Քայլարշավ Կոմիտասի պողոտայով. ՀՅԴ-ի նպատակն է ծրագրերը տեղ հասցնել ընտրողներին

7134hjd Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու ՀՅԴ թիմի անդամներն այսօր քայլարշավ էին կազմակերպել Կոմիտասի պողոտայով:

Ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս փուլում, ինչպես նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ քարոզչական թիմը նպատակահարմար է գտել այս ձեւով քարոզչություն իրականացնել:

Նա լրագրողներին ասաց, որ ՀՅԴ-ի պարագայում մինչեւ այսօր քարոզարշավն անցել է բնականոն, եւ իրենք դժգոհելու առիթ չունեն:

Իսկ ինչ վերաբերում է ընտրություններում ՀՅԴ ակնկալած շանսերին, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը նշեց, որ դատելով բակային հանդիպումներից, տուն առ տուն իրականացվող քարոզարշավից` ՀՅԴ-ն բավականին լավ պատկեր է ստացել, որը շահեկանորեն տարբերվում է այն վիճակից, ինչ ունեցել են անցյալ տարի կայացած խարհրդարանական ընտրություններում:

ՀՅԴ քարոզչական խմբերը քայլարշավի ընթացքում անցորդներին` քաղաքի բնակիչներին բաժանում էին ՀՅԴ նախընտրական ծրագրերն ու բուկլետներ եւ խնդրում առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տալ Դաշնակցությանը:

“Մեր գլխավոր խնդիրն է մեր ծրագրերը տեղ հասցնել ընտրողներին, որպեսզի մեր քաղաքացիները լիարժեք պատկերացում ունենան մեր ծրագրերից` ընտրություններից առաջ: Ներկայացնում ենք մեր ծրագրային տարբերություները մյուս ուժերից եւ դեպի միասնություն ձգտող մեր կամքը”,- նշեց քայլարշավի մասնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Քայլարշավը, որն սկսվել էր Կոմիտասի պողոտայում գտնվող “Երեւան Սիթի” սուպերմարկետի մոտից, հասավ մինչեւ Երեւանի մետրոպոլիտենի “Բարեկամություն” կայարանի մոտ, որտեղ ՀՅԴ ներկայացուցիչները փոքրիկ հանրահավաք-հանդիպում ունեցան քաղաքացիների հետ:

Տպել Տպել