Հեռացնես-չհեռացնես, նա նույնն է` ինքն իր հոգու մեջ Դաշնակցական է

ՎահանԵրեկ Կենտրոն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանել է HayNews.am-ի հարցին` կապված ներկուսակցական դրվածքի և ընդունված օրենքների մասին և դրանց խախտելու հետևանքների:

-Մի քանի օրից կավարտվի նախընտրական փուլը, Երևանի ո՞ր համայնքներից եք լուրջ ձայներ ակնկալում, ո՞վ է Դաշնակցության ընտրողը:

-Դուք եք օրիորդ, դուք անձամբ: Ինչ վերաբերում է, թե որ վարչական շրջաններից, թաղամասերից, ապա ես չէի ցանկանա Երևանը բաժանել համայնքների, ինչպես Հայաստանը բաժանում են մարզերի:Այստեղ շատ, այնտեղ քիչ: Իհարկե, Կենտրոնում ես հույսով եմ, որ ավելի շատ ձայն կունենանք: Այստեղ գիտակցաբար քվեարկողների տոկոսը բարձր է:

-Բավականին ակտիվ մասնակցում եք Դաշնակցության քարոզարշավին, ինչո՞ւ չընդգրկվեցիք համամասնական ցուցակում, քաղաքային իշխանությունը ձերը չէ՞ և ինչո՞ւ Երևանի քաղաքապետի թեկնածու հենց Արմեն Ռուստամյանը:

-Ամեն մեկն իր ոլորտն ունի: Ես Բյուրոյի անդամ եմ և ունեմ պարտավորություններ` կապված միջազգային խնդիրների հետ: Այն է` Ցեղասպանության հետ կապված հատուցման պահանջի շրջանառում, Արցախի անկախության ճանաչման բարձրաձայնում և միջազգայնացում: Սա է իմը, իմ ասպարեզն այլ է և հետո համատեղել հնարավոր չէ: Իմ ընկերները, ովքեր առաջադրված են, ինձանից պակաս չեն: Ի տարբերություն այլոց` մենք թիմ ենք, ամեն մեկն իր գործը գիտի և պիտի անի: Եթե հաղթահարենք սահմանված շեմը, ապա Արմեն Ռուստամյանը կզբաղվի քաղաքի կառավարման նոր համակարգի մշակմամբ, իսկ իրավաբանական, տնտեսական հարցերով կզբաղվեն Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը, որոնց իրենք տիրապետում են շատ լավ: Մեր մեջ չկա նման հասկացողություն`թագավոր ախպեր կամ շեֆ ջան, առանց ջանի շեֆ էլ չկա:

-Քանի որ խոսեցիք ներքին դրվածքից, շեֆերից ու թագավորներից, ինչպես դուք իշխանությանն, այնպես էլ ձեզ, մեղադրում են վերարտադրվելու մեջ: Ի դեպ, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, թե վերարտադրվելու տարբերակ չկա, կա վերընտրվելու:

-Հնչում են այդ մեղադրանքները, հնչում են:Նախ ասեմ, որ Դաշնակցության մեջ վերարտադրվելու խնդիր դրված չէ, այն տրամաբանությամբ և մեթոդներով, ինչ այդ բայի տակ հասկանում են: Ի՞նչ է նշանակում վերարտադրվել բայը, այն է` քո ընտրության մեջ դու ես դերակատար եղել, ոչ թե մարդկանց կարծիքը: Դու ամեն ինչ արել ես, որպեսզի վերարտադրվի, վերարտադրվես և ոչ վերընտրվես: Իսկ վերջինի մեխանիզմները ձեզ ծանոթ են` վախեցնել, սպառնալ կամ կաշառել, երեքն էլ մեզ մոտ չկա, ինչո՞վ պիտի մարդուն սպառնաս, ի՞նչ պիտի անես, որ…փակ գաղտնի քվեարկություն է, իսկ ընտրության համար այնպես չի, որ գործից հեռացնում են: Այդ մեխանիզմն էլ չկա հեռացման սա մեկ, երկրորդ` կուսակցությունն ունի իր ոչ միայն արգելքները, այլև կանոնադրական պահանջները և, եթե փորձի մեկը դա անել….մի երկրում մի անգամ նման բան փորձել են անել և շատ վատ վերջացավ իրենց համար, իսկ կաշառելու մասին խոսք լինել չի կարող:

-Քանի՞սն են երկրի անկախացումից ի վեր հեռացվածները և որքանո՞վ են դրանք արդարացի եղել:

-Դաշնակցությունի՞ց, բարդ հարց է, ես հիմա չեմ կարող թվաբանական հաշվարկ կատարել, բայց կարող եմ ասել, որ հիմա Դաշնակցական 3 անգամ ավելի քիչ է, քան հեռացվածները: Եթե մենք ունենք 8-9 000 անդամ, ապա 20.000-ից ավելի հեռացված: Եվ սա միայն ՀՀ-ում, դրսի մասին դեռ չեմ խոսում: Այնտեղ էլ ահավոր են թվերը, որովհետև ֆիլտրները կուսակցության մեջ շատ ուժեղ են, կանոնադրային պահանջները բավականին խիստ և ինքնամաքրման, ինքնաքննադատական վիճակը բավականին հիմնավորված: Այդ պատճառով շատերին ենք հեռացնում:

-Կարող եք մի ցայտուն օրինակ բերե՞լ:

-Ռուբեն Հակոբյան, հիմա որ «Ժառանգության» ղեկավարներից է, Գառնիկ Իսագուլյան:

-Նախկին Դաշնակցական լինո՞ւմ է:

-Ով որ ասում է, իրեն դիմեք: Լինում են, իհարկե, նախկին դաշնակցականներ: Ուրիշ հարց, որ հեռացվածների մեծ տոկոսը կանոնադրական, կազմակերպական խախտումների համար են հեռացվել: Լավ, խախտեց կանոնները, հեռացրեցիր, բայց գաղափարներով էս մարդը հեռու չի մնում, ինքն իր հոգու մեջ Դաշնակցական է, ուղղակի դիստիպլինի ենթարկվելու ընդունակ չէ, բայց իր ուղեղի և սրտի մեջ նույնն է մնում և կուսակցությունից հեռացվելուց հետո էլ պահում է իրեն այնպես, որ տպավորություն է ստեղծվում ձեզ մոտ, թե նախկին չի լինում: Այդ իմաստով, այո, ով գաղափարական մղումով է եկել, նրան հեռացնես-չհեռացնես, նա նույնն է: Չի կարող նա ՀՀՇ-ական դառնա ու որոշի, որ Ղարաբաղն ավելի ճիշտ է հանձնել Ադրբեջանին և այդ ժամանակ լավ կապրենք: Էդ բանը դաշնակցականը չի կարող մտածել::

Մարիամ Պետրոսյան
HayNews.am

Տպել Տպել