ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

19.02.13_Margaryan-ANCAԱմերիկահայությունը հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ադրբեջանական ագրեսիային հակազդելու միջոցներ ձեռնարկել և դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին:

ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ դաժանաբար կացնահարված հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին զգուշացրել է Ադրբեջանի կողմից շարունակաբար արվող պատերազմական սպառնալիքների, իրավիճակի ապակայունացման փորձերի ու խաղաղության նկատմամբ ոտնձգությունների մասին:

«Լեյտենանտ Մարգարյանի կանխամտածված և գազանաբարո սպանությունը ինը տարի առաջ և նախագահ Ալիևի ներումը, ապա գովերգումը մարդասպան Ռամիլ Սավարովին արտացոլում և միաժամանակ ամրապնդում է Ադրբեջանի հակայակական թունավոր ատելությունը, որ սնել էր նաև հայկական ջարդերը Սումգայիթում, Խոջալուում, Մարաղայում և Բաքվում»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնահարվել էր 2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում ՆԱՏՕ – ի հովանու ներքո անցկացվող անգլերենի ուսուցման ծրագրին մասնակցելու ժամանակ: Մարդասպանը դատապարտվել և խոստովանել է իր հանցանքը, սակայն երբեք ափսոսանք չի հայտնել իր կատարած արարքի համար: 2012 թ. Հունգարիայի կառավարության կողմից Ադրբեջանին հանձնելուց հետո նրան անմիջապես տրվել է ազգային հերոսի կոչում: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայատյաց մարդասպանին ներում է շնորհել և ֆինանսական վարձատրություն հատկացրել: Միացյալ Նահանգները դատապարտել է կատարվածը: Սպիտակ տան հայտարարության մեջ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վայթորն ընդգծել էր ԱՄՆ նախագահի տեսակետը. «Այս քայլը հակասում է տարածաշրջանում լարվածության նվազեցման և հաշտության խթաման ընթացիկ ջանքերին». Դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել Ներկայացուցիչների պալատի անդամները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհում:

Տպել Տպել