Հայոց ցեղասպանության փաստը ժխտողները վարձված են Թուրքիայի կողմից. Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

Թուրքիան որքան էլ շարունակի ժխտել 1915 թ-ին իր կատարած ոճրագործության մասին, Հայոց ցեղասպանությունն արդեն ընդունված իրողություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա կարծիքով` այսօր քիչ մարդկանց կարելի է գտնել, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: «Նրանք էլ վարձված են Թուրքիայի կողմից»,- կարծում է Գասպար Կարապետյանը:

Թեեւ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը լավատես չէ այն հարցում, որ Թուրքիան մոտ ապագայում կկարողանա առերեսվել սեփական պատմության հետ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, կարծում է, որ երբ Թուրքիան կանգնի Եվրոպական միության անդամ դառնալու իրական հնարավորության առաջ, իրավիճակը մի փոքր այլ կլինի, քանի որ Ցեղասպանության մերժումն նրա վրա մեծ ծանրություն է: «Թուրքիան ստիպված կլինի լավ կշռադատել եւ հասկանալ, որ Ցեղասպանության փաստը չընդունելով` շատ դժվար կլինի եվրոպական ընտանիքում հավասարապես ընդունվել»,- ընդգծեց նա:

Գասպար Կարապետյանը նաեւ նշեց, որ ամբողջ հարցը եւ պահանջը միայն Հայոց ցեղասպանության փաստն ընդունելը չէ: «Երբ թուրքերն ասեն` «ներողություն, արել ենք ցեղասպանությունը, ընդունում ենք, այլեւս չենք կրկնի», սա առանձնապես բան չի նշանակում: Այն կտա միայն բարոյական գնահատական եւ բավարարվածություն: Սակայն չպետք է մոռանալ կամ անտեսել այն հանգամանքը, որ Թուրքիայի իրականացրած ոճրագործության արդյունքում զոհվել է 1,5 միլիոն մարդ, հայ ազգի դեմոգրաֆիկ աճը վայրի կերպով կասեցվել է»,- ընդգծեց նա: Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի խոսքով` հարցեր կան նաեւ կապված ազգային եւ անհատական ունեցվածքի, հողերի պահանջի եւ այլ հարցերի հետ: «Մենք միշտ ասում ենք, որ Թուրքիայի հետ ուզենք- չուզենք դրացի ենք, պետք է ապրենք միասին եւ դրացիական հանդիպումներ ունենանք»,- ասաց նա:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ըստ Գասպար Կարապետյանի, պետք է լավ պատրաստվել, քանի որ այն պետք է դառնա նոր խթան, նոր ուժ` ընդհանուր պայքարին ոգի տալուն, նոր գործելաձեւի գտնելուն, նոր երեւակայությանը, որպեսզի ավելի լավ ձեւով առաջ տարվի հարցը: «Պետք է օգտագործել երիտասարդության երեւակայությունը, ավագ սերնդի փորձառությունը»,- ընդգծեց նա` հավելելով, որ 100-ամյակին ընդառաջ աշխատանքները պետք է լինեն լավ պատրաստված եւ լավ ուսումնասիրված:

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23 թթ-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

armenpress.am

Տպել Տպել