ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդիպումներ է ունենում համայնքային ընտրություններում իր աջակցած թեկնածուների հետ

logo-AMN Ամերիկայի Հայ դատի հանձնախմբն արդեն հայտարարել է, թե որ թեկնածուներին է աջակցում Միացյալ Նահանգների համայնքային ընտրությունների ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակները հանդիպել են իրենց աջակցությունը վայելող թեկնածուների հետ` կոչ անելով ամերիկահայությանը կատարել իրենց քաղաքացիական պարտքը, ակտիվ մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց թեկնածուների օգտին: Մասնավորապես, Սան Ֆրանցիսկոյի Հայ դատի հանձնախումբն աջակցում է Կալիֆորնիա նահանգի ԱԺ պատգամավոր Բոբ Բլամենֆիլդին, ով գարնանը պատրաստվում է մասնակցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ընտրություններին: Կողմերը հանդիպել և քննարկել են երկու կողմերին հուզող հարցեր: Բալմենֆիլդն ըննդգծել է իր արդյունավետ համագործակցությունը հայ համայնքի հետ և խոստացել ընտրվելու դեպքում շարունակել պաշտպանել հայ համայնքի շահերը:

Հոլիվուդի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Սեմ Քբուշյանին` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի 13-րդ շրջանի լուրջ ընտրապայքարում` Հոլիվուդի հայ համայնքում իր ծավալած ակտիվ գործունեության և դերակատարության համար:

Միացյալ նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆֆը և Գլենդելի Հայ դատի հանձնախումբն իրենց աջակցությունն են ցույց տվել Արտաշես (Արդի) Քասախյանին, ով 2001-2004 թվականններին եղել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի կառավարման ոլորտի և գործադիր տնօրեն: Իր պաշտոնավարման տարիներին Քասախյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ամերիկյան առևտրային կապերի և ընդհանուր համագործակցության ամրապնդման, ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության և Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և ամերիկահայերի իրավունքների պաշտպանության գործում:

Իսկ Արևմտյան շրջանի հանձնախումբը (ANCA-WR) հայտարարել է, որ աջակցում է երկու թեկնածուների` Էրիկ Գարսեթթի և Ուենդի Գրուելի առաջադրումը Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններին: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են հինգ հիմնական թեկնածուներ: Երկու թեկնածուներն էլ ամերիկահայ համայնքի վաղեմի բարեկամներն են: «Կառավարությունում իրենց ծառայության տարիներին Գարսեթթը և Գրուելը եղել և շարունակում են մնալ ամերիկահայ համայնքի բարեկամները: Մարտին կայանալիք ընտրություններին ընդառաջ մենք կոչ ենք անում Լոս Անջելեսի ամերիկահայերին իրենց ձայնը տալ նրանցից մեկին»,- նշել է ANCA-WR-ի համանախագահը:

Թեկնածուները ողջունել են Հայ դատի հանձնախմբի աջակցությունը` նշելով որ իրենց համար մեծ պատիվ է ստանալ հանձնախմբի վստահությունը և խոստանալով հետագայում էլ հետամուտ լինել ամերիկահայ համայնքին հուզող խնդիրներին: «Հայոց ցեղասպանության ողբերգությունը երբեք չի մոռացվում, այն ուսուցանող դաս է ապագա սերունդների համար և խրախուսում է մեզ շարունակել արդարության հաստատմանն ուղղված մեր ջանքերը»,- ասել է Գարսեթթին:

Լոս Անջելեսում, Բուրբանկում, Գլենդելում, Փասադենայում և Հյուսիսային Կալիֆորնիայի այլ վարչական շրջաններում այս տարվա գարնանը կանցկացվեն համայնքային ընտրություններ:

2012 թվականի ընտրությունների ժամանակ «հայկական ձայները» ավելացել էին մոտ 5000 նոր քվեներով, որում մեծ դերակատարություն ուներ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը (ANCA-WR):

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել