Այս անգամ մեր կուսակցությունը մեծ քանակությամբ ձայներ կհավաքի հենց Երեւանում

ԱղվանԵրեւանի ընտրողների ճնշող մեծամասնությունը բնակչության այն մասն է, որն առավել ինքնուրույն է, անկախ եւ առավել քիչ է ենթակա ճնշումների:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ փորձելով հերքել փաստը, որ իրենց կուսակցությունն իր ձայների մեծ մասը, սովորաբար, ստանում է Երեւանից դուրս:

Նրա համոզմամբ՝ ընտրակաշառքը եւ վարչական լծակները առավել քիչ ազդեցություն ունեն Երեւանի ընտրողների վրա:

«Ես վստահ եմ, որ ՀՅԴ-ի քաղաքականությունն ու գործունեությունը վերջին ժամանակներս Երեւանում ավելի շատ արձագանքներ կունենան: Եվ այն, որ մեր ներկայացուցիչները շրջում են շենքերով եւ զրուցում բնակիչների հետ, վկայում է այն մասին, որ շատ գիտակից բնակիչներ, համեմատելով քաղաքական ուժերին, քվեարկելու են հենց ՀՅԴ-ի օգտին»,-նշեց Աղվան Վարդանյանն՝ ընդգծելով, որ այս անգամ ՀՅԴ-ն հենց Երեւանում կհավաքի մեծ թվով ձայներ:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին: 4 տարի առաջ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն չէր հաղթահարել 6 տոկոսանոց շեմը:

Այս անգամ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:

news.am

Տպել Տպել