Իսպանիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը

konferansԻսպանիայի Թագավորության Սենատում ապրիլի 11-ին կայացել է «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» խորագրով կոնֆերանս: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ և կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող բարձրաստիճան դիվանագետներ, Լիտվայի և Իռլանդիայի դեսպանները, քաղաքական փորձագետներ, Հայաստանի հետ փոխգործակցող իսպանացի գործարարներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառումը վարել է Իսպանիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս-Ալոնսո Լեդոն:

Իր ողջույնի խոսքում նա, գնահատելով նման միջոցառումը որպես «փայլուն առիթ իսպանացի օրենսդիրների կողմից բարեկամ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Իսպանիայի համակրանքն արտահայտելու համար», անդրադարձել է հայ-իսպանական պատմական կապերին, մասնավորապես՝ Հայկական Կիլիկիայի վերջին` Լևոն 5-րդ թագավորին 14-րդ դարում Կաստիլյայի Խուան Առաջին թագավորի կողմից ապաստան տալու և իսպանական երեք քաղաքների (այդ թվում՝ Մադրիդի) տիրությունը Լևոն 5-րդին շնորհելու պատմական փաստին: Ալեխանդրո Մունյոս-Ալոնսո Լեդոն խոսել է նաև Հայաստանի խորհրդայնացումից հետո Ստալինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ ընդգրկելու մասին՝ որակելով այն որպես «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վառ օրինակ:

Իսպանիայի Խորհրդարանի անունից բանախոսող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում իսպանական պատվիրակության նախագահ Խոսե Մարիա Բենեյտոն նշել է, որ Իսպանիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու խնդրի ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Անդրադառնալով հայ-իսպանական կապերին Խոսե Մարիա Բենեյտոն նշել է, որ հարկավոր է խորացնել ոչ միայն քաղաքական երկխոսությունը, այլ նաև նպաստել հայ-իսպանական գործարար կապերի ընդլայնմանը՝ ընդգծելով Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման անհրաժեշտությունը: «Լինելով շատ լավ բարեկամներ, ունենալով շատ ընդհանրություններ թե՛ հավատքի, և թե՛ պատմական անցյալի առումներով՝ մենք պետք է հզորեցնենք մեր կապերը»,- եզրափակել է բանախոսը:

Հայ-իսպանական հարաբերությունների ամփոփ ներկայացմամբ հանդես է եկել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որին հաջորդել են Հայաստանի օրենսդիր մարմնի պատվիրակների ելույթները:
Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացրել է Հայաստանի արձանագրած հաջողությունները եվրաինտեգրման ճանապարհին՝ կարևորելով մոտ ապագայում Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը, որը նոր էջ և ելակետ կդառնա պատմականորեն եվրոպական քաղաքակրթություն հանդիսացող և ժողովրդավարական արժեքների կրող Հայաստանի համար:

Եվրանեստ Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ելույթը կրում էր` «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ակունքներ, զարգացումներ և ներկայիս իրավիճակ» խորագիրը, որի ընթացքում բանախոսն անդրադարձել է հիմնախնդրի պատմական ու քաղաքական դրդապատճառներին, իրավական ասպեկտներին, ինչպես նաև ներկայացրել բանակցային գործընթացում ադրբեջանական կողմից դրսևորվող ապակառուցաղական վարվելակերպին հակառակ` հայկական կողմի հետևողական ու հավասարակշռված պահվածքը` հանուն ողբերգական անցյալի հաղթահարման, տարածաշրջանի խաղաղ ապագայի և համակեցության:

Ելույթով հանդես է եկել նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ, իսպանացի ճանաչված գրող և լրագրող, Հայոց ցեղասպանության թեմային նվիրված բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանը, որն իր խոսքում մեծ հարգանք և հիացմունք է արտահայտել հայ ժողովրդի փառապանծ անցյալի, ազատասիրության, այդ թվում` արդար ազատագրական պայքարում հաղթանակած Արցախի ժողովրդի նկատմամբ, որի վերածննդի ականատեսն է եղել անձամբ 2007թ.-ին՝ Հայաստան և Արցախ իր այցելության ժամանակ:

Իսպանիայի Խորհրդարանի վերին պալատում կազմակերպված միջոցառումն ավարտվել է բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի նկարահանած Արցախի ազատագրական պայքարին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

panorama.am

Տպել Տպել