Հայոց Մեծ Եղեռնի Տարելիցին Նուիրուած Ձեռնարկ՝ Իրանի Պետական Եւ Քաղաքական Լսարանին Համար

iran ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Հայոց Մեծ Եղեռնի իրողութիւնը իրանական պետական, քաղաքական ու մտաւորական լսարանին ծանօթացնելու նպատակով՝ արդէն մի քանի տարի է, ինչ կազմակերպւում է բանախօսական-գեղարուեստական ծրագիր:

Այդ անհրաժեշտութիւնից ելնելով՝ Հայոց Մեծ Եղեռնի 98րդ տարելիցի ծրագրերի շարանում, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի («ՀՈՒՍԿ») նախաձեռնութեամբ, Ապրիլի 21ի երեկոյեան, Հայ ակումբի սրահում, կազմակերպուել էր ծրագիր՝ «Անպատիժ մնացած ոճրագործութիւն» խորագրով:

Իրանի Իսլ. հանրապետութեան հիմներգի յոտնկայս ունկնդրումից յետոյ՝ միջոցառման բացման խօսքն ընթերցեց եւ ծրագիրը վարեց Գէորգ Ղուկասեանը: Բացման խօսքում հակիրճ բացատրութիւններ տրուեցին 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան ու հայ ժողովրդի պահանջատիրութեան մասին, եւ յոյս յայտնուեց, որ հայ ժողովրդի նկատմամբ արդարութեան վերականգնումը քաղաքական հաշուարկումների ենթակայ չլինի: Ապա ցուցադրուեց փաստագրական բովանդակալից ֆիլմ:

Այնուհետեւ բեմ հրաւիրուեց Իսլ. խորհրդարանի փոխնախագահ հոջ. դոկտ. Աբութորաբին: Նա՝ անդրադառնալով հայերի ու ասորիների կոտորածներին նշեց. «Եթէ զինուորական ու քաղաքական ուժը եւ հարստութիւնը չմիաձուլուեն մարդկային ու աստուածային վեհ արժէքներով, դա կը յանգեցնի մեր քրիստոնեայ քոյրերի ու եղբայրների Ցեղասպանութեան նման սոսկալի ոճրագործութիւնների»:
Իր ելոյթի մի այլ բաժնում նա աւելացրեց. «Նրանց, որոնց ձեռքը երեկ շաղախուել էր հայերի արեամբ, այսօր Սիրիայում շաղախուել է մեր քոյրերի ու եղբայրների արեամբ»:
Միջոցառման բանախօսն էր քաղաքական հարցերի վերլուծաբան դոկտ. Բեհեշթիփուրը: Նա իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ, որ դատապարտելի են ոճրագործութիւնները եւ նշեց. «Թէեւ ժամանակին Թուրքիան նոյնիսկ չէր ընդունում քուրդերի գոյութիւնը, սակայն այսօր քուրդերի հետ երկխօսութիւն է վարում, ուստի՝ պահը հասունացել է, որ ճանաչի եւ ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը, այլեւս չմերժի պատմական իրողութիւնը, որը կը յանգեցնի բանակցութեան եւ փոխհասկացութեան»:

Միջոցառմանը արտայայտուեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա իր համապարփակ ելոյթի ընթացքում, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեանը յանգեցնող ժամանակի իրադարձութիւններին, կարեւորութեամբ նշեց Իրանի իսլ. հանրապետութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի Հայոց Մեծ Եղեռնի նկատմամբ կատարած արտայայտութիւնները եւ աւելացրեց, որ Իրանի պետայրերը մերթընդմերթ անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեանը կամ Հայաստան կատարած պաշտօնական այցերի ընթացքում Ծիծեռնակաբերդում յարգանքի տուրք են մատուցել: Պատգամաւորը յոյս յայտնեց, որ Իրանը պաշտօնապէս ճանաչի ու դատապարտի Հայոց Ցեղասպանութիւնը:

Միջոցառումը յագեցած էր գեղարուեստական բաժնով, ուր երաժշտութեան ընկերակցութեամբ (քանոն՝ Սրբուհի Միքայէլեան, դաշնամուր՝ Վազրիկ Մանսուրեան), Սիամանթոյի պարս-կերէնի թարգմանուած բանաստեղծութիւնն ասմունքեց Թալին Բանդարին:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, կրօնական համայնքների եւ մի շարք այլ պատգամաւորներ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Քոլէյնին, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. թեմի Ազգային իշխանութեան ու մարմինների, «Ալիք» հաստատութեան, պետական մարմինների ներկայացուցիչներ, մտաւորականներ եւ Իրանի զանգուածային լրատուամիջոցների լրագրողներ:

asbarez.com
22/04/2013

Տպել Տպել