Ապրիլի 24-ին ընդառաջ Ֆրանսիայի հայ համայնքը բազմակողմանի աշխատանքներ է իրականացնում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթաց սկսելու ուղղությամբ: Ֆրանսահայերը տարբեր մակարդակներով նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ են անում կատարել իր նախընտրական խոստումն ու Սահմանադրության համապատասխան՝ նախաձեռնել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթաց:
Պարզվում է, որ ֆրանսահայերին զուգահեռ՝ Ֆրանսիայում նման գործընթաց սկսելու դեմ լուրջ ջանքեր է ներդնում նաև Թուրքիան: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը, պետք է հասկանալ, որ Թուրքիան փորձում է ճնշումներ բանեցնել Ֆրանսիայի իշխանության վրա, որպեսզի օրինագիծը Ֆրանսիայում չընդունվի և նման գործընթաց չսկսվի:
«Այս պատճառով մենք էլ Ֆրանսիայի իշխանությունների հետ կապի մեջ ենք, աշխատում ենք մեր ցանկության ուղղությամբ, բայց չեմ ցանկանում խոսել այդ մասին այսօր, դեռևս գործընթացը շարունակվում է: Տեսել ենք, որ Թուրքիան լուրջ ճնշում է բանեցնում, մենք էլ մեր մեթոդներով աշխատում ենք, երկու-երեք օրից ամեն ինչ պարզ կլինի: Գործի հաջողության համար է, որ չենք ցանկանում շատ փակագծեր բացենք»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Հիշեցնենք, որ շարունակվում է ֆրանսիական մշակութային «Հայաստան» միության նախաձեռնած ստորագրահավաքն՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Դրանով նրանք նախագահին կոչ են անում կատարել նախընտրական խոստումն ու Սահմանադրության համապատասխան՝ նախաձեռնել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթաց:
Ստորագրահավաքն անցկացվում է «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծն ընդունել հիմա´» կարգախոսի ներքո:
Nouvelles d’Armenie-ի տեղեկություններով՝ միայն Վալանս քաղաքում փաստաթղթի տակ հարյուրավոր մարդիկ են ստորագրել: Ստորագրահավաքը շարունակվում է Փարիզում, Լիոնում, Մարսելում:
1in.am







