Մենք պայքարում ենք հարմար պահին պատրաստ լինելու համար

gasparՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործունեության, կատարված աշխատանքների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, որո՞նք են ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունները

– Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի և իր գրասենյակի հիմնական աշխատանքն անշուշտ լոբբիստական է: Մեր խնդիրը քարոզչությունն է հայ ժողովրդի շահերի համար և, անշուշտ, քարոզչությունից բացի` ազդելու համաեվրոպական կառույցների վրա` դրական որոշումներ կայացնելու կամ բացասական հարցերը չեզոքացնելու համար: Մեր հիմնական աշխատանքի շրջագիծը համաեվրոպական կառույցներն են: Եվրոպական մեծ թվով երկրներում գործում են տեղական ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը, որոնք իրենց երկրներում պատասխանատու են տարվող աշխատանքների համար: Մեր աշխատանքը համաեվրոպական է, այն իմաստով, որ եթե խնդիր կա որևէ հարց բարձրացնել ամբողջ Եվրոպայի տարածքում, մենք կոորդինացնում ենք տեղական Հայ Դատի հանձնախմբերի կողմից տարվող աշխատանքները:

Բացի այդ, կա նաև գործունեության երկրորդ ասպեկտը: Եթե ինչ-որ աշխատանք կապ ունի համաեվրոպական կառույցների հետ, ասենք, ԵՄ-ի Եվրախորհրդարանը, Եվրոպայի Խորհուրդը, ՆԱՏՕ ԽՎ-ը, ԵԱՀԿ ԽՎ-ը: Եվրոպական այս կառույցների հետ աշխատելու պատասխանատվությունը ստանձնել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը: Կան ՀԿ-ներ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով և կոնֆլիկտների լուծումներով: Մենք նրանց հետ ենք համագործակցում, և նրանց կազմակերպած միջոցառումներում բարձրացվում են նաև մեր տեսակետները:

– Որո՞նք են ձեր հիմնական լծակները այդ ՀԿ-ների կամ միջազգային կազմակերպությունների վրա ներգործելու խնդրում:

– Մեր հիմնական լծակները տարիների ընթացքում ՀՅԴ տեղական հանձնախմբերի կողմից արված աշխատանքներն են, որոնք ստեղծել են ծանոթությունների ու բարեկամության մեծ ցանց: Մենք ունենք մեծ թվով բարեկամներ Եվրոպառլամենտում, ունենք մոտ անձինք Եվրոպայի խորհրդում, ԵՄ հանձնախմբի և խորհրդի մեջ: Նարնց հետ համագործակցում ենք և կարող ենք իրենց տեղեկություններ փոխանցել և դրական արդյունքներ ունենալ:

Մեր դեմ գտնվողները` Թուրքիան և Ադրբեջանը ունեն շատ ավելի զորավոր լծակներ` փող, հսկայական ֆինանսական կարողությունը, որ մենք դժբախտաբար չունենք:

– Այդ ֆինանսական ռեսուրսները տրամադրվում են իրենց պետությունների, թե՞ տեղի համայնքների կողմից:

– Պետությունների կողմից, քանի որ դրանք շատ մեծ գումարներ են և հնարավոր չէ, որ տեղի համայնքները այդպիսի գումարներ տրամադրեն, մանավանդ, որ Ադրբեջանը մեծ համայնքներ չունի: Ադրբեջանական գումարներով ստեղծվում են բազմաթիվ ՀԿ-ներ, որոնց կազմակերպած միջոցառումներին մասնակցում են նախկին քաղաքական դեմքեր, նախկին դիվանագետներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Բայց մենք այդ ռեսուրսների հնարավորությունը չունենք: Ուզում եմ նաև նշել, որ մենք էլ պետք է ունենայինք որոշ հնարավորություններ, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբին որևէ տեղից տրամադրվեր ֆինանսական ռեսուրսներ: Մենք այս ամենը Ժողովրդի օժանդակությամբ ենք արել: Ես կարծում եմ, որ պետական մեքենայի ու ԱԺ-ի մեջ գտնվող անձինք, ովքեր այս տարիների ընթացքում հարստություններ դիզեցին, իրենց հարստության մի մասը պետք է տրամադրեին Հայ Դատի հանձնախմբին, քանի որ երբ Հայ Դատի հանձնախումբը քարոզչություն է իրականացնում կամ Սաֆարովի դեպքում հիմնական ներդրում է ունենում, որ Ստրասբուրգում հակաադրբեջանական բանաձև կազմվի, Դաշնակցության քարոզչություն չի անում, այլ հայ ժողովրդի համար է աշխատում:

– Հատկապես ի՞նչ շոշափելի ձեռքբերում կնշեիք:

– Գիտեք, դա անմիջականորեն չի կարող երևալ, բայց ասեմ, որ այսօր Հայաստանը բավական առաջընթաց է գրանցել Եվրոպայի ինտեգրման համաձայնագիրը ստորագրելու հարցում, արդեն ստորագրվեց վիզայի դյուրացման հարցը և պետք է վավերացվի եվրոխորհրդարանի կողմից: Ու մենք հիմա էլ պետք է աշխատանքներ տանենք, որ վավերացման գործընթացում որևէ խնդիր չառաջանա:

Մեր նախաձեռնությամբ ու Հայաստանի դեսպանատան գործակցությամբ Եվրոխորհրդարանի անդամներից կազմեցինք Հայաստանի հետ բարեկամության խումբ: Այս պահին 35-40 անդամ է մասնակցում: Առաջին պատվիրակությունն այս գիշեր կժամանաի և վաղը պետք է մասնակցի ապրիլյան միջոցառումներին Ծիծեռնակաբերդում, պետք է այցելի Արցախ: Այս պատվիրակությունն առաջինն է, որ պետք է գլխավորի բարեկամության խմբի նախագահը: Այդպիսի խումբ տարածաշրջանում քչերն ունեն: Ադրբեջանը չունի: Քանի որ դյուրին բան չէ մարդիկ գտնել, ովքեր կհետաքրքրվեն քեզնով: Այդպիսի խումբը շատ կարևոր է, քանի որ այն մեծապես կարող է ազդել կայացվող որոշումների վրա: Խմբում կան Եվրախորհրդարանի երեք փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ, կոորդինատորներ և այլք, այսինքն` կարևոր անձինք:

– Անդրադառնանք ցեղասպանության ճանաչման բուն գործընթացին: Դուք ի՞նչ եք ակնկալում, ճանաչումով մենք ի՞նչ ենք ձեռք բերելու, տարածքային, ֆինանսական փոխհատուցում, թե որևէ այլ բան: Ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ ուղով են տարվում աշխատանքները:

– Մենք միշտ ասել ենք` մեզ համար բավարար չէ, որ Թուրքիան ներողություն խնդրի և դրանով հարցը փակվի: Թուրքիան պատասխանատու է ոչ միայն այդ մեկ ու կես միլիոն զոհերի, այլ պատասխանատու է մի ազգի ոչնչացման համար: Ամեն ինչ հանգրվանային է: Չի կարելի ասել, ես այսօր սա եմ ուզում, վաղը` այն մեկը: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր իավունքից հետ ենք կանգնելու: Եթե վաղը Թուրքիան առանց նախապայմանների ընդունի Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելու մասին որոշում, մենք կարող ենք համաձայնել, բայց դա չի նշանակում, որ հարցը վերջացած է:

Տեսեք, այս պահին, երբ խոսվում է մեր հիմնական իրավունքների իրացման մասին ես չեմ կարող պայմանավորել, թե երբ կհասնի հարմար պահ, ինչ ձևով պետք է հասնի այդ հարմար պահը և ինչ պայմաններ են լինելու, որպեսզի կարողնանաք ասել` սա եմ ուզում կամ նա եմ ուզում, կամ այս զիջումն եմ պահանջում: Մեզ այն ժամանակ ասում էին` ինչի՞ համար եք պայարում, մի կողմից Խորհրդային միությունն է, մյուս կողմից Թուրքիան: Ձեր խնդիրն ուտոպիա է: Ոչ մենք պայքարում էինք հարմար պահին պատրաստ լինելու համար: ԽՍՀՄ-ը փլուզվեց: Պետք էր պահին պատրաստ լինել: Այսօրվա Թուրքիան կարող է վաղը չլինել: Բայց կարող է հազար տարի էլ մնալ: Հարցը դա չէ: Որպեսզի կարողանաս ինչ-որ բան անել, դու պետք է քո ծրագրով պատրաստ լինես, իմանաս հնարավորություններիդ չափը: Քայլ առ քայլ գնալով, վերլուծելով և իրականությունը տեսնելով պետք է հասնել վերջնական հանգրվանի, բայց թե երբ կգա այդ հանգրվանը, կախված է նաև միջազգային քաղաքական հոլովույթներից:

– 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ի՞նչ ակնկալիքներ ունեք, կա՞ն փոփոխության նախադրյալներ, թե՞ դա պարզապես սիմվոլիկ թիվ է:

– Իհարկե, այդ տարին տարի է: Դա մեր պայքարին նոր թափ հաղորդելու հանգրվան պետք է լինի: ՀՀ նախագահի կողմից ստեղծված է մի մարմին, որը կազմակերպելու է 2015 թվականի միջոցառումները, որում ներգրավված են նաև իմ կոլեգաներից ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Բայց ինչ էլ որոշի այս մարմինը, դրանք պետք է լինեն համահայկական որոշումներ: Ես ակնկալում եմ, որ այդ ծրագիրը պետք է պայքարունակ դիմագիծ ունենա և նոր հանգրվանի բերի` չսահմանափակվելով լավ պատրաստված, հարուստ միջոցառումներով: Պետք է նաև միջոցառումներ ունենա, որ ստեղծեն մի մթնոլորտ, որտեղ հայության մեջ պայքարը վերազարթնի: Ինչ վերաբերում է Եվրոպային, այս տարվա հոկտեմբերին ունենալիք մեր համագումարում պետք է խոսենք 2015-ին մեր համաեվրոպական անելիքների մասին: Նոր պայքար պետք է տանենք, որը հանգեցնի Եվրոպայի հայերի վերազարթոնքին: Մենք 2015-ին ընդառաջ այդ թիրախով ենք գնալու, և որ Ադրբեջանն ու Թուրքիան տեսնեն, որ հայ ժողովրդի մեջ թափը մարած չէ, այլ նոր թափ է հավաքում:

panorama.am

Տպել Տպել