Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ -ն կմասնակցի կազմակերպված եւ հնարավորինս կապահովի ընտրողների ձայների առավելագույն քանակ

աղվան-վարդանյանն Իսկապես, մենք մտածում էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին միավորվելու, այդ ընտրություններում քաղաքական պայքարի ճանապարհով գնալու հնարավորություն կտար եւ ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն ու անհնարը:

Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ քննարկումներ են տեղի ունեցել «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի հետ թե միասին, թե առանձին-առանձին, սակայն մոտեցումների տարբերությունները թույլ չտվեցին միավորվել եւ միասնական ցուցակ կազմել:

«Դաշնակցության խիղճը մաքուր է, քանի որ մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի քաղաքական ուժերը համաձայնության գան: Յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կմասնակցի այդ ընտրություններին, սակայն դա չի նշանակում, որ համագործակցությունը կդադարեցվի: Արդեն Երեւանի ավագանու ընտրություններից հետո, հնարավոր է, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեն համատեղ աշխատանքի համար»,-ընդգծել է Վարդանյանը:

Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը կմասնակցի շատ կազմակերպված, եւ կարվի ամեն հնարավորը ընտրողների ձայների առավելագույն քանակ ապահովելու համար:

Ըստ նրա՝ նախընտրական քարոզարշավը եւ կուսակցության մոտեցումներն այս կամ այն հարցին ընտրողներին կհամոզեն քվեարկել ՀՅԴ-ի օգտին: «Այս անգամ պետք է վստահել Դաշնակցությանը եւ քվեարկել մեր կուսակցության օգտին: Դա մեզ համար պատվի եւ պատասխանատվության հարց է»:

Ի պատասխան հարցին, թե որն է պատճառը, որ քաղաքական ուժերն, այդ թվում նաեւ՝ Դաշնակցությունը, չեն շտապում ներկայացնել իրենց ցուցակները ԿԸՀ-ում, չնայած որ դիմումների ընդունման ժամկետն ավարտվում է մարտի 21-ին, Վարդանյանը նշել է, որ հավանաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ տեխնիկական խնդիրներ ունի: «Վերջիվերջո, ցուցակները մեծ են, պետք է հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կարծում եմ՝ բոլորն էլ ժամանակին կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը»:

Տպել Տպել