Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Ջոն Քերիին հրավիրել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը

QerriԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը (ANCA) պաշտոնապես հրավիրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և պետդեպարտամենտի աշխատակիցներին ներկա գտնվել ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, նամակում նշվում է, նախկինում սենատոր Քերին միշտ կողմ է եղել, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայ դատի հանձնախումբը Քերիին հորդորել է դա անել նաև պաշտոնական մակարդակով՝ որպես ԱՄՆ պետքարտուղար:

«Մենք հույս ունենք, որ կընդունեք մեր հրավերն ու ներկա կգտնվեք մեր միջոցառմանը»,-ասել է Խաչիկյանը Քերիին ուղղված նամակում:

Խաչիկյանն ընդգծել է, որ թեև վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները` ներառյալ Ազգային անվտանգության խորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի անդամները մինչև 1990 թ-ը հաճախակի մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություններին, սակայն վերջին շրջանում խզում է նկատվում այդ գեղեցիկ ավանդույթից: «Եթե հաշվի չառնենք քիչ թվով ԱՄՆ պաշտոնյաների` երբեմն նաեւ ոչ պաշտոնական այցերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կարող է թվալ, որ վերջին տասնամյակում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք չեն մատուցել այս ոճրագործության զոհերի հիշատակի կապակցությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից կազմակերպված միջոցառումներին»,- նշվում է նամակում: Խաչիկյանը նաեւ հիշեցրել է, որ Կոնգրեսում տարեկան կազմակերպվող ոգեկոչման արարողություններին Քերին անձամբ ելույթ է ունեցել:

Խաչիկյանը հույս է հայտնել, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում այս տարի կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը «Մեծ Եղեռնի» փոխարեն:

Ապրիլի 24-ին Կալիֆորնիայի եւ Նյու Յորքի հայ համայնքը նշելու է այդ օրը որպես հիշատակի ու սգո օր:

armenpress.am

Տպել Տպել