ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Armen-rustamyan3 Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը

Իշխանություններն ամեն ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր:

Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, որ այս ընտրությունների հետ չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը և տպավորություն ստեղծվի, թե այս ընտրությունները շատ-շատ կարող են լուծել ձեր աղբահանության, ասֆալտապատման կամ վերելակների ու շենքների հարցերը: Արդյունքում` զրոյացվի հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ, և ժողովուրդը մղվի պասիվության: Որպեսզի չվտանգվի իրենց իշխանությունը, և պահպանվի իշխող կուսակցության միահեծան կառավարումը:

Որ այդպիսին չէ իրականությունը, ակամայից փաստում են հենց իրենք՝ իշխանությունները, գործի դնելով ընտրակեղծիքների ողջ զինանոցը: Կրկին ականատեսն ենք այն բանի, որ պետական համակարգը ընտրությունների ընթացքում սահուն կերպով վերածվում է իշխանություններին սպասարկող ընտրական համակարգի, երբ պետական ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները ստիպողաբար պարտավորվում են աշխատել իշխող կուսակցության օգտին: Եվ այս խնդիրը դրված է ոչ միայն Երևանի, այլև մարզերի առջև: Բազմաթիվ են ահազանգերը ոչ միայն ընտրակաշառքների լայն կիրառման և բազմակի քվեարկությունների նախապատրաստման մասին, այլև ոչ երևանցիներին Երևանում հաշվառելու վերաբերյալ:

Եթե, ձեր ասելով, միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել ու կրկին կառչում եք ձեր փրկօղակից՝ ձեր հարազատ ընտրակեղծիքների մեքենայից: Ուրեմն իրականությունը բոլորվին այլ է:

Հօգուտ Դաշնակցությանը տված իր քվեով երևանցին կարող է չսպասել ևս 5 տարի, այլ փոխելով քաղաքապետին, անել այն, ինչը չհաջողվեց անել՝ չկարողանալով փոխել նախագահին: Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը: Որովհետև հաստատելով երևանցու իշխանությունը Երևանում, կհաստատվի, ի վերջո, հայաստանցու իշխանությունը Հայաստանում:

Որովհետև՝
– վերջ կդրվի երկրում հաստատված մենիշխանությանը,
– կյանքի կկոչվի արմատական համակարգային փոփոխություններին բերող` մեր առաջարկած գործողությունների հստակ ծրագիրը,
– ակնհայտ կդառնան իշխանություն-ընդդիմություն հավասարակշռված քաղաքական համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը:

Երևանցին անձամբ և անմիջապես կզգա ընդդիմության բերած փոփոխությունների դրական հետևանքները:

Սիրելի’ երևանցիներ, թույլ մի’ տվեք ձեզ մոլորության մեջ գցեն և, արժեզրկելով ձեր ընտրության նշանակությունը, մղեն ձեզ պասիվության: Ովքեր ուզում են փոփոխությունները հիմա տեսնել և չսպասել ևս 5 տարի, մայիսի 5-ը դրա ամենալավ առիթն է:

Եկե’ք այս ընտրություններին մեր ակտիվ մասնակցությամբ ևս մեկ անգամ ասենք` ո’չ այս իշխանություններին, և մայիսի 5-ի քվեարկությունը վերածենք իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Սա լիովին իրագործելի է: Մի’ կորցրեք այս պահը: Տվե’ք Դաշնակցությանը հնարավորություն փոխելու Երևանը, որ Երևանն էլ փոխի Հայաստանը:

Տպել Տպել