ՀՅԴ-ն իր ամբողջ ներուժն ու հնարավորությունները ցույց կտա Երեւանի ավագանու ընտրությանը

Աղվան փոքր Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հատարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունները հնարավորություն են ՀՅ Դաշնակցության համար ապացուցելու այն կշիռը և հնարավորությունները, որոնք ունի կուսկացությունը:

«Մենք առաջարկել ենք մեր օրակարգը և ճանապարհային քարտեզը, ինչը կարող է ընդհանրական լինել և՚ իշխանության, և՚ ընդդիմության համար: Մեզ համար այս ընտրությունները հնարավորություն են ապացուցելու, որ Դաշնակցության հնարավորություններն ու կշիռը այն չէ, ինչը գրանցվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մենք մայիսի 5-ին ավելի մեծ մասնկացություն ենք ապահովելու»:

Նրա խոսքով` ներքաղաքական դաշտում կա երկու խնդիր, որոնցից մեկը ստեղծված հետընտրական լարվածությունն ու զարգացումներն են, երկորրդը`Երևանի ավագանու ընտրությունները: «Վիճակը հանգուցալուծում է պահանջում, և դա կարող է լինել միայն քաղաքական համաձայնության դաշտում: Այն շեմը, նշաձողը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է դրել` «իմ դիակի վրայով», ընդամենը մոտեցում է, բայց չգիտեմ ինչ է դա տալու և ինչ է կատարվելու հասարակության հոգեբանության մեջ»,- կարծիք է հայտնել Վարդանյանը:

Նա նաև ընդգծել է, որ պետք է միասին մտածել այս վիճակից դուրս գալու ելքերի մասին. «Մենք ամեն ինչ արել ենք, որ ընդդիմադիր դաշտը գնա միասնական ճակատով, բայց չստացվեց, գուցե լավն էլ սա է»:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերը ընտրություններին առանձին մասնակցելիս իրենց ուժերն ավելի կկենտրոնացնեն և ավելի լավ արդյունք կունենան: Այնուհետև նրանք կարող են համագործակցել ավագանու կազմում: Իսկ եթե ընտրություններին դաշինքով մասնակցեն, նրանք իրենց ուժերը ամբողջությամբ չեն կարողանա օգտագործել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը չհամաձայնեց իշխանության այն տեսակետի հետ, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղական ինքնակառավարման ընտրություններ են, և պետք չէ այն քաղաքականացնել: «Մենք սա համարում ենք քաղաքական պայքար և մայրաքաղաքը արդյունավետ կառավարելու պայքար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ իշխանությունները վարչական ողջ ռեսուրսը արդեն գործի են դրել, ֆինանսական հոսքերը սկսել են աշխատեցնել, և թաղային հեղինակությունները սկսել են շրջել թաղերում:

«Իշխանությունները յուրաքանչյուր ընտրությունից հետո ասում են, որ այս ընտրությունները նախորդներից կատարյալ են. եթե այսպես շարունակվի, ես վախենում եմ, որ «կատարելության» այդ ձգտումը սահման չի ունենա»: ՀՅԴ-ին վախեցնում են իշխանության ընտրությունից-ընտրություն կատարելության մասին հայտարարությունները. «Մենք մի բան գիտենք`Երեւանը չի վաճառվում:

Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարություններին, որ Տարոն Մարգարյանը վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն է, Վարդանյանն ասել է. «Ով է չափել, որ վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետը գործող քաղաքապետն է: Քաղաքապետարանի աշխատակազմի մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, բայց եթե խոսեք մարդկանց հետ`կասեն, որ ավելի լավ քաղաքապետեր էլ ենք ունեցել: Շարմազանովի հայտարարությւոնը նույն օպերայից է, որ մեկ անգամ էլ ենք լսել: Երեւանցիները իրենց մտքով են քվեարկելու, երիտասարդ քաղաքական գործիչ Շարմազանովի թելադրանքով չեն քվեարկելու»:

Տպել Տպել