Կանադայում նշվել է Արցախյան շարժման 25-ամյակը

artcax Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը:

Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցել են շուրջ 600-ական հյուրեր:

Միասնական ենք

Միասնական ենք յանուն ազատագրուած Արցախի, յանուն ապագայ Ջաւախքի, յանուն միացեալ Ազատ ու Անկախ Հայաստանի DavitIshkhanyanՍտորեւ կը նեկայացնենք, Փետրուար 22-ին Մոնթրէալի մէջ կայացած Արցախեան շարժման 25-ամեակի տօնակատարութեան ընթացքին ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Դաւիթ Իշխանեանի արտասանած խօսքը:

Մենք միասին էինք մեր բոլոր ծանր օրերին: Պատերազմի դաշտում, մեր զինուորներից ու հրամանատարներից շատերը կրում էին առաջին բուժօգնութեան փոքրիկ պայուսակներ, որոնց վրայ գրուած էր «գանատահայերը ձեզ հետ են»: Դուք միշտ մեզ հետ էիք նաեւ ձեր ներկայացուցիչներով‘ զինուոր-բժիշկ Րաֆֆիով, զինուոր-նկարիչ Հրայրով:

Նախ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել կազմակերպիչներին առ այն, որ այսօր մենք նորից միասին ենք, ինչպէս 25 տարի առաջ, միայն փոխուած դերերով‘ Սփիւռքը այն ժամանակ Արցախում էր, որովհետեւ դա էր օրուայ հրամայականը, այսօր Արցախն է Սփիւռքում, դա էլ այսօրուայ պահանջն է:

1988-ը խորհրդանշական ձեւով հայ ժողովրդի հազարամեայ պատմութեան մէջ ամրագրուեց իր «Արցախեան շարժում» անունով: Այս բառերի մէջ ամփոփուած են հազարամեակների թէ՛ կամքը, թէ՛ ոգին, թէ՛ նպատակը: Այս երկու բառերով մենք վերագտանք մեր պատմութեան ընդհատուած թելի ծայրը‘ միաժամանակ ընկալելով նրա թէ՛ իմաստը, եւ թէ՛ արմատները: Մենք հասկացանք, որ մեր արմատները աւելի խորն են, բազմաճիւղ, բազմաբովանդակ, անարատ եւ շնչող: Հազարամեակների փոշին կարծես թէ փակել էր մեր համազգային շնչառութիւնը, մեր մարմինը աստիճանաբար վերածելով անկենդան էակի: Հազարամեակների ընթացքում Երկիր մոլորակից անհետացած ազգերի ճակատագիրն էր մեզ ուղեկցում:

Մենք եկանք վերահաստատելու այն պարզ ճշմարտութիւնը, որ հայը արեւի տակ ապրելու թէ՛ իր տեղն ունի, թէ՛ իրաւունքը եւ թէ՛ այդ ամէնի համար պայքարելու վճռականութիւնը: Մենք ունէինք ինքնավստահութիւն, նաեւ սեփական ուժերին ապաւինելու ձգտում: Դարերի ընթացքում մենք ունեցանք շատ կորուստներ‘ մարդկային, տարածքային, նիւթական: Բայց պահպանեցինք ամենակարեւորը‘ ապրելու եւ յարատեւելու իրաւունքը: իտակցելով այդ իրաւունք իմաստը կուտակեցինք ներուժ:

1923 թուականին ստեղծուեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որի կազմից աստիճանաբար դուրս թողեցին Քարվաճառը, Քաշաթաղը (Լաչին), Քաշունիքը (Ղուբաթլու), Կովսականը (Զանգելան), Դաշտային Ղարաբաղը (Դաշքեսան, Խանլարի շրջան):

Չհամակերպելով 1920-ական թուականների սկիզբներին Բոլշեւիկեան ազգային գործիչների հակահայ որոշումներին, մասնաւորապէս Արցախը բռնակցելով Խորհրդային Ատրպէյճանին, Ղարաբաղի ժողովուրդն իր աստեղային պահին էր սպասում Մայր Հայաստանի հետ վերամիաւորուելու համար: Այդ նպատակն էր հետապնդում երկրորդ աշխարհամարտից յետոյ Խոհրդային Հայաստանի ղեկավարների անպտուղ դիմումները, դրան էին միտուած 1965-68 թուականներին համազգային զարթօնքի փուլ մտած եւ համաժողովրդավարական ստորագրահաւաքներով ԽՍՀՄ-ում համայնավար ղեկավարութեան դռներ ծեծելը, այդ նպատակն էր փորձում իրականութիւն դարձնել 1976-ին նոր Սահմանադրութիւն ընդունած Խորհրդային Միութեան լիիրաւ անդամ Խորհրդային Հայաստանը: Եւ այդպէս շարունակ… մինչեւ 1988-ի Փետրուար, համաժողովրդական պահանջատիրութիւն: Ոտքի ելած հայ ժողովուրդը ունէր իր յստակ նպատակը եւ վճռականութիւնը:

Արցախեան շարժումը ինքաբուխ ծնուած պայքար չէր: Այն մեր ժողովրդի ընդհատուած ազգային ազատագրական պայքարի շարունակութիւնն էր: 1980-ական թուականներուն որբաչովեան վերակառուցում, հրապարակայնութիւն (Կլաստնոստ) եւ ժողովրդավարութիւն հռչակուած պետական-քաղաքական կուրսը հերթական առիթը տուեց արցախցուն:

Համայնավար ղեկավարները հենց առաջին իսկ օրերից համաժողովրդական այդ պոռթկմանը փորձեցին այլ որակումներ ու գնահատականներ տալ, միտում ունենալով նրան շեղել իր բուն քաղաքական նպատակներից:
Խորհրդային պետութեան կեդրոնական իշխանութիւնների դիտավորութեամբ այն որակւում էր մի խումբ ծայրայեղական-ազգայնականների գործողութիւններ, որը միտուած էր իբր թէ խախտելու երկու հարեւան ժողովուրդների հայ եւ ազերի դարաւոր բարեկամութիւնը:

Խորհրդային պետութեան ողջ քարոզչամեքենան, պատժիչ մեքանիզմները, ուղղուած էին մէկ նպատակի. իր երկրի ժողովրդին ու համաշխարհային հանրութեանը մատուցել առ այն, որ դա հայ ազգայնականների դրսեւորումների հետեւանքն է: Մոսկուան ցանկանում էր ամէն գնով շեղելու հայութեանը իր իսկ որդեգրած քաղաքական նպատակներից‘ Արցախեան ազգային-ազատագրական պայքարին տալով տնտեսական, մշակութային կամ կենցաղային բովանդակութիւն: Արցախեան շարժումը քաղաքական հարթութիւնից տնտեսականի վերածելու միտում էր հետապնդում Մոսկուայի կողմից ԼՂԻՄ-ին յատկացուած 450 միլիոն ռուբլի գումարը, որն այդպէս էլ ուղղակի չհասաւ հասցէատիրոջը: Այն անցաւ Պաքուի ճանապարհով եւ մի քանի տարում դարձաւ նոր ատրպէյճանաբնակ գիւղերի ծաղկման շտեմարան:

Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից տասնեակներ շարունակուող հակահայ քաղաքականութիւնը այնքան ակնառու էր, որ ցանկացած հայկական կամ ատրպէյճանական գիւղի համեմատութիւններով այն դառնում էր պարզ ճշմարտութիւն: Նոյնիսկ ԼՂԻՄ իշխանութիւնների (նաեւ շրջանային) բոլոր մակարդակներում հայազգի ղեկավարների տեղակալները ատրպէյճանցիներ էին: Վերահսկողութիւնն ակնառու էր: 70 տարիների ընթացքում ատրպէյճանական քաղաքականութիւնը միտուած էր շարունակելու փանթրքական քաղաքական գիծը, հայաթափելու Արցախն ու Նախիջեւանը: Արցախի ազգաբնակչութեան‘ հայ ու ազերի, յարաբերակցութեան մէջ 1980-ական թուականներին արդէն նկատելի էր լուրջ տեղաշարժեր: Տարեցտարի աւելի խղճուկ վիճակում յայտնուող հայկական քաղաքների ու գիւղերի հարեւանութեամբ ծաղկում էին ատրպէյճանական գիւղերն ու քաղաքները:
1988-ի Փետրուար 20-ի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը խնդրանքով դիմեց ԽՍՀՄ եւ Ատրպէյճանի ԽՍՀ-ին ԼՂԻՄ-ը իր կազմից դուրս բերելու համար: Սա կարելի է համարել որպէս առաջին իրաւական ակտի ընդունում:

Փլուզուող Խորհրդային համակարգը իր վերջին ճիգերն էր գործադրում խորտակուող նաւը փրկելու համար: ործադրւում էին բոլոր ընդունելի եւ անընդունելի, թոյլատրելի եւ մարդկային բանականութեան համար անհասկանալի մեթոտներ: Ինչպէս եւ 20-րդ դարասկզբին գործող ցարական Ռուսաստանը, այնպէս էլ խորհրդային պետութիւնը փորձեց ամէն ինչ խեղդել արեան մէջ, այս անգամ էլ ուրիշի ձեռքերով: Հենց ի սկզբանէ 88-ի Փետրուարին տեղի ունեցան Սումգայիթեան ջարդերը, որի ալիքը տարածուեց Շուշիում, անձակում, Պաքուում եւ այլ քաղաքներում: Չկարողանալով արցախցուն պարտադրել բռնելու նահանջի ճանապարհը, շուտով Մոսկուան ու Պաքուն համատեղ ձեռնամուխ եղան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրինական իշխանութիւնների լուծարմանը (յատուկ կառավարման կոմիտէ, արտակարգ իրավիճակի հաստատում, Կազմկոմիտէ):

Այդ ամէնին Արցախի ժողովուրդը պատասխանում էր համարժէք քայլերով, աստիճանաբար դրսեւորուելով մէկ միասնական ճակատով:

Լուծարուած օրինական պետական մարմիններին փոխարինած նոր մարմիններին Արցախի ժողովուրդը հարկադրեց իր ներսում ժողովրդավարական սկզբունքներով ընտրուած եւ համաժողովրդական աջակցութիւն ստացած Ազգային Խորհուրդը, որն իր պատմական որոշումով 1989-ի Դեկտեմբեր 1-ին դիմեց Հայաստանի Խորհրդային հանրապետութեանը‘ ԼՂԻՄ-ը եւ Շահումեանի շրջանը իր կազմի մէջ ընդունելու դիմումով:

Օրեցօր հասունացող քաղաքական պայքարը, որն ուղեկցւում էր գործադուլներով, հացադուլներով ու նստացոյցերով, բազմահազարանոց հանրահաւաքներով, պաշտօնական պատուիրակութիւնների այցելութիւններով, ակնյայտ էին դարձնում ռազմական բախումները: Հայերի քաղաքակիրթ պայքարին ատրպէյճանցիների ու խորհրդային պետութեան կեդրոնական իշխանութիւնների պատասխանի արդիւնքում հայկական արիւն էր յեղւում: Արդէն իսկ 1990-ի վերջին ակնյայտ էր, որ պատերազմն անխուսափելի է: Ռազմական բախումները տարբեր շրջաններում հայերի ու ատրպէյճանցիների միջեւ ուղղակի պատերազմի վերածուեց ԽՍՀՄ փաստացի փլուզմանն զուգընթաց եւ խորհրդային զօրքերի Ղարաբաղից դուրս բերելուց յետոյ:

Ահա եւ այս հանգրուանում 1991-ի Սեպտեմբերի 2-ին ի լուր աշխարհի ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրը, որն ամրագրուեց նոյն թուականի Դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքուէով:

Տեղի ունեցան ԼՂՀ առաջին գումարման երագոյն Խորհրդի (Խ) ընտրութիւններ, ընտրուեց Խ-ի առաջին նախագահը‘ ընկ. Արթուր Մկրտչեանը: Ձեւաւորուեց ԼՂՀ կառավարութիւն, մի խօսքով սկսեցին ձեւաւորուել պետական ատրիբուտները: Պետականաշինութեան գործընթացը պատերազմին զուգահեռ ունենում էր նորանոր յաջողութիւններ: Ինքնապաշտպանական մերօրեայ ֆիտայական ջոկատների հիմքերի վրայ ձեւաւորուած ԼՂՀ Պաշտպանութեան Բանակը նորանկախ Արցախի հանրապետութեան եւ նրա բնակչութեան յուսալի երաշխաւորը դարձաւ:

1992 թուականի Մայիսին հինաւուրց Շուշիի ազատագրումը ոչ միայն արցախցիների, այլեւ ողջ հայ ժողովրդի համար դարձաւ խորհրդանշական քայլ դէպի ապագայ յաղթանակները: Մեր ժողովրդի մէջ ջարդուեց այն թէզը, թէ հայը խեղճ է, անկարող, անօգնական: Սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահութիւնը էլ աւելի մեծացաւ:
Պաշտպանութեան Բանակի կողմից ձեռնարկուած ինքնապաշտպանական եւ ազատագրական գործողութիւնները հակառակորդին ստիպեցին կնքելու զինադադար:

Արցախեան հիմնահարցը թեւակոխեց նոր փուլ, մի կողմից բանակցային, միւս կողմից խաղաղ պայմանների պետականաշինութեան գործընթացներ:

Բանակցային գործընթացի միջնորդական առաքելութիւն ստանձնած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսա) փորձում են տարբեր ձեւաչափերով ու առաջարկութիւններով տալ Արցախեան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը: Ամենամեծ ձեռքբերումն այսօր առկայ հաւասարակշռութեան պահպանումն է, որը երաշխիքն է խաղաղութեան:

Այնուհանդերձ մենք պէտք է գիտակցենք մի կարեւոր բան, մենք չենք հրահրել պատերազմ, մենք փորձել ենք դեռեւս 1988-ին գործել ԽՍՀՄ Սահմանադրութեան ընձեռած մեր իրաւունքից, նպատակ չունենալով որեւէ մէկի խաղաղ գոյակցութիւնը վտանգելու: Մենք ստիպուած էինք մեզ պարտադրուած պատերազմում ինքնակազմաւորուելու, պաշտպանուելու եւ յաղթանակելու: Մենք գիտակցել ու գիտակցում ենք, որ Արցախեան հիմնահարցի փաստացի լուծմանը յաջորդելու է նաեւ իրաւական հանգուցալուծում: Մենք գիտակցում ենք, որ այդ ճանապարհի վերջնակէտին հասնելու լաւագոյն տարբերակը հզօր Արցախի հանրապետութիւնն է‘ իր պետական, տնտեսական եւ ռազմական համակարգով, ժողովրդագրական ու ժողովրդավարական նոր ցուցանիշներով, իր միջազգային ճանաչման նպատակաուղղուած քաղաքականութեամբ:

Մենք գիտակցում ենք, որ Արցախի բնակչութեան 1991 թուականի եւ 2006 թուականի Դեկտեմբերի 10-ի արտայայտութիւնները ետդարձ չունեն:

Մենք գիտակցում ենք, որ մեր ժողովրդի յաջողութեան ամենամեծ գրաւական հանդիսացող համազգային միասնականութեան թուլացմանը միտուած բոլոր ուժերի (օտար թէ ներքին) քայլերը ձախողուած են: Ինչպէս եւ 20 տարի առաջ մենք միասին ենք‘ Հայրենիքը եւ Սփիւռքը: Միասնական ենք յանուն ազատագրուած Արցախի, յանուն ապագայ Ջաւախքի, յանուն միացեալ Ազատ ու Անկախ Հայաստանի: Արցախի գաղափարը մեր ժողովրդի բոլոր հատուածներին միաւորող գաղափար էր: Կացինի քաղաքականութեանը ապաւինած Ատրպէյճանը, կամ Հայաստանը առանց հայի նկրտում ունեցող Թուրքիան, անկարող կը լինեն յաջողութիւններ արձանագրել, եթէ մենք գործենք նոյն ոգով, նոյն միասնականութեամբ ու կամքով, ինչպէս 1988-ից այս կողմ: Նոյնիսկ ամենամեծ ցաւի օրերին (1988-ի Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի օրերին) մեզ չկարողացան շեղել մեր որդեգրած ուղուց:

Մենք հաւատում ենք, որ ժողովրդավարական ուղին որդեգրած աշխարհը ետդարձ չունի: Ետդարձ չունի նաեւ ինքնորոշուած եւ նոյն ժողովրդավարական սկզբունքներ դաւանող եւ դրանով առաջնորդուող Արցախը եւս: Այդ դժուարին ճանապարհն են անցել աշխարհի գրեթէ բոլոր ազատատենչ երկրները, նաեւ այս երկիրը‘ անատան:

Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերջին տարիների զարգացումները մեզ նոր իրավիճակների առջեւ են կանգնեցրել: Ի հայտ են գալիս նոր մարտահրաւէրներ, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է գործել նոր մարտավարութեամբ: Չնայած գերտէրութիւնների կողմից վարւում է երկակի չափորոշիչներով քաղաքականութիւն, այնուհանդերձ աշխարհի քարտէսի վրայ ի յայտ եկած նորանկախ պետութիւնների ճանաչումը (Քոսովօ, Աբխազիա, Հարաւային Օսէթիա, Հարաւային Սուտան եւայլն) Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման համար լուրջ հեռանկարներ է ստեղծել: Արդէն իսկ ուրուագծւում են այն հեռանկարները, որ կարող է ԼՂՀ-ն ճանաչուել միջազգային հանրութեան կողմից որպէս առանձին սուբյէկտ:

Ռոտ Այլընտի, Մասաչուսէցի (ԱՄՆ) եւ Հարաւային Նիւ Ուէլզի (Աւստրալիա) նահանգային վարչապետների կողմից կատարուած քայլերը առաջին իսկ յաջողութիւններն են: Իսկ Ուրուկուէի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի գլխաւորած պետական պատուիրակութեան այցը Արցախ կարող ենք դիտարկել ԼՂՀ միջազգային ասպարէզում ճանաչելու համարձակ եւ նպատակաուղղուած քայլ: Այս բոլորի մէջ թերեւս պէտք է ընդգծել Սփիւռքեան մեր կառոյցների դերակատարութիւնը:

Առիթը օգտագործելով հանդերձ, նաեւ ԼՂՀ բնակչութեան եւ իշխանութիւնների կողմից երախտիքի ու շնորհակալութեան խօսք պիտի յղեմ բոլոր այն կազմակերպութիւններին ու անհատներին‘ տասնամեակների տքնաջան ու յամառ, երբեմն նոյնիսկ անհնարին թուացող աշխատանքների ու ինչու չէ նաեւ յաջող աւարտի համար:
Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մենք հաւատարիմ ենք մեր որդեգրած սկզբունքներին, հաստատակամ մեր կեցուածքին, հաւատքով լեցուն դէպի մեր ապագան: Սա մեր նախնիների պատգամն է ու նրանցից ստացուած ժառանգութիւնը: Ոչ ոք չի կարող մեզ դնել պարտադրանքի տակ: Մեր ուղին անշեղ է :

Այսօր Արցախն ազատ է:

Ուզում եմ նաեւ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիներին, ովքեր այդ ազատութիւնը մեզ պարգեւեցին: Փառք բոլոր նահատակներին, ովքեր ընկան Ազատութեան ճանապարհին:

Եզրափակելով խօսքս, թոյլ տուէք տօնական այս օրը մեզ բոլորիս շնորհաւորելու Արցախեան շարժման 25-ամեակի կապակցութեամբ: 1988-ը Արցախեան պայքարի յաղթական փուլի սկիզբն էր:

Տպել Տպել