Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մինչև ապրլի 24-ը պատրաստ կլինի

Մուրադ Փափազյան

Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այժմ աշխատում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա, սակայն, առայժմ չեն ուզում հայտարարություններ անել, որպեսզի կարողանան հանգիստ ավարտել գործը։ «Տեքստի վրա ենք աշխատում, որպեսզի բոլոր շանսերը մեր կողմը լինեն։ Պետք է այնպես անենք, որ Սահմանադրական դատարանը չկարողանա այս անգամ բեկանել: Մեր իրավաբանն աշխատում է, ուզում ենք առանց ամեն քայլի մասին լուր տալու աշխատել: Չենք ուզում թուրքերին առիթ տալ, որպեսզի իրենք խոսելու տեղ ունենան: Երբ որ օրակարգում արդեն լինի, բոլորն էլ տեղյակ կլինեն, սպասենք որ լինի»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նաև նշեց, որ սա Վալերի Բուայենի նույն օրինագիծը չէ, որովհետև եթե նույնը լիներ, ապա կմերժեին և խնդիրներ կառաջանային. «Նույնը ներկայացնել չի կարելի, մենք ուրիշ ու շատ լուրջ աշխատանք ենք անում, իրավաբաններ և շատ ու շատ ուրիշ մասնագետներ մեզ համար աշխատում են: Վալերի Բուայենի օրինագիծը մեկ անգամ բեկանվեց, եթե երկրորդ անգամ ներկայացվի, ապա նորից կբեկանվի, ուրեմն դա անել չի կարելի»:

Անդրադառնալով համացանցում ընթացող՝ Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ «այո» կամ «ոչ» տարբերակներով քվեարկությանը՝ Մուրադ Փափազյանն ասաց, որ տեղյակ է դրանից, սակայն չգիտի թե այն կոնկրետ ով է նախաձեռնել. «Թող լինի՝ խնդիր չէ։ Մենք հիմնականի վրա կաշխատենք։ Չգիտեմ, չեմ էլ հետքրքվել, թե ով է նախաձեռնել, ազատ են՝ թող այդպիսի բաներ անեն, մենք էլ մեր գործը առաջ կտանենք»:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք կաշխատեն, որ մինչև այս տարվա ապրիլի 24-ն օրինագիծը պատրաստ լինի:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել