Հրաչ Մուրադյանի տեսակը սպանում են Հայաստանում. ահազանգ Ստեփանակերտից

Երեկ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ազատամարտիկ, ՀՀ Պռոշյան համայքի ղեկավար, Պռոշյանում ապրիլի 2-ին դեռեւս անհայտ պայմաններում սպանված Հրաչ Մուրադյանին նվիրված հուշ-երեկո ՀՅԴ Արցախի Կենտոնական կոմիտեի եւ Ստեփանակերտի <<Արթուր Մկրտչյան>> կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ:

Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով մասնավորապես խոսել է Հրաչ Մուրադյան ազատամարտիկի եւ տեսակի մասին: Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ<<.. ինչու՞ արժանվույնս չճանապարհեցին մեր մարտական ընկերոջը, ինչու՞ նրա թաղմանը ներկա չէին մեր ազատամարտիկները։ Ինչու՞ մեր իշխանություններն արժանի կերպով այդ հրաժեշտը չկազմակերպեցին։ Այս միջոցառմանն էլ հատուկ հրավիրատոմսեր էին ուղարկված, սակայն նրանք, ովքեր ստացել են այդ հրավիրատոմսերը՝ չեկան։ Ես կարծում եմ,որ այս ամենը միտումնավոր է կատարվում…>>:

Հուշ-երոկոյի ընթացքում մարտական ընկերոջ մասին խոսել եւ նման դեքպի մասին ահազանգել է Արկադի Կարապետյանը. <<Թեեւ չեմ հավատում դեռեւս, որ նա չկա, սակայն նա իր մահով անգամ ահազանգեց, որ իր տեսակը սպանում են Հայաստանում։ Հրաչի մահը չի կարելի անպատիժ թողնել, մենք պետք է անպայման արձագանքենք դրան>>:

Ցուցադրվել է նաեւ Հրաչ Մուրադյանի եւ իր ընկերների մասին պատմող Սամվել Թադեւոսյանի <<Տղերք, մենք եկանք>> ֆիլմը, իսկ ֆիլմի ռեժիսոր եւ Հրաչ Մուրդյանի ընկեր Սամվել Թադեւոսյանը պատմել է իր ընկերոջ անցած ճանապարհի եւ ընկերների կիսատ թողած գործի շարունակության կարեւորության մասին:

Հուշ-երեկոյի մասին ավելի մանրամասն կներակայացնենք հավելյալ:

aparaj.am

Տպել Տպել