Սա ուրիշ ընտրություն է

Աղվան3 Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու Դաշնակցության ցուցակը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այն ուժն է, որն ունի թիմ, առողջ, մասնագետ, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ, եւ իր հստակ մոտեցումները` երկրի եւ քաղաքի կառավարման վերաբերյալ:

ՀՅԴ-ն, ըստ պարոն Վարդանյանի, այս պայքարի մեջ է մտնում ոգեւորված եւ վստահ` իր հաղթանակում:

Դաշնակցության ներկայացուցիչը պատասխանեց մեր հարցերին:

– Պարոն Վարդանյան, տարբեր ընտրություններում Դաշնակցության ցուցակում մշակույթի ականավոր գործիչներ են եղել: Այս անգամ կա՞ն, թե ոչ:

– Ականավոր գործիչներ չէի ասի, որ կան: Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանայինք համախմբված ցանկ ներկայացնել եւ մի քանի ուժեր լինեին, այդ ժամանակ իսկապես եւ մշակույթի ու տարբեր ոլորտների հեղինակավոր եւ ճանաչված մարդիկ մեծ տեղ կունենային, քանի որ նրանք նաեւ համախմբման կողմնակից էին: Բայց, քանի որ դա տեղի չունեցավ, մենք այդ կարգով չենք մոտեցել: Մենք բերել ենք թիմի խնդիրը եւ նաեւ տարածքներում աշխատելու, իսկապես տարածքների խնդիրներին ծանոթ մարդկանց ցանկ ենք կազմել եւ վստահ ենք, որ կունենանք շատ ուժեղ թիմ:

– Իսկ նախագահական ընտրություններին չմասնակցելու փաստը այս ընտրություններում ՀՅԴ-ի վարկանիշի վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա:

– Այս անգամ ՀՅԴ-ն հավաքելու է շատ ավելի քվեներ: Նախագահական ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են: Մենք համոզված ենք, որ ճիշտ ենք արել, որ չենք մասնակցել նախագահական ընտրություններին, եւ կարծում եմ, որ նաեւ հայտարարված արդյունքները մեր ճշգրիտ լինելու վկայությունն են: Սա այլ ընտրություն է: Նախագահականում մեկը ստանում է ամեն ինչ, մյուսները` ոչինչ: Սա քաղաքական ուժերի համամասնական ընտրություն է, որտեղ յուրաքանչյուր ուժ ստանում է իր բաժինը: Կրկնում եմ` այս անգամ փորձելու ենք ամեն ինչ անել, անկեղծ, ազնիվ խոսել մեր քաղաքացիների հետ եւ համոզել, որ այս անգամ ճիշտը Դաշնակցության կողքին կանգնելն է, որովհետեւ մենք միշտ իրենց կողքին ենք եղել:

– Իսկ ՀՅԴ-ն ներկայացնող ավագանու անդամներն իրենց գործառույթներն իրացնելիս` ո՞ր քաղաքական ուժերի հետ պատրաստ կլինեն համագործակցելու:

– Ոչ իշխանական ուժերի հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

Տպել Տպել