Փոխել քաղաքը՝ փոխելով քաղաքապետին

hay-heghapokhakanՆախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ քարոզչական խումբը ապրիլի 18-ին ունեցավ առաջին հրապարակային հանդիպումը՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ:

Դաշնակցությունը այս ընտրություններին մասնակցում է ոչ թե ավագանու կազմում մի քանի մանդատ ունենալու համար, այլ քաղաքապետին փոխելով՝ քաղաքում եւս լուրջ փոփոխություններ նախաձեռնելու. ելույթ ունենալով ընտրողների առջեւ՝ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է ավագանու ՀՅԴ համամասնական ցանկը:

«Սա պետք է չդիտվի միայն որպես համայնքային ընտրություն: Իշխանությունններն ամեն ինչ անում են, որ դա ներկայացնեն միայն կենցաղսպասարկման հարցեր լուծելու համար քաղաքապետի ընտրություն եւ այդպես չեզոքացնել դժգոհությունները: Որովհետեւ այդպես շատ հեշտ է լինում անձնական մակարդակի հարցի մակարդակի իջեցնելով՝ քաղաքապետի ընտրությունները դարձնել անձի, բարեկամի, ծանոթի հրաբերություններով պայմանավորված ընտրություն: Սրան չպետք է տրվել, որովհետեւ սա քաղաքացիներին մղում է պասիվության: Եթե Դուք հետաքրքրություն չունենաք այս ընտրությունների նկատմամբ, իշխանությունը կվերարտադրվի եւ կպահպանի այսօրվա իր հնարավորությունները: Երեւանցիների մեծ մասը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից, եւ դրա կոնկրետ դրսեւորումը մեր աչքի առաջ է: Մենք փոխելով Երեւանում քաղաքապետ՝ կարեղ ենք ոչ միայն Երեւանում, այլ ամբողջ հանրապետությունում լուրջ փոփոխության հիմք դնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով, դժգոհություն ծնող հիմնական պատճառն այն է, որ գործող իշխանությունը, իշխող կուսակցությունը նույնացած է պետության հետ, իշխանությունը վերահսկելի չէ, եւ գոնե Երեւանում իրավիճակը կարող է փոխվել, եթե քաղաքապետը լինի ընդդիմադիր. «Նա կդառնա մի մեծ հակակշիռ այս իշխանությունների հետ հարաբերություններում: Ասում ենք՝«Երեւան, փոխիր Հայաստանը», որովհետեւ եթե այդ լուրջ փոփոխությունները Երեւանում լինեն, այս միահեծան դրվածքը Հայաստանում կփոխենք»:

Արմեն Ռուստամյանի խոսքերով, հանրապետական կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրովի պաշտոնը վերածել է նշանակովի պաշտոնի, քաղաքապետը որեւէ կերպ ընտրողին չի համարում իրեն հենարան, որովհետեւ նրան նշանակող-ազատողը կուսակցությունն է: Եվ պատահական չէ, որ 4 տարում 3 քաղաքապետ է փոխվել մայրաքաղաքում: Նույն միահեծան իշխանության պատճառով, ըստ Արմեն Ռուստամյանի, աշխատատեղերի ստեղծման, արտագաղթի կանխման, տնանկներին բնակարանով ապահովման հարցերը մնում են թղթի վրա:

ՀՅԴ թեկնածուն ասաց, որ եթե հնարավոր չեղավ իրավիճակ փոխել նախագահական ընտրություններում, ապա՝ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, հնարավոր է համագործակցությունը արդեն հետընտրական փուլում եւ Երեւանում ընդդիմության իշխանության հաստատումը: «Եթե քաղաքացին իմանա, որ քաղաքապետին փոխելով կարող է քաղաքում լուրջ փոփոխությունների հասնել, որ թե Հայաստանը կփոխվի, թե Երեւանը, մենք կգնանք ոչ թե որպես պարզ ընտրության, այլ այս իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի»,- հավելեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ թեկնածուն նաեւ նշեց, որ իշխող ուժը սկսել է տուրք տալ վարչական ռեսուրսներին, խոսք է գնում նաեւ ընտրակաշառքի մասին, սակայն, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ այս հակաօրինական միջոցներն այլեւս նախկին մեծությամբ չեն ազդում ընտրողի վրա: Ընդդիմությունն էլ, Ռուստամյանի հավաստմամբ, ունենալով տեղամասերում իշխանությանը հավասարաչափ ներկայացուցիչներ, կարող է ամբողջությամբ վերահսկել գործընթացը եւ պահպանել քաղաքացու քվեն:dashnak

Իսկ եթե ընտրողը ձայն տա Դաշնակցությանը, Արմեն Ռուստամյանը խոստանում է, որ լիարժեք հնարավորություն ունենալով իր ծրագրերն իրականություն դարձնելու՝ շատ կարճ ժամանակում ակնհայտ կլինեն փոփոխությունները:

yerkir.am

Արմեն Ռուստամյանն անձամբ կմասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած կլոր սեղանին

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը, հրավեր է ստացել «Ժառանգություն» կուսակցության առաջանորդ Րաֆֆի Հովհաննիսյանից եւ ապրիլի 19-ին անձամբ ներկա է լինելու վերջինիս կողմից հրավիրված կլոր սեղանին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պատրաստ ենք վաղը կայանալիք կլոր սեղանի ընթացքում ներկայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր առաջարկներն ու լուծումները: Ես հիմնավոր կերպով կբացատրեմ, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ ուղին, քանի որ իրականում մենք կորցրեցինք մեկ շանս: Եթե մենք ուզում ենք փոխել իրավիճակը երկրում, ամենահեշտ ուղին սկսվում է Երեւան քաղաքից»,-ասաց Ռուստամյանը: Նրա համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորեր համամասնական ցուցակը, իսկ մնացած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ներառվեին այդ ցուցակում եւ ժողովուրդը հստակ կիմանար, որ այդ ցուցակում գտնվող մարդիկ գնում են քաղաքային իշխանություններին փոխելու, որպեսզի հետո փոխեն իշխանությունը Հայաստանում:

«Մայրաքաղաքը շատ կարեւոր նշանակություն ունի եւ ամենաքաղաքականացված տարածքն է, առավել եւս, Հայաստանի համար: Կարծում եմ՝ այդ ամենը չնկատելը մեծ սխալ էր»,-հայտարարեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանդիպմանը եւս մեկ անգամ կփորձի հիմնավորել, որ ընդդիմության միավորումը դեռ հնարավոր է եւ հետընտրական միությունը պետք է կազմավորվի:

Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ սխալ էր Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը, ըստ որի միասնական ցուցակը կարող է ստվեր գցել նախագահական ընտրություններում իր հաղթանակի վրա:hyd-bangladesh2

Հետընտրական փուլում ընդդիմության միավորման սցենարը բավականին իրատեսական է

ՀՅԴ-ն վաղուց է հանդես եկել հետընտրական միության մասին հայտարարությամբ` նշելով, որ եթե նախընտրական միությունը չի կայացել, դեռ ոչինչ կորած չէ եւ կարելի է միավորվել Երեւանի ավագանու ներսում: Այս մասին ապրիլի 18 –ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Երեւանի ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը`պատասխանով երկրի ընդդիմադիր ուժերի միջեւ քննարկումների գործընթացի մասին NEWS.am –ի հարցին:

Նրա խոսքով` կարեւոր է, որ լուրջ քաղաքական ուժերը հայտարարություն անեն հետընտրական միության մասին եւ պարտադիր չէ, որ նրանք միավորման մասին որեւէ փաստաթուղթ ստորագրեն: «Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր հայտարարություններին հակասող գործունեությունը նրան քաղաքական դիակի կվերածի»,-նշեց Ա. Ռուստամյանը` ավելացնելով, որ անտրամաբանական կլինի, եթե Երեւանի ավագանիում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժերը քաղաքապետ չընտրեն, դա կնշանակի, որ նրանք գործում են իրենք իրենց դեմ: «Նման սցենարը հնարավոր կլինի միայն իշխանության հետ ընդդիմադիր ուժերի գաղտնի բանակցությունների դեպքում: Մեր հիմնական նպատակը ընտրությունները իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվեի վերածումն է, դա հաջողություն կբերի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին»,-հայտարարեց Ա. Ռուստամյանը:

Նրա համոզմամբ` հետընտրական փուլում ընդդիմության միավորման սցենարը բավականին իրատեսական է, քանի որ ներկայիս դրությամբ ոչ մի քաղաքական ուժ չի կարող 50% -ից ավելի ներկայություն ապահովել Երեւանի ավագանիում, իսկ եթե ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը» միասին 50% չունեն, ապա այդ տոկոսը կունենան մյուս ուժերը` միավորվելով եւ քաղաքապետ ընտրելով»,-ընդգծեց Ա. Ռուստամյանը:

news.am

Տպել Տպել