Ավարայրից Արցախ` նույն ոգով

DavitIshkhanyan-5 ՙԱպառաժ՚-ի հարցերին պատասխանոմ է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Փետրվարին Կանադայում ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ եւ Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին:

Միջոցառումներին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

– Այս տարի աշխարհի շատ երկրներում են նշել Արցախյան շարժման 25-ամյակը: Ի՞նչ եք կարծում, հոբելյանական ամյակո՞վ էր պայմանավորված այն եւ ի՞նչ նշանակություն ունի:

-Ամեն տարի սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում տեղի են ունենում Արցախյան շարժման ամյակի տոնակատարություններ, որոնք սովորաբար կրում են ներազգային եւ ներհամայնքնային բնույթ, իսկ այս` հոբելյանական տարին առանձնահատուկ եւ լայնամասշտաբ է նշվում տարբեր գաղթօջախներում` ընդգրկելով քաղաքական լայն շրջանակներ, կարեւոր հաստատություններ: Նպատակն է` առիթն օգտագործելով` արտերկրում ավելի ճանաչելի դարձնել Արցախի հիմնահարցը, ինչպես նաեւ խթան է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:

Այս տարի Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի առիթով ձեռնարկներ են կազմակերպվել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ շատ լուրջ դերակատարություն ունի ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցը:

ՀՅԴ Արցախի կառույցը, համադրաբար ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հետ, քննարկել է եւ փորձում է նման ձեռնարկները ներհայկական շրջանակի սահմաններից դուրս տեղափոխելու կարելիությունը` շեշտադրում կատարելով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի վրա:

Տարբեր երկրներում կազմակերպվող ձեռնարկներին, որպես բանախոսներ, հրավիվել են Արցախի իշխանության եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի հրավիրով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Հունաստանում կազմակերպված ձեռնարկներին:

Լիբանանում ՀՅԴ կառույցի նախաձեռնությամբ Արցախյան շարժման նվիրված ձեռնարկներին է մասնակցել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ միջոցառումներ են իրականացվում Միացյալ Նահանգներում: Ուշագրավ է, որ Կոնգրեսում իրականացված ձեռնարկին հրավիրված էր եւ ելույթով հանդես է եկել ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

– Դուք մասնակցել եք Կանադայում կազմակերպած ձեռնարկներին: Ի՞նչ ձեւաչափով եւ ինչպե՞ս անցան այդ միջոցառումները:

-ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ եւ ՀՀ դեսպանության աջակցությամբ Կանադայի Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:

-Միջոցառումները կրում էին հիմնականում ներհայկական բնույթ: Երկու քաղաքներում էլ ձեռնարկներին մասնակցում էին 600-ից ավելի հյուրեր. խոսք փոխանցեց նաեւ ՀՀ հյուպատոս պարոն Արամ Հակոբյանը:

Կանադայում ականատես եղանք կազմակերպված համայնքային ձեռնարկների:
Առիթ ունեցա հաղորդակցվելու այլ կազմակերպությունների, կրթական հաստատությունների աշխատանքներին:

Բավականին ոգեւորված էի` տեսնելով Կանադայի հայկական վարժարաններում, դպրոցներում ուսանող պատանիներին ու երիտասարդներին: Հենց այն օրերին, երբ ես այցելեցի վարժարաններ, Վարդանանց տոնին նվիրված ձեռնարկներ էին եւ հետաքրքիր նշանաբան էին ընտրել` ՙԱվարայրից Արցախ` նույն ոգով՚: Այսինքն` հետաքրքիր եւ ուղղակի կապ էին ստեղծել Ավարայրի, Վարդանանց տոնի օրերի եւ Արցախյան ազգային -ազատագրական շարժման օրերի միջեւ:

-Այս տարի, հատկապես Արցախյան շարժման եւ Սումգայիթի ցեղասպանության 25-ամյակի հետ կապված, աշխարհում ակտիվացել է նաեւ ադրբեջանական եւ թուրքական լոբբին: Նկատելի՞ էր արդյոք Կանադայում այդ ակտիվությունը եւ ի՞նչ պատասխան է ստանում այդ հայկական կողմից:

-Ադրբեջանական լոբբինգը նկատելի էր նաեւ Կանադայում, իհարկե` ոչ այն չափով, որքան այլ երկրներում: Այն օրերին, որ ես Կանադայում էի գտնվում, Օտտավայում ՀՀ դեսպանատան շենքի առջեւ շուրջ երեք տասնյակ ադրբեջանցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել` այսպես կոչված ՙԽոջալուի դեպքերի՚ առիթով:

Այն լուրջ հակազդեցություն ունեցավ հայերի կողմից: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա` կապված Սումգայիթի ցեղասպանության հետ: Բացի դրանից, Հայ Դատի գրասենյակը կազմակերպել է մեկամսյա ակցիա` ՙԱդրբեջանի ամոթը՚, որի նպատակն է ցույց տալ Կանադայի պետական, քաղաքական շրջանակներին եւ հանրությանը` Ադրբեջանի ոչ միայն երեկվա, այլեւ այսօրվա իրական դեմքը` իր դիկտատուրայով, կոռուպցիոն համակարգով եւ այլն:

Այսօրվա Հայկական համայնքը ոչ միայն Կանադայում, այլեւ ամբողջ աշխարհում մեծ ներուժ ունի եւ լուրջ դերակատարություն կարող է ունենալ` ավելի գործնական քայլեր կատարելու տարբեր ոլորտներում:

Շատ կարեւոր են երկկողմ այցերը, շփումները Արցախի եւ արտերկրի մեր համայնքների միջեւ, ինչպես նաեւ, մեր համայնքների միջնորդությամբ կամ օժանդակությամբ, այլազգի գործիչների ճանաչողական եւ պաշտոնական այցերն Արցախի Հանրապետություն:

Այս առումով ուշագրավ էր ԼՂՀ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Արցախ այցելած Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիջանիսի դիտորդական առաքելությունն ու հայտարարությունը Արցախի եւ ընտրությունների վերաբերյալ:

Կանադացի պատգամավորը հայտարարեց, որ ԼՂՀ-ն կարող է օրինակ ծառայել նույնիսկ շատ այլ երկրների համար:
Արցախը տարբեր ճանապարհներով ուղղակիորեն ճանաչելի դարձնելով աշխարհին, ավելի ենք մոտեցնում ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը:

Հարզացրույցը` Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Տպել Տպել