Նախագահական ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ի որոշումը՝ հինգշաբթի օրը

Արմեն-Արսեն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը կհայտարարի նախագահական ընտրությունների հետ կապված իր վերջնական որոշումը:

ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, թե խոստացված ժամկետում իրենց ընտրողներին և համակիրներին ուղղված հայտարարություն-կոչը կհրապարակվի:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն որևէ թեկնածուի չի սատարում: Նաև հայտարարել էր, թե կհետևի նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ծրագրերին, որից հետո նոր կհայտարարի՝ իր ընտրողներին կուղղորդի՞ ընտրել որևէ մեկին, թե՞ այլ տարբերակ կընտրի: ՀՅԴ-ն չէր բացառել նաև ընտրություններին ընդհանրապես չմասնակցելու մասին:

Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ժամանակի» հետ զրույցում ասել էր, թե իրենք մարզերում հանդիպում են իրենց կառույցների հետ և բացատրում, որ Գերագույն ժողովի տրամաբանությունն այն էր, որ չմասնակցելը չի նշանակում մի կողմ քաշվել կամ ընդհանրապես հրաժարվել պայքարից:

«Չմասնակցելը պայքարի ձև է: Դա պետք է արձանագրի այն հիմնական բացերը, որ գոյություն ունեն ընտրական գործընթացների մեջ: Եվ դա ազդակ է` ուղղված մեր ընտրողներին, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունը բերի դրան, և կարողանանք վերացնել այս հիասթափությունը»,- ասել էր Ա.Ռուստամյանը: Վերջինս նաև չէր բացառել, որ իրենց համակիրներին կոչ կանեն քվեաթերթիկի վրա գրել «Բոլորին դեմ եմ» արտահայտությունը, որ այն դառնա անվավեր:

Իսկ թե այս տարբերակներից որն է ընտրելու ՀՅԴ-ն Ա.Համբարձումյանը չցանկացավ մանրամասնել: «Երբ մեր հայտարարությունը կհրապարակվի, պարզ կդառնա, թե մեր մոտեցումը որն էե,- ասաց նա:

Ա.Համբարձումյանը նաև ավելացրեց, որ նախ տեղի կունենա ՀՅԴ ԳՄ նիստ, որի ընթացքում էլ կընդունվի այդ որոշումն ու այն կհրապարակվի:

ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Տպել Տպել