Սիրիայում պատերազմական գործողությունների հետեւանքով 50 հայ է զոհվել

ժիրայրnews.am-ի հարցազրույցը Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանի հետ։

-Պարոն Ռեիսյան, խնդրում եմ ներկայացրեք ինչպիսի՞ն էր Սիրիայի հայ համայնքը մինչեւ պատերազմական գործողությունները։

-Դարավոր պատմություն ունեցող Սիրիայի հայ համայնքը, հիմնական համայնքներից մեկն է, որտեղ կենտրոնացված են հայկական հոգեւոր համայնքները։ Բացի այն, որ Սիրիայում են կենտրոնացված հայկական հոգեւոր կենտրոնները, հայ համայնքն առանձնանում է նրանով, որ իր մեջ կենտրոնացրել է երկու հայրենիքի՝ Հայաստանի եւ Սիրիայի իրողությունը, ազգային եւ քաղաքացիական ինքնագիտակցությունը։

-Սիրիայում հայերը հիմնել են եկեղեցիներ, դպրոցներ, խանութներ, մարդասիրական, մշակութային կենտրոններ, արվեստի տարբեր ուղղությունների մասնագիտացված արհեստագործական խմբեր։ Հայ վարպետների աշպատանքները միշտ վայելել են տեղի բնակչության բարձր վստահությունը։ Սիրիայի հայ համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր մի շարք պատճառներով համալրել են այլ երկրների հայ համայքները, միշտ պահպանում են կապը Սիրիայի հայերի հետ եւ դժվար ժամանակներին սատար են կանգնում համայնքին։

-Ինչպիսի՞ն է համայնքի ներկայացվածությունը երկրի պետական եւ տնտեսական ոլորտներում։

-Որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ՝ հայերը ներկայացված են պետական կառույցներում, տնտեսության տարբեր ոլորտներում, խորհրդարանում, նահանգերի աշխատակազմում, ինչպես նաեւ պետական տարբեր գերատեսչություններում եւ պետական պատասխանատու պաշտոններում։ Հայերը նաեւ ներկայացված են դատաիրավական համակարգում։ Հայ համայնքի մի կին ներկայացուցիչ զբաղեցնում է նախարարի պաշտոն։

-Պատերազմական գործողություններից հետո ի՞նչ կորուստներ (նյութական եւ մարդկային) ունեցավ Սիրիայի հայ համայնքը։

-Դեռ վաղ է խոսել այն մասին, թե վերջին երկու տարում Սիրիայի հայ համայնքն ինչ ծավալի կորուստներ է ունեցել։ Նախնական տվյալներով, կարող եմ ասել, որ պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 50 հայ, մարմնական վնասվածք է ստացել 90 մարդ, առեւանգվել է 95-ը։ Անհնարին է ամբողջական եւ հստակ տեղեկատվություն տրամադրել նաեւ հայերին պատկանող տների, խանութների եւ գրասենյակների մասին։ Հարյուրավոր հայեր ստիպված են նոր ապաստան փնտրել։ Պատերազմական գործողությունների հետեւանքով տուժել են նաեւ հայ համայնքին պատկանող ազգային հաստատությունները. այրվել է Հալեպի Սուրբ Գեւորգ եկեղեցին, վնասվել է նաեւ Դեր- Զորում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։

-Բոլորովին վերջերս, սալաֆիական շեյխ Յասիր ալ-Աջլվանին հրովարտակ է արձակել, որով թույլ է տվել «ջիհադի զինվորներին» բռնություն կիրառել Սիրիայի ոչ սուննի կանանց նկատմամբ։ Ելնելով այս փաստից, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են վտանգված Սիրիայում ապրող հայուհիները։

-Ծայրահեղական խմբավորումների տարբեր մոլեռանդ հայտարարություններն ու արարքներն անշուշտ ազդեցություն են ունենում հայերի եւ ոչ հայերի հոգեկան ներաշխարհի վրա։ Սակայն պետք է նշեմ, որ որեւէ հայուհի նման գործողությունների զոհ չի դարձել:

Զրուցեց՝ Մարիա Ասատրյանը
news.am

Տպել Տպել