Եկել եմ ասեմ` ինձ վրա հույս չդնեք

ԵրկիրՀանրապետության նախագահը լռությունը խախտեց իշխանության համար տակտիկական առումով ամենաճիշտ պահին` Մոսկվա և Բրյուսել կատարած աշխատանքային այցերից, այսինքն` արտաքին աշխարհի կողմից իրեն տրված լեգիտիմությունը վերահաստատելուց հետո: Ասուլիսում ներկայացավ ոչ թե ընտրություններում ստացած խիստ երերուն վստահության քվեներից շփոթված, հետընտրական զարգացումներից զգուշացող գործիչ, այլ սեփական հաղթանակում վստահ, իր հետագա քայլերն արդեն հաշվարկած նախագահ, ով իրերի դասավորությանը, հասարակական հարաբերություններին ու քաղաքական զարգացումներին շարունակում է նայել միևնույն`Բաղրամյան 26-ի իր աշխատասենյակի պատուհանի ռակուրսով:

Եթե փորձենք ընդհանրացնել այն ուղերձների տրամաբանությունը, որոնք նա հղեց հասարակությանը, նոմենկլատուրային և քաղաքական ուժերին, ապա, ըստ էության, նախագահն ընդամենը հավաստիացնում էր, որ որևէ էական, կտրուկ փոփոխության սպասելիք իրենից չպետք է ունենալ, և որ հետընտրական զարգացումներից իշխանությունը դասեր քաղելու, որոշակի հետևություններ անելու խնդիր չունի: Այս իրողությունը նա բացահայտեց երեք հիմնական ուղղություններով:

Ա. Նա հասկացրեց, որ տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց չի տեսնում ու ճանաչում նրա թիկունքում գտնվող` իշխանության թեկնածուի օգտին չքվեարկած գրեթե 750 հազարանոց ընտրազանգվածն իր բազմաթիվ խնդիրներով ու պահանջներով: Ահա, թե ինչու է նա Հովհաննիսյանին հանդիպելու անհրաժեշտությունը գնահատում ոչ թե նրա օգտին քվեարկած 540 հազար ընտրողների բանակով, այլ Ազատության հրապարակում ընդամենը 3 հազար մարդ տեսնելով: Բացի դրանից` Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե երկար է մտածել այն համապետական միջոցառման մասին, որն իրենից ակնկալում է ընդդիմության ներկայիս առաջնորդը և եկել այն եզրակացության, որ պետք է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, Րաֆֆին էլ դարձնել դրա պատվավոր նախագահը: Նախ` դժվար է ասել` ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարծում, որ այս պահին հրապարակ դուրս եկող հանրության ամենամեծ ու լուրջ սպասելիքը հենց սահմանադրական բարեփոխումներն են: Սակայն էականը ոչ այնքան դա է, որքան Սահմանադրությունն այսքան հեշտությամբ պարապ վախտի խաղալիք դարձնելու պատրաստակամությունը: Ստացվում է, որ կարելի է այն դարձնել մաստակ «անտանելի դարձող ծերուկի», տվյալ դեպքում` ընդդիմության բերանը խցկելու համար, երբ դրա փոփոխությունների անհրաժեշտությունը չի կարողանում ձևակերպել անգամ ինքը երկրի ղեկավարը:

Բ. Փորձելով նսեմացնել հանրային դժգոհության գործոնը` որպես իշխանության արդյունավետության չափորոշիչ, Սերժ Սարգսյանը, փաստորեն, ամրապնդում է իշխանության անփոփոխելիության սկզբունքով առաջնորդվելու իր և քաղաքական մեծամասնության հավատամքը: Դա ձևակերպում է այսպես. «Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը պակասի, ես համարում եմ, որ դեռեւս շատ շատ տեւական ժամանակահատվածում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվն ավելանալու է, պրոբլեմների լուծման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են: …Բայց մի հատ նայեք՝ Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել, էդ ի՞նչ ա նշանակում, որ գոնե քվեարկողների 72%-ը դժգոհ է եղել: Այսինքն` իշխանավորը, հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է»: Ավելի անհաջող համեմատություն ուղղակի հնարավոր չէր կատարել: Որովհետև եթե Ֆրանսիայում դժգոհ քաղաքացիների թիվը հասնում է 72 տոկոսի, 27 տոկոս հավաքած «Սարկոզիի պես մարդն» այլևս նախագահ չի լինում, մինչդեռ Հայաստանում, տարօրինակ կերպով, որքան դժգոհների թիվն ավելանում է, այնքան աճում է իշխանության ստացած քվեի, այսինքն` իշխանությանը հավատացողների տոկոսը: Եվ եթե այս տրամաբանությանը հետեւենք, ապա ՀՀԿ-ական իշխանությունը չպետք է երբևէ ավարտվի: Ուստի չպետք է զարմանալ, որ եթե ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով 44 տոկոս քվե է ստանում, նախագահական ընտրություններում նույն իշխող կուսակցության ղեկավարն արդեն 58.7:

Գ. Նախագահը բաց տեքստով ասաց, որ իշխանությունը ո’չ իր դեմքն է փոխելու, ո’չ էլ դիմագիծն ու աշխատաոճը: «Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), եւ դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես դրա մասին ասել եմ եւ արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեեւ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն»: Եվ քանի որ իշխանությունը, ինչպես բոլոր, այնպես էլ այս հարցում, առաջնորդվում է այն սկզբունքով, որ դրանք օլիգարխներ չեն, ուրեմն` Հայաստանում օլիգարխներ ընդհանրապես չկան: Այսինքն` կային, բայց հենց փաստաթղթերը կարգի բերեցին, ուղղակի հօդս ցնդեցին: Այլ կերպ ասած` պետք է համակերպվել այն մտքի հետ, որ նման դեմքերը շարունակելու են ասպատակել խորհրդարանը և հանգրվանել իշխող ու այլ կուսակցությունների նախընտրական ցուցակներում: Բացի այն, որ այսպիսով նախագահը մերժում է «ախոռները մաքրելու»` հանրային ամենաակտուալ սպասելիքը, նա նաև իր պաշտպանության տակ է առնում այս կոնտինգենտին և նրանց անուղղակի հասկացնում` դեռ երկար ժամանակ ձեր խաթրին կպչող չի լինելու: Նույնը վերաբերում է նաև վարչակազմին, ավելի կոնկրետ` կառավարությանը, որը լուրջ փոփոխությունների, ըստ ամենայնի, չի ենթարկվելու: Կարելի է նույնիսկ ենթադրել ու անգամ վարչապետի փոփոխություն չսպասել, ինչը նշանակում է, որ չի փոխվելու նաև այս կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:

«Այսօր դեռևս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս: …Ասել եմ, որ այս կառավարությունը պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: 2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատմամբ`համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցե և պակաս: …Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են»,- ասում է Սերժ Սարգսյանը: Հաշվի առնելով փաստաթղթերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը, պետք է ենթադրել, որ նախագահն առանձնապես չի խորացել այնպիսի մանրուքներում, ինչպիսիք են, օրինակ, այն, թե որքանո՞վ են արժանահավատ պաշտոնական վիճակագրական տվյալները, կամ եթե անգամ 7 տոկոսանոց աճ է արձանագրվել, ապա որքանո՞վ է դա ազդել ՀՀ միջին քաղաքացու կենսամակարդակի վրա: Բայց, արդյոք, դա այլևս հետաքրքրական է, կարևորը, որ հանրապետության նախագահը վերջապես խախտեց երկարատև լռությունը…

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ

yerkir.am

Տպել Տպել