ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ Դաշնակցությունը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի առանձին ցուցակով:
«Կոնսուլտացիաները շարունակվում են, բազմակի տարբերակներ կան: Կապրենք, կտեսնենք»,-Panorama.am-ին ասաց Ա. Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն համախմբվի ԲՀԿ առանցքի շուրջ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղորհդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրություններին, ցուցակի առաջին տեղում Վարդան Օսկանյանն է: Ավելի վաղ «Բարագավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Panorama.am-ին ասաց. «Եթե առաջիկա օրերին հնարավոր կլինի ԲՀԿ առանցքի շուրջ ձևավորել առավել լայն կոնսոլիդացիան, ապա «Բարագավաճ Հայաստանը» կողմնակից է առավել լայն համախմբման»:
«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի անձնական կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը չի համախմբի ԲՀԿ առանցքի շուրջ:
Աղվան Վարդանյանին հարցրեցինք, այս պահին ՀՅԴ-ի համար առավել հավանական է ԲՀԿ-ի, թե՞ «Ժառանգության» հետ համախմբումը:
«Այս փուլում հնարավոր են բոլոր տարբերակները, այդ թվում երրորդ տարբերակը, որ Դաշնակցությունը կգնա առանձին»,-պատասխանեց Ա. Վարդանյանը:
Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին, առաջադրումները կմեկնարկեն երկուշաբթի օրվանից, քարոզարշավը` ապրիլի 7-ից:
«ՊԱՆՈՐԱՄԱ»







