Մայիսի 5-ին բոլորս գնում ենք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ն ասում իշխանությանը

hjdԱպրիլի 28-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն Ավան վարչական շրջանում անցկացրեց քայլարշավ, որն ավարտվեց ժողովրդային հանդիպումով: Քայլարշավի մասնակիցների հետ էին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու ՀՅԴ նախընտրական ցուցակի 3-րդ համար Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ավագանու ցուցակի Ավան վարչական շրջանը ներկայացնող թեկնածուներ:

Քայլարշավի ընթացքում խմբին է միացել նաև ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու ՀՅԴ նախընտրական ցուցակում երկրորդ համարը ներկայացնող Աղվան Վարդանյանը: Նա, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին Երևանի ապագայի հետ կապված ՀՅԴ ծրագրերը, կոչ արեցին մայիսի 5-ին անվարան գնալ ընտրատեղամասեր և քվեարկել ի օգուտ ընդդիմության և Դաշնակցության՝ կուսակցության, որն ի զորու է, հաջողության պարագայում, Երևանի քաղաքապետարանում համախմբել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Այնուհետև հանդիպման մասնակիցներին դիմեց նաեւ ՀՀ ԱԺ նախորդ գումարման ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտաշես Շահբազյանը, ով նաև Ավան համայնքի բնակիչ է: Նա խոսեց մեկ կուսակցության մենիշխանության հետևանքով առաջացող մերժելի երևույթների, կյանքի ամենատարբեր ոլորտներում համատարած հանրապետականացման տխուր իրողության մասին:

-Մայիսի 5-ին բոլորս միասին գնում ենք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ը ասում այս երևույթներին՝ մեր ձայնը տալով Դաշնակցությանը,- խոսքն ավարտեց Արտաշես Շահբազյանը:

Տպել Տպել