Հանրապետականի արձագանքը Դաշնակցությանը մտածելու տեղիք է տալիս

Armen111ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշում է, որ մտածելու տեղիք է տալիս Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը Դաշնակցության հայտարարությանը:

Դաշնակցությունը հայտարարել է, թե Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: Սրան ի պատասխան Սահակյանը նշել էր, թե Հանրապետականը չի կարող որեւէ առնչություն ունենալ սպանությանը։

«Շատ բան հենց այդտեղ է թաքնված։ Ես որեւէ ուժի կոնկրետ չեմ մեղադրել, ես ասել եմ, որ ինչի արդյունք սա կարող է լինել՝ ինչ երեւույթի, ինչ մթնոլորտի արդյունք», – ասում է Ռուստամյանը՝ բխեցնելով. – «Եթե մարդիկ իրենց են վերագրում այդ մեղադրանքները, այստեղ արդեն մտածելու տեղիք է տալիս։ Ահաբեկման տարբեր մեթոդներ կիրառվել են, դրա մասին է խոսքը, որի մասին մենք ասում ենք, բայց իրենք չեն ուզում դա ընդունել։ Եվ եթե միանգամից հասցեավորված իրենց վրա են դա ընդունում, դա արդեն մտածելու տխուր առիթ է տալիս»։

Ռուստամյանը նշում է, որ իրենք ամենեւին էլ Հանրապետականին նկատի չունեն, այլ անդրադարձել են գյուղապետի շուրջ ստեղծված լարված մթնոլորտին, նրա նկատմամբ կատարված ոտնձգություններին ու ահաբեկչություններին, գյուղապետարանում կառավարման տարբեր օղակների անհարկի ստուգումներին:

«Պարտադիր չէ, որ իշխանություններն անպայման ամեն ինչ ծրագրավորված իրականացնեն։ Բավական է ստեղծել այդպիսի մթնոլորտ եւ կգտնվեն միշտ լկտիներ, ցինիկներ, հանցագործ տարրեր, որոնք դրանից կօգտվեն։ Սրա մասին է խոսքը», – հավելում է դաշնակցական գործիչը։

Նաիրա Բուլղադարյան
azatutyun.am

Տպել Տպել