Երևանում դրական փոփոխությունների գլխավոր գրավականը ընդդիմադիր քաղաքապետի առկայությունն է

Vahan-Hovhannisyan15Այսօր Երևանում առկա վիճակը ուղղակի ողբերգական է: Դավթաշեն վարչական շրջանում Երևանի ավագանու գալիք ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Դավթաշենի բնակիչների հետ հանդիպումներից եկել են այն եզրակացության, որ այս վարչական շրջանի գլխավոր խնդիրը տրանսպորտն է: «Թվում է, թե կամուրջը կառուցվեց և Դավթաշենը շատ մոտ դարձավ կենտրոնին: Սակայն այդ մոտ ճանապարհը դեռ պետք է անցնել»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Վահան Հովհաննիսյանը զուգահեռներ անցկացրեց Երևանի և Փարիզի ջրամատակարարումների մեջ՝ նշելով, որ իր չափերով Երևանը գրեթե հավասար է Փարիզին, սակայն բնակչությամբ մի քանի անգամ զիջում է Ֆրանսիայի մայրաքաղաքին: «Այնումենայնիվ, Փարիզ օրական մտնում է նույնքան ջուր, որքան և Երևան, սակայն Փարիզում ջրամատակարարման տեսանկյունից ամեն ինչ կարգին է, 20-րդ հարկ ջուր հասնում է, իսկ Երևանում՝ ոչ: Եթե դուք կարծում եք, որ դրա հիմնական մեղավորը ջրամատարակակամամբ զբաղվող կառույցներն են, ապա սխալվում եք: Գլխավոր խնդիրը վատ տնտեսվարումն է»,- ասաց նա:

Ըստ նրա, Երևանում ավագանու ինստիտուտը առ այսօր իրեն որևէ դրական կերպով չի դրսևորել: Նա նշեց, որ Դաշնակցությունը տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի Երևանի իշխանությունները կազմակորվեն ընտրությունների միջոցով: 2005 թ. սահմանադրական բարեփուխոմների արդյունքում թեև դա իրականություն դարձավ, բայց, ըստ Վ. Հովհաննիսյանի, դրանից վիճակը էակնորեն չփոխվեց, իսկ պատճառն էլ այն է, որ Երևանի ավագանին կազմավորվում է նույն կերպ, ինչպես որ մյուս ներկայացուցչական մարմինները: Վ. Հովհաննիսյանի խոսքով, իշխանությունները ինչպես և խորհրդարանը, այնպես էլ ավագանին լցրել են մարդկանցով, որոնց հիմնական գործը «կոճակ սեղմելն է» և, նրա համոզմամբ, առանց կառուցվածքային փոփոխությունների Երևանում որևէ բան փոփոխել հնարավոր չի լինի:

Ըստ Վահան Հովհաննիսյանի` Երևանում դրական փոփոխությունների գլխավոր գրավականը ընդդիմադիր քաղաքապետի առկայությունն է:

«Եթե դուք կարծում եք, որ ես ուզում եմ, որ Երևանում քաղաքապետ ընտրվի հատկապես և անպայման Դաշնակցության ներկայացուցիչը, ապա դա այդքան էլ այդպես չի: Մենք կարծում ենք, որ ամենակարևորն այն է, որ մայիսի 5-ի ընտրություններում հաղթի ընդդիմությունը և միավորվելով կարողանա ընտրել ընդդիմադիր քաղաքապետ: Իհարկե, ընդդիմությունը ինչ-ինչ մարդկանց ինչ-ինչ ամբիցիաների շնորհիվ չկարողացավ միասնական հանդես գալ ընտրություններում: Բայց դեռ ոչինչ կորած չէ և ընդդիմությունը կարող է միավորվել ընտրություններից հետո»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:

Ըստ նրա, ներկայումս գլխավոր խնդիրն այն է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կարողանան հաղթահարել Երևանի ավագանի մուտք գործելու համար անհրաժեշտ շեմը, բոլորով միասին ավելի շատ ձայներ ունենալ, քան իշխանությունը:

«Իհրակե, ես ցանկանում եմ, որ Երևանում քաղաքապետ դառնա Դաշնակցության ներկայացուցիչը այն պատճառով, որ վստահում եմ Դաշնակցության թիմին: Սակայն մենք կկարողանանք դուրս գալ այս ճահիճից նաև այն դեպքում, երբ որ քաղաքապետ դառնա մեկ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը»,- նշեց նա:

Վահան Հովհաննիսյնի խոսքով, Երևանում գալով իշխանության, ընդդիմությունը, ի տարբերություն ներկայիս իշխանությունների, հաշվետու կլինի ժողովրդի առջև, և կիրականացնի բնականոն և Երևանի զարգացմանը միտված գործունեություն:

«Այն թաղապետերը, որոնց գործունեությունը դրական արդյունք ունի, կմնան իրենց պաշտոններում, սակայն բնակչությունը կկարողանա ձերբազատվել այն վարչական շրջանների ղեկավարներից, որոնց գործունեության արդյունքներն անբավարար են, իսկ Հանրապետականի հաղթանակի դեպքում դրան հասնելը անհնար կլինի»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

panorama.am

Տպել Տպել