ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը փետրվարի 28-ին ընդունել են համատեղ հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ։ Ստորև՝ Հայտարարության ամբողջական տեքստը։

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի համատեղ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ

Այս օրերին ողջ հայ ժողովուրդը խոր ցավով է վերապրում ուղիղ քառորդ դար առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում քաղաքի հայ ազգաբնակչությունը ենթարկվեց արյունահեղ ջարդերի։

«Սումբայիթը» Ադրբեջանական ԽՍՀ-ում պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր՝ իշխանությունների կողմից հետևողականորեն ուղղորդված հայատյացության տրամաբանական հետևանք։ Այն իրագործվեց ի պատասխան արցախահայության խաղաղ ցույցերի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման, որով Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև միջնորդվում էր դրական լուծում տալ ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին։

Artsakh-NAՀայ համաքաղաքացիների սպանդը չարժանացավ ադրբեջանական հասարակության դատապարտմանը, ավելին՝ ջարդարարները հերոսացվեցին, և իշխանությունների նախաձեռնությամբ ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ քառորդ դար շարունակ արմատավորվեց «հայի սպանությունը հանցագործություն չէ, այլ՝ պատիվ» մտայնությունը։

Սումգայիթի եղեռնագործությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ում սկիզբ դրվեց բնիկ հայ բնակչության բռնատեղահանությանը, ինչի հետևանքով 1988-90թթ. այդ հանրապետության տարածքում էթնիկական զտման ենթարկվեց ավելի քան 500 000 հայ:

Առաջնորդվելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասին» համաձայնագրի դրույթներով, մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերս.

– խստորեն դատապարտում ենք Սումգայիթում, իսկ հետագայում նաեւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը,

-վերահաստատում ենք այդ հանցագործության միջազգային իրավական և քաղաքական դատապարտմանը հասնելու մեր վճռականությունը,

-վերստին դիմում ենք աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին՝ կոչ անելով միանալ Ադրբեջանում էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, հետագա ցեղասպանության կանխման ջանքերին,

-խոնարհվում ենք ազգային խտրականության և թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առջև:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անունից՝ «Դաշնակցություն» խմբակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցության անունից՝ «Ժողովրդավարություն» խմբակցություն
«Ազատ հայրենիք» կուսակցության անունից՝ «Հայրենիք» խմբակցություն

28 փետրվարի, 2013թ.
ք. Ստեփանակերտ

Տպել Տպել