Ինչո՞ւ Եւ Ո՞ւմ Համար. Հայաստանը Դեսպանութիւն Կ՚ունենայ Նաեւ Վատիկանում

AM-MFA2012 թուականի օգոստոսի վերջերին, երբ Հունգարիան Ազրպէյճանին արտայանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, քննադատութեան թիրախում յայտնուեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն ու նախարար Էդուարդ Նալբանդեանը: Քննադատողները պնդում էին, որ հայ դիւանագէտներն ու անձամբ Նալբանդեանը տեղեկացուած չեն եղել եւ միայն արտայանձնումից օրեր առաջ են մամուլից իմացել Պուտափեշտ-Պաքու զազրելի գործարքի մասին:

Ի պատասխան քննադատութիւնների, հայ պաշտօնեաները ընդգծում էին, որ իրենք տեղեակ են եղել գործի ընթացքից, փորձել են կանխել Սաֆարովի արտայանձնումը, սակայն չի ստացուել: Բացի այդ, նիւթականի պակասի պատճառով Հայաստանը չի կարող աշխարհի բոլոր երկրներում, այդ թւում` Հունգարիայում, դեսպանութիւն ունենալ:

Անկասկած, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրներում դեսպանութիւններ ունենալու նիւթական հնարաւորութիւններ ու դիւանագիտական ներուժ չունի: Բայց եթէ անգամ Հայաստանը դեսպանութիւն ունենար Պուտափեշտում, ապա, ամենայն հաւանականութեամբ, Հունգարիա-Ազրպէյճան գործարքը կը կայանար եւ Ռամիլ Սաֆարովը կը վերադառնար Պաքու, քանի որ մարդասպանին արտայանձնելու որոշումը քաղաքական էր: Հետեւաբար այս հարցում Հայաստանի դիւանագէտներին եւ պաշտօնեաներին քննադատելը այնքան էլ արդարացուած չէ:

Միւս կողմից, երբ Հայաստանը նոր դեսպանութիւն է հիմնում որեւէ երկրում, ապա անհրաժեշտ է հայ հարկատուներին բացատրել, թէ ինչո՛ւ է տուեալ երկրում կարեւոր եւ առաջնային դիւանագիտական ներկայացուցչութիւն ունենալը: Խօսքը, անկասկած, այն պետութիւնների մասին չէ, որտեղ դեսպանութիւն ունենալը պարզապէս պարտադիր է` Ուաշինկթըն, Փարիզ, Պրիւքսել, Մոսկուա, Թեհրան, Պէյրութ, Թիֆլիս եւ այլն: Խօսքը, օրինակ, Դանիայի, Մեքսիքայի, Ինտոնեզիայի, Վիեթնամի ու Վատիկանի մասին է:

2013 թուականի մարտի 7-ին Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւն ստեղծելու մասին» Հայաստանի նախագահի հրամանագրի նախագծին: Կառավարութեան հիմնաւորման համաձայն, Վատիկանի հետ յարաբերութիւնների խորացումը կարեւորւում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգեւոր, այլեւ` քաղաքական ազդեցութեամբ: Սուրբ Աթոռը ՄԱԿ-ում եւ Եւրոպայի Խորհրդում դիտորդ է, անդամակցում է ԵԱՀԿ-ին եւ մի շարք այլ միջազգային կազմակերպութիւնների: Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան հիմնաւորման համաձայն, դեսպանութեան հիմնումը առաւել համակարգուած եւ ուղղորդուած կը դարձնի երկկողմ աշխատանքները, ինչպէս նաեւ կարող է նպաստել աշխարհում հայկական մշակութային արժէքների պահպանութեան գործում Սուրբ Աթոռի մասնակցութեան աշխուժացմանը:

Անկասկած, Վատիկանի հետ յարաբերութիւնների խորացումը չափազանց կարեւոր է: Միւս կողմից, սակայն, Սուրբ Աթոռում դեսպանութիւն հիմնելու որոշումը անակնկալ էր: Հայաստանը 1990-ականներից դեսպանութիւն ունի Իտալիայում: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւնը եւս տեղակայուած կը լինի Հռոմում, քանի որ Վատիկան պետութիւնը Հռոմի տարածքում է: Արդեօք հնարաւոր չէ՞ր երկու` Իտալիայում եւ Վատիկանում Հայաստանի դեսպանութիւնները համատեղել: Մինչեւ վերջերս Փարիզում Հայաստանի դեսպանն էր համատեղութեան կարգով «ծածկում» Վատիկանը:

Նիւթական եւ դիւանագիտական ներուժի պակասի պատճառով է, որ, օրինակ, Աթէնքում Հայաստանի դեսպանը համատեղութեան կարգով դեսպան է նաեւ Ալպանիայում, Կիպրոսում, Սերպիայում: Հայաստանի մի շարք դեսպաններ համատեղութեան կարգով դեսպան են նաեւ այլ երկրներում: Սա շատ բնական է, եւ անգամ հարուստ երկրներն են մէկ դեսպանութիւնով «ծածկում» մի քանի մայրաքաղաքներ: Աւելի՛ն. անցեալ տարի աշխարհի հարուստ երկրներից Մեծն Բրիտանիան եւ Քանատան համաձայնութեան եկան մի շարք երկրներում իրենց դիւանագիտական ներկայացուցչութիւնները միաւորելու շուրջ:

Հայաստանեան լրատուամիջոցներում տեղեկութիւններ են տարածուել, որ Վատիկանում Հայաստանի դեսպան է նշանակուելու Սերժ Սարգսեանի փեսան` Միքայէլ Մինասեանը(*): Աւելի՛ն. գրւում է, որ դեսպանութիւնը բացւում է հէնց Մինասեանի համար:

Անկախ նրանից, թէ ով կը նշանակուի դեսպան Վատիկանում, փաստ է, որ Սուրբ Աթոռում դեսպանութիւն հիմնելու որոշումը կայացուել է հապշտապ կարգով: 2013 թուականի պիւտճէով նախատեսուած էր դեսպանութիւններ բացել Մեքսիքայում, Ինտոնեզիայում եւ Վիեթնամում, բայց` ոչ Վատիկանում: Մեքսիքայում, Ինտոնեզիայում եւ Վիետնամում դեսպանատներ բացելու համար պետական պիւտճէից յատկացուել է աւելի քան 1 միլիոն տոլար:

Հայաստանը դեսպանատներ սկսել է հիմնել 1992-ից ի վեր: Այսօր Հայաստանը դիւանագիտական ներկայութիւն ունի աշխարհի շուրջ չորս տասնեակ երկրներում: Որոշ դէպքերում խիստ վիճելի է դեսպանութիւններ ունենալու նպատակայարմարութիւնը: Բերենք մէկ օրինակ միայն: 2011-ին Հայաստանը դեսպանութիւն բացեց Դանիայում, իսկ դեսպան նշանակուեց 32-ամեայ Հրաչեայ Աղաջանեանը, ով դիւանագիտական որեւէ փորձ չունէր, արտաքին գործերի նախարարութեան համակարգում չէր աշխատել: Տպաւորութիւն էր ստեղծւում, որ Քոփենհակընում Հայաստանի դեսպանութիւնը բացւում է հէնց Հրաչեայ Աղաջանեանի համար:

Արդեօք Դանիան առաջնահերթ նշանակութիւն ունի՞ Հայաստանի համար: Հայաստան-Դանիա երկու տասնամեակների դիւանագիտական յարաբերութիւնների պատմութիւնը ցոյց է տալիս, որ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտում համագործակցութիւնը եղել է ցածր մակարդակի վրայ:
Նոյնը վերաբերում է նաեւ Վատիկանին: Արդեօք հնարաւոր չէ՞ր, որպէսզի Իտալիայում Հայաստանի դեսպանը համատեղութեան կարգով դեսպան լինի նաեւ Սուրբ Աթոռում: Չէ՞ որ երկու տասնամեակ Փարիզում Հայաստանի դեսպանը համատեղութեան կարգով դեսպան է եղել նաեւ Վատիկանում:

2013 թուականի պետական պիւտճէով Հայաստանի արտաքին գործերի նախարարութեանը յատկացուել է աւելի քան 10,5 միլիառ դրամ կամ շուրջ 260 միլիոն տոլար: Արտերկրում Հայաստանի դեսպանութիւնների եւ ներկայացուցչութիւնների պահպանման համար այս տարուայ պիւտճէով յատկացուել է 7,6 միլիառ դրամ կամ աւելի քան 185 միլիոն տոլար:

Հարիւրաւոր հայ դիւանագէտներ իրենց ընտանիքներով ժամանակաւորապէս բնակւում են այլ պետութիւններում: Նրանց համար վարձակալուած բնակարանների համար վճարւում է Հայաստանի պիւտճէով` մեր, հարկատուների հաշուին: Ըստ մեր ունեցած տեղեկութիւնների, վարձակալուած ամենաթանկ բնակարանը գտնւում է Փարիզում, որտեղ ժամանակին բնակւում էր այն ժամանակ դեսպան, այսօր արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը: Այդ նոյն բնակարանում այսօր բնակւում է Ֆրանսայում Հայաստանի դեսպան Վիգէն Չիթեչեանը: Բնակարանը գտնւում է Էյֆելեան աշտարակի հարեւանութեամբ: Ամէն ամիս այդ բնակարանի համար վճարւում է աւելի քան 6.000 եւրոյ:
Անկասկած, հայ դիւանագէտները պէտք է արժանապատիւ աշխատավարձ ստանան ու ապահովուած լինեն կենցաղային բարւոք պայմաններով: Սակայն, միւս կողմից, պաշտօնական տուեալներով 35 տոկոս աղքատութեան ցուցանիշ ունեցող Հայաստանի համար այս միլիոնները ճոխութիւն են թւում:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յատուկ «Ազդակ»-ի համար
«ԱԶԴԱԿ», 11 Մարտ 2013

(*) Մարտի 9-ին, Հանրապետութեան նախագահի հրամանագրով Միքայել Մինասյանը նշանակուել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան (նստավայրը` Վատիկան):

Տպել Տպել