Կիրո Մանոյան.Մենք պետք է կարողանանք քաղել առավելագույնը


ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի՝ սեպտեմբերի 6-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի թեման էր «Սփյուռքի արձագանքը Հունգարիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականության»: Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Սփյուռքում Կիրո Մանոյանը համեմատեց «Ղարաբաղյան շարժման սկզբի հետ և նշեց, որ այդ շարժումից ի վեր սա երկրորդ անգամն է, որ Սփյուռքն ու ողջ հայությունը այսքան համախմբված է միևնույն խնդրի շուրջ: Համախումբ են գործում մեր բոլոր կազմակերպությունները, ցույցերի ալիք է Երուսաղեմից մինչև Հնդկաստանի քաղաքներ: Անգամ Իրաքից են բողոքի նամակ հղել Հունգարիային»- նշեց բանախոսը:

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այս հարցը նույնիսկ Թուրքիայում բարձրացնելու հանգամանքի վրա: Մանոյանը նշեց՝ հատկանշական զուգադիպություն է, որ երեկ մեկ այլ հայազգի սպանված զինվորի հարց է բարձրացվել Ստամբուլում, որը դարձյալ ՆԱՏՕ-ի շրջանակներում է տեղի ունեցել. այս դեպքում թուրքական բանակում է հայ ազգի զինվոր սպանվել: Այսինքն՝ ստացվում է, որ սփյուռքի ազդեցության տակ նույնիսկ Թուրքիայում արձագանքեցին, այն ամենին, ինչ տեղի ունեցավ Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ:

Ըստ Կիրո Մանոյանի՝ Այս քայլերը շարունակվելու են՝ նպատակ ունենալով բացահայտել Ադրբեջանի քաղաքականությունը և վերջապես միջազգային հանրության գիտակցությանը հասցնել, որ ոչ մի պարագայում Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Ի վեջո ժամանակն է, դեռ մի բան էլ ուշ, որ աշխարհը ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու ԼՂՀ անկախությունը»- ասաց Կիրո Մանոյանը:

Նրան զարմացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ սեպտեմբերի 5-ի ելույթը.
-Դա մտահոգություն առաջացրեց ինձ մոտ,- ասաց Կիրո Մանոյանը և հավելեց,- հնարավոր է՝ մոտ ժամանակներս մեր ղեկավարությունը բավարարված զգա հունգարա-ադրբեջանական այս գործարքի հետ կապված միջազգային հանրության բոռն հակազդեցությունից, բայց ըստ մեզ՝ հայտարարությունների տեսքով այդ հակազդեցությունն այնքան էլ ադեկվատ չէր: Ես չեմ կարող բացառել, որ մեր իշխանությունները հենց իրենք սկսեն խոչընդոտել նման քայլերի շարունակությանը:

Ամփոփելով ասելիքը՝ Կիրո Մանոյանն ընդգծեց. «Հունգարիան չէր ակնկալում, որ հայկական կողմի հակազդեցությունն այսպիսին կլինի, թեեւ, կարծում եմ, որ եթե պաշտոնական Երևանի հակազդեցությունն ավելի շուտ լիներ, զգուշացման տեսքով, Մինսկի խմբի անդամ պետություններն ու համանախագահող երկրների ղեկավարները ավելի շուտ տեղյակ լինեին, եւ իրենց լծակներն օգտագործեին, հնարավոր է՝ Հունգարիան այդ քայլին չգնար: Բացի այդ, ՀՀ իշխանությունները ոչ բավարար չափով շրջանակների են տեղյակ պահել Սաֆարովի հնարավոր արտահանձնման մասին տեղեկատվությունը: Հայ համայնքի զգուշացումները ժամանակին հասել են Հայաստանի իշխանություններին, բայց վերջիններս բավարար չափով աշխատանք չեն տարել տեղյակ պահելու խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր պետություններին: Այս ամենից հետո մեզ մնում է ճիշտ քաղաքականությամբ հնարավորությունն օգտագործել՝ քաղելու առավելագույնը և միջազգային հանրությանն ընդհուպ մոտեցնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ԼՂՀ ինքնիշխանության ճանաչմանը»:

Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա, ըստ Մանոյանի, այդ ռազմականացված կառույցը պետք է իր գնահատականը տա, որովհետեւ տեղի ունեցածը իր միջոցառման շրջանակներում կատարված հանցագործությա շարունակությունն է:

Տպել Տպել