Օբաման նախընտրեց հետևել բերանը փակելու Թուրքիայի քաղաքականությանը. ANCA-ն՝ ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին

logo-AMNԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA, Armenian National Committee of America) հաղորդագրություն է տարածել, որում իր խորը հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի կապակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Օբաման Հայոց ցեղասպանության 98-րդ տարելից կապակցությամբ այսօր հայ ժողովրդին ուղերձ էր հղել, որում, սակայն, կրկին խուսափել էր 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» որակելուց և օգտագործել էր «Մեծ եղեռն» եզրույթը:

«Ցավոք սրտի, նախագահ Օբաման Հայոց ցեղասպանությունը հիշատակելու և դատապարտելու հարցում այսօր նախտընտրեց հետևել բերանը փակելու Թուրքիայի քաղաքականությանը: Թուրքիայի ճնշման ներքո նա հրապարակավ նահանջում է այս հանցագործությունը ճանաչելու իր իսկ տված խոստումներից,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և հավելել,-Ճշմարտությունը հերքելու և արդարության հաղթանակը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականությանը մեր նախագահի մեղսակցությունը, այդուհանդերձ, չի կարող խափանել հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի կողմից իրականացված և առայսօր անպատիժ մնացած հանցագործության միջազգային ճանաչման ջանքերը»:

Նշենք, որ Բարաք Օբաման սենատոր եղած ժամանակ (2005-2008թթ) Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը մի քանի անգամ որակել էր որպես «ցեղասպանություն» և այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին կոչ արել պաշտոնապես ճանաչել այն: 2008թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ խոստացել էր, թե նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո (2009թ.), սակայն, Օբաման մոռացավ իր խոստումը. յուրաքանչյուր տարի նա ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես է գալիս հիշատակի ուղերձով, որում, սակայն, «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործում է «Մեծ եղեռն» բառը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրությունը, սկսեց կյանքի կոչել պանթուրքիզմի քաղաքականությունը, որի նպատակը հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումն էր(իր մեջ պետք է ներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին): Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Օսմանյան Թուրքիան, սակայն, պանթուրքիզմի քաղաքականության իրականացման ճանապարհին որպես գլխավոր խոչընդոտ դիտում էր հայ բնակչությանը (մոտ երկու միլիոն) և, որպես առիթ օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմը, սկսեց հայերի բնաջնջման և տեղահանության քաղաքականությունը… 1915-1923թթ-ին թուրքական յաթաղանին զոհ դարձավ մոտ 1,5 միլիոն հայ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա, Վատիկան, Ավստրալիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը, դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն:

Թուրքիայի իշխանությունները ոչ միայն կտրականապես հերքում են Առաջին աշխարհամարտի տարիներին 1,5 մլն հայերի ցեղասպանության մասին մեղադրանքները, այլև հնարավոր ամեն ինչ անում են՝ մյուս պետությունների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը և դատապարտումը խոչընդոտելու համար:

www.tert.am

Տպել Տպել