ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նոր գրասենյակ է բացել Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանում

ANCA LOGO CA Central CoastԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նոր գրասենյակ է բացել Կալիֆոռնիայի կենտրոնական եւ ափամերձ շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի հանձնախմբից, այս նոր գրասենյակն առանցքային նշանակություն կունենա հայ-ամերիկյան գործակցությունն այս շրջանում խթանելու և ընդլայնելու հարցում: Կալիֆոռնիայի կենտրոնական և ափամերձ շրջանը ներառում է Սանտա Բարաբարա, Օքսնարդ, Վենտուրա և Սան Լուիս Օբիսպո քաղաքները: Այստեղ են գտնվում նաև երկու աշխարհահռչակ համալսարանները:

Նոր գրասենյակի շնորհիվ տեղի երիտասարդ և կենսունակ հայկական համայնքը այժմ ակտիվ մասը կկազմի Միացյալ Նահանգների հասարակական և քաղաքական ընդարձակ ցանցին: Գրասենյակի առաքելությունն է ակտիվորեն համագործակցելով տեղի հայ համայնքի հետ` բարձրացնել համալսարանների ուսանողների և տեղի բնակիչների ներգրավվածությունը հայ համայնքի խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներում, որը մեծապես կնպաստի հայկական հարցի լուծմանը:

«Մենք մեծապես ոգեշնչված ենք այն հնարավորություններով, որ նոր գրասենյակը կարող է ընձեռել»,- նշել է ANCA-ի Կալիֆոռնիայի կենտրոնական ափամերձ շրջանի գրասենյակի նախագահ Թալար Յիլմազյանը:

Խորհրդի անդամ Շանթ Միզայանի կարծիքով` նոր գրասենյակի բացումը հայերի ձայնն ավելի լսելի կդարձնի ԱՄՆ կառավարության և միջազգային հանրության համար:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբի Կալիֆոռնիայի կենտրոնական ափամերձ շրջանի գրասենյակն սատարում է տեղի ամերիկահայ բնակչության սոցիալական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական իրավունքներին և նպաստում է հակական մեծ համայնքի քաղաքացիական մասնակցությանը հանրային և քաղաքական մակարդակներում:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ», 12 Մարտ 2013

Տպել Տպել