տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այս կամ այն տարբերակին, խնդրի լուծում` որպես այդպիսին, չի լինի: Մինդեռ արդի աշխարհում դա ամենևին էլ այպես չէ, և Ղարաբաղը նախադեպ չէ այդ իմաստով: Կան բազմաթիվ օրինակներ, երբ ապարդյուն բանակցություններից հետո միջազգային հանրության մի մասը միակողմանի ճանաչել է այս կամ այն չճանաչված, սակայն դե-ֆակտո գոյություն ունեցող պետության անկախությունը: Հենց այդ պատճառով այդ գործընթացի շարունակումը չափազանց կարևոր է, և որքան շատ նման քայլեր ձեռնարկվեն ԱՄՆ-ում և այն երկրներում, որտեղ կան կառավարման ավելի փոքր միավորներ, քան պետությունը, այնքան ավելի արագ մենք կհասնենք մեր նպատակին, այսինքն, ԼՂՀ ճանաչմանը որպես անկախ պետություն:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի պարագայում գործարկվի Ձեր հիշատակած Կոսովոյի տարբերակը:

-Հայաստանն, առաջին հերթին, Ադրբեջանին պետք է հասկացնի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել: Հայաստանն այսօր դա չի անում, սակայն, դա անում է Ադրբեջանը, ինչը դրսևորվում է ուժի կիրառման սպառնալիքների տեսքով: Ի հակակշիռ այդ ռազմաշունչ սպառնալիքների` Հայաստանը պետք է Ադրբեջանին ակնարկի, որ միջազգային հանրությունը կարող է միանգամայն այլ մոտեցում ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դրանով իսկ Հայաստանը կխոչընդոտի Ադրբեջանի և որոշ այլ երկրների կողմից բանակցային գործընթացի օգտագործմանն ընդդեմ ԼՂՀ անկախության ճանաչման: Մենք համոզված ենք, որ վերջին 12 տարիներին Լեռնային Ղարաբաղի անկախության սկզբունքի կիրառումը բանակցային գործընթացում հնչող հիմնական բովանդակությունն է: Հետևաբար, ԼՂՀ անկախության ճանաչումը ոչ միայն ամենևին չի հակասի գործընթացին, այլև Բաքվին կստիպի փոքր-ինչ ավելի լրջորեն վերաբերվել բանակցություններին: Ես խոսում եմ այլ երկրների մասին, քանի որ, հակառակ դեպքում, արդեն վաղուց բազմաթիվ երկրներ ճանաչած կլինեին Ղարաբաղի անկախությունը: Երևանը նույնպես պետք է համաշխարհային հանրությանը հստակ հասկացնի, որ, չճանաչելով ԼՂՀ դե-յուրե, Հայաստանը վաղուց այն ճանաչել է դե-ֆակտո, բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կնքման ճանապարհով` Ադրբեջանի կողմից այդ թեմայի տարափոխումը բացառելու նպատակով:

-Ադրբեջանից և Թուրքիայից բացի Դուք ո՞ր երկրներն ի նկատի ունեք, խոսելով այն երկրների մասին, որոնք ԼՂՀ անկախության ճանաչում չեն ցանկանում:

-Ես խոսում եմ այլ երկրների վրա ազդեցություն ունեցող երկրների մասին: Ընդ որում, նրանք բոլորը հետապնդում են սեփական ազգային շահերը` ձգտելով պահպանել ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացիներին:

-Մի երկու ամիս առաջ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտարարեց, որ իր երկիրն ուսումնասիրում է ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը, ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շրջագայության մեկնեց Լատինական Ամերիկայի երկրներ, որը դարձավ այդ երկրների ՙնվճաման՚ շարունակությունը` հայ համայնքներին հակակշիռ ստեղծելու նպատակով: Արդյո՞ք այսօր կարելի է լրջորեն խոսել Լատինական ամերիկայի երկրների կողմից ԼՂՀ ճանաչման հեռանկարի մասին:

-Նույնիսկ մեկ երկրի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն, անկասկած, կնպաստի այլ երկրների կողմից այդ գործընթացի շարունակմանը: Ադրբեջանի քաղաքականությունը Լատինական Ամերիկայի երկրներում վերջին ժամանակներն իրոք աշխուժացել է, սակայն հարկ է նշել, որ Բաքուն այնտեղ գործուն կերպով աշխատում է բոլոր վերջին տարիների ընթացքում, ընդ որում, աշխատում է Անկարայի հետ համատեղ: Այդ գործընթացն առնչվում է, առաջին հերթին, ազդեցիկ հայկական համայնքներ ունեցող երկրներին: Առայժմ մենք չենք տեսնում Երևանի համարժեք պատասխան Բաքվի այդ ճիգերին: Ադրբեջանը ներդրումներ է ուղղորդում այդ երկրներ, մասնակցում նավթագազային նախագծերի, իր համար ստեղծելով պլացդարմ տարածաշրջան լիարժեք քաղաքական և տնտեսական ներթափանցման համար: Մինդեռ Հայաստանը, բավականին լայն դիվանագիտական խողովակներ ունենալով հենց նույն Արգենտինայի հետ, դրանք լիովին չի օգտագործում: Լատինական Ամերիկան չափազանց կարևոր է Հայաստանի համար մի շարք պարամետրերով, առաջին հերթին, իր ձայներով միջազգային կառույցներում, և Ադրբեջանն ու Թուրքիան դա հրաշալի գիտակցում են: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը նույնպես դա հասկանա և, վերջապես, գործարկի եղած բավականին մեծ հնարավորություններն ու ներուժը:

-Քաղաքացիական պատերազմը Սիրիայում, Իրանի դեմ նախապատրաստվող պատերազմը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի բեկման փորձերի վկայություն են: Արդյո՞ք հայ-թուրքական արձանագրությունները կարող են կրկին արդիականանալ Վաշինգտոնի կամ Անկարայի աչքում` հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխվող իրավիճակը:

-Չեմ կարծում, թե Արևմուտքի ճնշումը կարող է ուղղակիորեն Թուրքիային դրդել վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները: Ընդ որում, ստեղծվող պայմաններում հայ-թուրքական գործընթացն անուղղակիորեն ունի արդիականացման բոլոր հնարավորությունները` որպես հնարավոր քայլ: Եթե ԱՄՆ-ի ու Եվրոպայի ճնշումը Թուրքիայի նկատմամբ դարձյալ սկսի մեծանալ, ինչը պայմանավորված կլինի սիրիական հակամարտությունում վերջինիս մեծացող դերով և այն համահարթելու Արևմուտքի ձգտմամբ, Անկարան ստիպված կլինի, անկախ այժմ սառեցված արձանագրությունների վիճակից, 2015 թվականի նախաշեմին որոշակի քայլերով մեղմել այդ ճնշումը: Անկարան, անշուշտ, կարող է այդ նպատակով հանկարծ վերացնել Հայաստանի շրջափակումը, սակայն նույնքան անսպասելի կարող է դարձյալ շրջափակել: Եվ մեք միշտ պետք է այդ մասին հիշենք: Ընդ որում, հազիվ թե Իրանի դեմ այժմ պատերազմ սկսվի` այդ հասկացության դասական իմաստով: Արևմուտքն ինքն այժմ մտորումների մեջ է Իրանի դեմ հետագա քայլերի առնչությամբ, ինչի մասին վկայում են ԱՄՆ գործողությունների դանդաղկոտությունը, Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա և այլն: Լիբիան հիանալի օրինակ է այն բանի, թե ինչի կարող է հանգեցնել անկառավարելի հեղափոխությունը, և Արևմուտքում այդ օրինակը, կարծում եմ, ի գիտություն են ընդունել: Ընդ որում Իրանում սիրիական սցենարի իրագործումը նույնպես քիչ հավանական է մի շարք ծանրակշիռ պատճառներով: Ուստի առավել հավանական է, որ Իրանի դեմ կիրառվեն հրթիռառմբային հարվածներ` եթե, ընդհանրապես, ինչ-որ բան կիրառվի: Սակայն, ամեն դեպքում, բոլոր այդ տարածաշրջանային փոփոխությունները կարող են դառնալ Անկարայի նկատմամբ ճնշման պատճառ: Եթե Թուրքիան ունենար այդ հնարավորությունը, նա, օրինակ, վաղուց իր բանակը Սիրիա կմտցներ ՆԱՏՕ-ի քողի ներքո: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա չպատահեց: Ուստի ես կարծում եմ, որ Արևմուտքը միշտ պատճառ կունենա սզպելու ՆԱՏՕ-ի գծով թուրք գործընկերների աճող ախորժակը:

-Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց սիրիահայերին ընդունելու, նրանց Արցախում անվճար ուսման հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև նրանց բնակության պայմաններ ապահովելու հանրապետության պատրաստակամության մասին: Ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների առջև բարձրացրեց Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի վերաբնակեցման անօրինականության հարցը: Արդյո՞ք Արցախի ազատագրված տարածքների բնակեցումը սիրիահայերով կարող է խթան դառնալ ԼՂՀ գլոբալ ժողովրդագրական ծրագրի իրագործման համար:

-Այսօր հայության համար անմիջական թիվ մեկ խնդիրը սիրիահայերի անվտանգության ապահովումն է: Համոզված եմ, որ Սիրիայում կան հայրենակիցներ, ովքեր տվյալ պահին ցանկանում են հեռանալ երկրի սահմաններից: Սակայն նրանք, անկասկած, այն մեծամասնությունը չեն, որը ձգտում է խաղաղության, կայունության և հանգիստ կյանքի սեփական երկրում: Ես հասկանում եմ Սիրիայից հյուրերի ընդունելու ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը, սակայն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չի լինի Հալեպում կործանման եզրին հայտնված մարդուն ընդունել Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության համար, քանի որ մենք չգիտենք, թե արդյոք նա վաղն այնտեղ կմնա: Այսինքն, սիրիահայերի հայրենադարձման և անվտանգության հարցերը միմյանցից լիովին պետք է առանձնացվեն: Իսկ հայրենադարձներին աջակցել, անշուշտ, հարկավոր է: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների բնակեցմանը, ապա հասկանալի է, որ եթե ԼՂՀ բնակչությունը կազմեր 300-500 հազար մարդ, ապա բանակցային գործընթացի հայկական կողմը Բաքվի հետ կխոսեր միանգամայն այլ լեզվով: Այսօր միջազգային հանրությունը հասկանում է նախկին ԼՂԻՄ տարածքում հայերով բնակեցված անկախ պետություն հռչակելու հայության ցանկությունը, սակայն չի հասկանում նոսրաբնակ ազատագրված տարածքները ԼՂՀ-ին միացնելու ցանկությունը: Մենք` հայերս, նրանց հասկանում ենք, սակայն ոչ բոլորն են նրանց հասկանում այնպես, ինչպես մենք: Հետևաբար, հարկավոր է անել այնպես, որպեսզի արցախցիները բացահայտ կերպով կարողանան սեփական տարածքները բնակեցնել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Եվ այդ տարածքների բնակեցումը, անշուշտ, կդառնա հայկական կողմի լրացուցիչ լծակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: 1992-93 թթ. ի վեր մենք բոլոր բանակցություններում, և ոչ միայն` Ղարաբաղի շուրջ, ձգտել ենք մեր մասին լավ տպավորություն թողնել: Այսօր դա վերածվել է արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկի, և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են արևմտյան գործընկերների դժգոհությունից խուսափելու համար: Տարածքների բնակեցման հարցը հենց նման հարցերից մեկն է: Եթե մեր իշխանությունները վստահ լինեին սեփական ժողովրդի աջակցությանը, նրանք դրսում լավ կարծիքի կարիք չէին ունենա: Դժբախտաբար, մեր իշխանությունները նման աջակցություն չեն վայելում, հետևաբար, Ղարաբաղի շուրջ շարունակում է պահպանվել նման իրավիճակ, որը չի բխում հայության շահերից:

Դավիթ Ստեփանյան

Տպել Տպել