ՓԱՐԻԶ, «Մեդիամաքս».- Ֆրանսիայի մայրաքաղաքում Ապրիլի 12ին կայացել է «2013-2017թթ. Հայ Դատի նոր հեռանկարները» խորհրդաժողովը:
Փարիզի Հայկական մշակոյթի տանը կայացած այս խորհրդաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Հրաչ Վարժապետեանը եւ Հայ Դատի վաշինգտոնեան գրասենեակի խօսնակ Էլիզապեթ Չուլճեանը: Նրանք ներկայացրել են իրենց յանձնախմբերի մարտավարութիւնները, յետագայ միջոցառումները եւ պատասխանեցին ներկաների հարցերին:
Չնայած տարբեր երկրների Հայ Դատի յանձնախմբերի մշտական կապին, առաջին անգամն էր, որ ներկայացուեց եւրոպական եւ ամերիկեան կողմերի տեսակէտը միեւնոյն հարցին:
Մեդիամաքսի հետ զրոյցում Էլիզապեթ Չուլճեանը նշեց, որ, թէեւ իւրաքանչիւր պետութեան իւրայատկութիւնն իրենց առանձին մարտավարութիւն է թելադրում, այնուամենայնիւ, բոլոր երկրների համայնքները պէտք է համագործակցեն եւ միմեանցից սովորելու շատ բան ունեն:
Նրա խօսքով, ամերիկահայ գաղութի նպատակները միշտ էլ նոյնն են, սակայն փոխուել են մարտավարութեան միջոցները: Ինչպէս ցանկացած ոլորտում, այստեղ եւս «յեղափոխութիւն» է կատարել համացանցը:
«Այսօր հաղորդագրութիւնը եւ համայնքի, եւ կոնգրեսականների հետ բոլորովին փոխուել է. հիմա օգտագործում ենք ինտերնետի բոլոր ոլորտները եւ պէտք է ընդլայնենք մեր ներկայութիւնն այստեղ: Սա շատ մեծ միջոց է, որը չունէինք անցեալում», շեշտում է Չուլճեանը:
«Բացի պայքարից, սա նաեւ հնարաւորութիւն է ընձեռում երկխօսութեան մէջ լինելու հայկական գաղութի հետ: Բնականաբար, այդ նոյն համացանցը զէնք է դարձել նաեւ հակառակորդի ձեռքին, որի շահագործման առիթները նրանք բաց չեն թողնում: Այսպիսով, հայկական կողմը զգօն պէտք է լինի ոչ միայն իր տեսակէտը ներկայացնելու, այլեւ սխալ մեկնաբանութիւնները կանխելու համար: Դիւրին չէ, բայց եթէ կարողանանք աւելի շատ ներգրաւել մեր գաղութների ներկայացուցիչներին, ամէն ինչ կը յաջողուի, վերջին 100 տարուայ ընթացքում կարողացել ենք դիմագրաւել եւ յաղթանակել: Մեր հակառակորդներն աւելի շատ գումար ունեն, բայց նոյնչափ եռանդուն աշխատանք չեն տանում», վստահեցնում է ԱՄՆի Հայ Դատի յանձնախմբի խօսնակը:
Վաշինգտոնից ժամանած հիւրը խօսեց այն հիմնական նպատակների մասին, որոնց ուղղութեամբ Հայ Դատը աշխատանք է տանում: Հիմնական շեշտը դրուած է 50 նահանգների կողմից Ցեղասպանութիւնը ճանաչելու վրայ, սակայն, նրա խօսքով, բոլոր նահանգների կողմից այս փաստի ընդունումը չի կարող իրաւական որեւէ ազդեցութիւն ունենալ ԱՄՆ նախագահի որոշման վրայ, բայց աննկատ անցնել եւս չի կարող:
Բացի այդ, Հայ Դատը շարունակաբար աշխատում է ԱՄՆ կառավարութեան հետ՝ ԼՂՀ ճանաչմանը հասնելու, Հայաստան-ԱՄՆ կապերը հզօրացնելու, տնտեսական յարաբերութիւնների համար բարւոք վիճակ ստեղծելու, Հայաստանին եւ Արցախին օժանդակութիւն ցուցաբերելու եւ այլ հարցերի ուղղութեամբ:
Ֆրանսիայի հայկական համայնքն ամէնօրեայ կռուի մէջ է հակառակորդի հետ:
Եթէ Միացեալ Նահանգների Հայ Դատի գրասենեակը եւ հայկական կազմակերպութիւնները ձգտում են, որ այդ երկիրը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, ապա Ֆրանսիայում այդ գործն արուած է եւ, հետեւաբար, գործելակերպն ու նպատակներն այլ են: Ֆրանսահայութիւնն ամէն օր ուղիղ պայքարի մէջ է թուրքերի եւ ադրբեջանցիների հետ հէնց այստեղ:
«Թշնամին իր խաղի օրէնքը փոխել է՝ պատերազմը փոխադրելով այստեղ: Այլ համայնքներում, բարեբախտաբար, սա չկայ, բայց կարող է սկսուել: Ժամանակին մենք յարձակուողի դերում էինք, այսօր անցել ենք միայն ինքնապաշտպանութեան, որովհետեւ ուժերը եւ կռիւն անհաւասար են», ասում է Հրաչ Վարժապետեանը:
Նրա խօսքով, կռիւ ասուածը քարոզչական, քաղաքական եւ յատկապէս ֆինանսական դաշտում է: Իսկ քանի որ ֆինանսական դաշտում անհաւասարութիւն է, Վարժապետեանը շեշտում է, որ հայկական կողմը դիմակայում է միայն արդարութեան եւ իրաւունքի շնորհիւ: Նա կարծում է, որ պատահական չէ, որ թուրքերը հէնց Ֆրանսիա են տեղափոխել հիմնական կռիւը, դրան երկու պատճառ կայ. նախ՝ Եւրոպայի հիմնական հայկական գաղութն այստեղ է, եւ թուրքերի թիրախը Եւրոպան է եւ Եւրոպական Միութիւնը: Երկրորդ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան ջանքեր են թափում, որ ղարաբաղեան հիմնահարցը դուրս գայ ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ անցնի ՄԱԿ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մէկը Ֆրանսիան է: Վարժապետեանը համոզուած է, որ սա յարձակում է ոչ միայն հայ համայնքի, այլեւ ֆրանսիական իշխանութիւնների վրայ:
«Հայ Դատը եւ մեր գաղափարական ընտանիքը պէտք է պայքարի սրա դէմ, որովհետեւ դա մեր գործն է, մեր համոզմունքն ու մեր պարտականութիւնը: Մեր աշխատանքները համադրելու համար մէկ բան կայ այսօր, որ տակաւին յաջողուած չէ. փորձում ենք մեր գաղափարախօսութեան շուրջ միասնականութիւն ստեղծել», ասում է ֆրանսահայ գործիչը: Հրաչ Վարժապետեանի խօսքով՝ «քանզի Եւրոպան արդէն ընդունել է Ցեղասպանութիւնը, հիմա արդէն եկել է հատուցման ժամանակը»:
Էլլադա Ղուկասեան-Բարսեղեան
Փարիզում «Մեդիամաքս»ի սեփական թղթակից
asbarez.com
16/04/2013







