Իշխանության հասնելու առաջին հանգրվանը Երևանի ավագանու ընտրություններն են

DashnakՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազատության հրապարակի հանրահավաքում

Սիրելի’ հայրենակիցներ

Այսօր հրատապ անհրաժեշտություն է առաջացել` գնահատելու, թե որոնք են ներկա փուլում շարժման դիմագրաված գլխավոր մարտահրավերները:

– Պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն պատրաստվում բավարարել հետընտրական իրավիճակի լիցքաթափմանն ուղղված` Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները:

– Մի անգամ ևս փաստվեց, որ իշխանությունները հոժարակամ կերպով երբեք չեն գնալու անհրաժեշտ զիջումների: Առավել ևս չեն զիջելու իշխանությունը:

– Դրան կարող է պարտադրել միայն քաղաքական զորեղ գործոնի վերածվող համաժողովրդական շարժումը:

Շարժման մաս կազմող քաղաքական, հասարակական ուժերի և շահագրգիռ բոլոր կողմերի խնդիրն է՝ հստակ ձևակերպված նպատակի և սկզբունքների շուրջ կազմակերպել և կոնկրետ քայլերի ու գործողությունների միջոցով ընդլայնել ու հզորացնել սկիզբ առած այս շարժումը: Ուստի` օրվա հրամայականը շարժման ճշգրիտ հունավորումն ու կազմակերպումն է:

Առ այդ՝ ինչ վերաբերում է շարժման վերջնական նպատակին, ապա այն շատ հստակ է և անփոփոխ՝ հասնել ժողովրդի լիակատար իշխանության հաստատմանը երկրում բոլոր մակարդակներով: Դրան տանող ամենավստահելի ճանապարհն է՝ շարժումն ուղղորդել հանգրվանային հաջողություններ արձանագրող տևական պայքարի հունով: Այսինքն` եթե տվյալ պահին չի հաջողվում իշխանությունը վերցնել ամբողջությամբ և միանգամից, դա մեզ չպետք է հիասթափեցնի, այլ մղի մեզ դրան հասնել աստիճանաբար՝ հանգրվան առ հանգրվան:

Ըստ այդմ՝ իշխանության միահեծան և մոնոպոլ դրվածքը սասանելու, շարժման ռեսուրսը մեծացնելու ցանկացած առիթ և հնարավորություն պետք է լիարժեք օգտագործել` հասնելու կոնկրետ շոշափելի արդյունքի: Իսկ դա չի կարող պակաս ձեռքբերում համարվել: Հենց այդպիսի հանգրվանային հաջողություններն են քայլ առ քայլ մոտեցնելու շարժմանը իր հետապնդած նպատակին:

Սա պայքար է լայն ճակատով` սկսած ամեն շենքից, թաղամասից, բնակավայրից, քաղաքից մինչև հանրապետության ամենաբարձր մակարդակները: Եվ այս պայքարի մեջ է, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ու դերը կտեսնի, ամեն մեկն իր անելիքը կունենա: Այս պայքարն է, որ կհանգեցնի այնպիսի իշխանափոխության, որ ամբողջական կլինի, որ չի ավարտվի սոսկ մարդափոխությամբ, ինչը մենք բազմիցս տեսել ենք, որն իսկապես կհաստատի ժողովրդի իշխանությունը և կերաշխավորի երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:

Այդպիսի առաջնահերթ քայլերի գործադրման ծրագիր Դաշնակցությունը առաջարկել է, և մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեր ողջ ներուժը ներդնել դրա իրականացումը հաջողելու համար: Սակայն ժողովրդի այսպիսի տևական և աննահանջ պայքարը ապահովելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ձևավորել շարժման ողնաշարը՝ նրա կազմակերպական կառույցը՝ սկսած կենտրոնական ղեկավարումից մինչև շարժման մարզային ու համայնքային ստորաբաժանումների կազմավորումը:

Այսօր իշխանության հասնելու` շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն իշխանության միահեծան այս վիճակը փոխելու և իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին:

Սիրելի’ հայրենակիցներ

Այսպես ձևավորված և կազմակերպված շարժումն է, որ, գործելով «հանդարտ ուժի» տրամաբանությամբ, հետզհետե թափ է հավաքելու, դառնալու է անկասելի և անպայմանորեն հասնելու է իր նպատակին, և մենք բոլորս ապրելու ենք մեր երազած Հայաստանում:

Տպել Տպել