Արմեն Ռուստամյանը չի բացառում «Ժառանգության» կառավարությանը մաս կազմելը

ԱրմենՌ Չնայած ԱԺ նախագահի հետ հանդիպման և ընդդիմության հիմնական պահանջներն արդեն իսկ հայտնի են, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի ցանկացել մանրամասնել դրանք, նշելով, որ մինչ բանակցությունների ավարտը դրանց մասին խոսելը ճիշտ չէ։

Նա նշել է, որ եթե իրենց հաջողվի համաձայնության գալ, դրանից կշահի թե՛ ժողովուրդը, թե՛ պետությունը։

Ինչ վերաբերում է Կառավարության կազմում «Ժառանգության» անդամների հայտնվելուն, Ա.Ռուստամյանն ասել է, որ ինքը դա բացառել չի կարող, քանի որ կարող է միայն իր հետ կապված հարցերը բացառել։

Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսում Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լավ կլինի, որ ճիշտ օգտագործի իրեն ընտրած 539 հազար քաղաքացիների ձայները և հանդես գա ողջամիտ առաջարկություններով, մասնավորապես, որոշ ոլորտներում պաշտոններ պահանջելով։

Եթե Հովիկ Աբրահամյանի առաջարկած ձևաչափն ընդունվի, արդյոք ՀՅԴ–ն մասնակցություն կունենա՞ դրան, լրագրողների հարցին ի պատասխան, Արմեն Ռուստամյանն ասել է.

«Դա ամբողջական փաթեթ է, որը մենք ենթադրում ենք ունենալ ու դրանից առանձին բաներ հանելը, նշանակում է, որ բանակցությունները հասել են ավարտին, հասել ենք եզրահանգման ու կամ էլ կանգնել ենք ոչ թե ամբողջական տեքստի վրա, այլ դրա մի երկու կետերի վրա։ Դա ճիշտ չէ, որովհետև այն ինչ մենք ներկայացրել ենք ամբողջական լուծում կտա ստեղծված իրավիճակի հետ առաջացած խնդիրներին»։

Փաթեթն իշխանափոխություն ենթադրո՞ւմ է հարցին ի պատասխան էլ նշել է.

«Փաթեթն ավելի լուրջ բաներ է ենթադրում, իրավիճակի կտրուկ փոփոխություններ ու ընթացքի վերանայում»:

Տպել Տպել