Ինչ անել. կողմնորոշվելու ժամանակը

RaffiHovhannisianՀայաստանյան համապետական ընտրությունների պատմության մեջ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի` որպես այլընտրանքային կամ ընդդիմադիր թեկնածուի, ստացած ձայների քանակն աննախադեպ էր, դրանով իսկ` ռեկորդային: Դա, ըստ էության, անսպասելի էր թե’ իշխանության, թե’ ընտրողների, թե’ հենց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա քաղաքական թիմի համար: Հովհաննիսյանի` նման ֆուրորային հաղթանակը (իսկ դա իրապես հաղթանակ էր` թե’ քաղաքական և թե’ անձնական առումներով) պայմանավորված էր 4 հիմնական գործոններով:

Առաջինը, անշուշտ, նախագահական ընտրություններին մշտապես անձնավորված ընկալումներով մոտենալու` հայաստանցի միջին ընտրողի մոտ առկա կարծրատիպն է: Պարզապես այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց հենց իրենով պայմանավորել բոլոր այն սպասումները, որոնք առկա էին հասարակության մեծ մասի մոտ:

Երկրորդը` «հասարակ մարդու» կերպարի ձևավորումն ու դրան ուղղված ունիկալ տեխնոլոգիաների օգտագործումն էր, այսինքն` բավականին արդյունավետ անցկացված և հագեցած քարոզարշավը, որի առանցքում ընկած էր «Սերժի Հայաստանին», նույնն է` թե գործող համակարգին հակադրվելու փիլիսոփայությունը, որին, փաստորեն, ընտրողները հավատացին:

Երրորդը ընտրությունների ցածր մրցակցայնությունն էր: Ընտրողների մի ստվար մասը Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեց` բացառապես իշխանական կոնյունկտուրային` ի դեմս Սերժ Սարգսյանի, դեմ քվեարկելու, այլ ոչ թե հենց Հովհաննիսյանին անպայման նախագահ տեսնելու նկատառումներով: Ինչ-որ իմաստով «Ժառանգության» ղեկավարի բախտը, նաև վերոնշյալ գործոններով պայմանավորված, բերեց այնքանով, որ այս կատեգորիայի ընտրողները դրա լավագույն միջոցը համարեցին եղած թեկնածուներից նախապատվությունը հենց նրան տալը:

Եվ չորրորդ, թերևս ամենակարևոր գործոնը ընդհանուր ընտրական պրոցեսից քաղաքական դաշտի հիմնական երեք խաղացողների` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ինքնամեկուսացումն էր, որն ինքնադրսևորման բաց տարածություն ապահովեց առաջին հերթին հենց Րաֆֆի Հովհաննիսյանի համար և թույլ տվեց, որ նա գրավի բոլոր այս երեք ուժերի (ԲՀԿ-ի պարագայում` որոշ վերապահումներով) ընտրազանգվածների մեծ մասը:

2008-ին Տեր-Պետրոսյանին չհաջողվեց նման արդյունքների հասնել բացառապես այն պատճառով, որ այն ժամանակ առկա էր երրորդ ուժեղ կողմի` Արթուր Բաղդասարյանի գործոնը, ով իշխանության և արմատական ընդդիմության ֆոնին ընկալվում էր իբրև չափավոր, միջանկյալ ֆիգուր և դրանով իսկ` ավելի նախընտրելի տարբերակ: Ի վերջո, հենց այս երրորդ կողմի` դեպի իշխանությունը հակվելը և նրա կցորդը դառնալն էլ վճռեց համաժողովրդական շարժման ճակատագիրը:

Այս ընտրություններում փաստացի երրորդ կողմ գոյություն չուներ` չնայած մնացած վեց թեկնածուների առկայությանը: Պատահական չէ, որ ընդամենը վեց ամիս առաջ, երբ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին, «Ժառանգությունը» կարողացավ ընդամենը 5 տոկոս ձայն ստանալ, այն էլ` «Ազատ դեմոկրատների» համեստ ռեսուրսներն օգտագործելով: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի նման հաղթանակին ակամա նպաստեցին հենց այս երեք քաղաքական ուժերը, որոնք, թերևս, չէին էլ պատկերացնում, որ իրենց կայացրած որոշումը նման հետևանքներ կունենա:

Բայց, անկախ հանգամանքներից, նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում, փաստացի, բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Դրության տերը, ուզեն հիմնական` վերոնշյալ խաղացողները, թե` ոչ, կոնկրետ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն է: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված են դիրքավորվել, կեցվածք դրսևորել ոչ միայն կայացած ընտրությունների, այլև արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած հետընտրական զարգացումների նկատմամբ, որոնք, զուտ մարտավարական առումով, ավելի կարևոր ու որոշիչ են դարձել, քան ինքնին ընտրությունները: Բայց դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կարողանա կողմնորոշվել` ի՞նչ է ցանկանում և ինչպե՞ս է փորձելու օգտագործել ընտրողների կողմից նրան հանձնված վստահության քաղաքական հսկայական կապիտալը:

Դեռ քվեարկության օրը` փետրվարի 18-ի երեկոյան, նա հայտարարեց, որ բոլոր հարցերի պատասխանները տալու է փետրվարի 19-ին հրավիրած հանրահավաքում: Սակայն այդ օրը ոչ միայն պարզվեց, որ հանրահավաքի փոխարեն լինելու է կիսահանրահավաք-կիսաասուլիս հիշեցնող ձևաչափով ինչ-որ միջոցառում, այլև պարզ դարձավ, որ Հովհաննիսյանն առայժմ ասելիք չունի կամ դեռ չի կարողացել ձևակերպել այդ ասելիքը, որը հետաձգեց հաջորդ օրվան, ընդ որում` առանց` թեկուզ մոտավոր ուղերձ հղելու պլանավորված պրոցեսների և դրանց համար իր պատասխանատվության մասին: Այնպիսի տպավորություն է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա թիմը, հաջողությունից անակնկալի եկած, պարզապես չգիտեն` ինչ մարտավարություն ընտրել: Հենց այդ պատճառով նրանց կոչով Ազատության հրապարակ շտապած քաղաքացիական լայն զանգվածները դեռևս չեն կարողանում կողմնորոշվել` ի վերջո, Հովհաննիսյանը փորձելո՞ւ է հասնել ընտրությունների արդյունքների վերանայմանը և երկրորդ փուլի անցկացմանը, թե՞ մանիպուլյացիոն միջոցներով կուտակված կրքերը հանգստացնելուն, վերարթնացրած ցասման այս ալիքը պարպելուն և առժամանակ ընդդիմության լիդերի պատվավոր կարգավիճակով բավարարվելուն:

«Ժառանգության» ղեկավարը Ազատության հրապարակում հավաքված բոլոր և, առաջին հերթին, նրան այլընտրանք չունենալու պատճառով ձայն տված քաղաքացիների «նախագահը», լիդերը դառնալու խնդիր ունի: Առանց այս հարցը լուծելու նա չի կարող տևական ու հոգեմաշ պայքարի մեջ մտնել, եթե իսկապես նրա սկսած գործընթացի իրական նպատակը հենց դա է: Եթե նա չկարողացավ նաև այսօր հրավիրված հանրահավաքում վճռական լինելու առումով անհրաժեշտ հավատը ներշնչել ներկաներին, կարող է նույն գլխապտույտ արագությամբ, ինչպես հասել է նման հաջողության, ամեն ինչ կորցնել և գահավիժել քաղաքական մարգինալացման անդունդը, ինչպես եղել է անցած նախագահական բոլոր ընտրություններում` բոլոր այլընտրանքային ուժեղ թեկնածուների հետ: Մինչև այս ուղղությամբ նա իր ասելիքն ու անելիքը չհստակեցնի, դժվար է ակնկալել, որ ընդդիմադիր դաշտի մյուս խաղացողները, քաղաքացիական հասարակությունը կարող են Հովհաննիսյանի հետ ընդհանուր ճակատ ձևավորելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ կատարել: Մյուս կողմից, սակայն, խնդիրը ոչ այնքան Հովհաննիսյանին աջակցելու մեջ է, որքան նոր ծլարձակող քաղաքացիական, կարծես, ավելի ինքնաբուխի նմանվող շարժման մեջ ներգրավվելու, դրան տեր կանգնելու պատասխանատու որոշումը կայացնելու: Խնդիրն այն է, որ հասարակությունն այս ընտրություններում, կարողանալով դիմակայել թե’ վարչական հսկայական ճնշումներին և թե’, ընդհանուր առմամբ, ընտրակաշաքի գերին դառնալու գայթակղությանը, կարծես, քաղաքական համակարգին իրեն օբյեկտից սուբյեկտ դարձնելու և առաջնորդելու հստակ պատվեր է իջեցնում: Այս մտումները չնկատելն ու չպաշտպանելը կարող է ուղղակի անդառնալի հուսալքման պատճառ դառնալ: Այս իմաստով ընտրությունների և հետընտրական պրոցեսների կապակցությամբ թե’ ՀԱԿ-ի և թե’ ՀՅԴ-ի հայտարարություններն առաջին ադեկվատ արձագանքն էին հասարակության պահանջներին: Մնում է նույնն անեն նաև մյուս դերակատարները:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ
«ԵՐԿԻՐ», 20 փետրվար 2013

Տպել Տպել