ՀՅ Դաշնակցության պայքարը կրիմինալը մաքրելու համար է

ՎահանԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ որ պաշտոնյաները մեծ ունեցվածք են ունենում, դա միշտ էլ հարցականներ է առաջացնում, և զարմանալի չէ, որ Երևանի քաղաքապետի ունեցվածքի հարցը բարձրացվել է:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հարցով ՀԱԿ կուսակացության կողմից Գլխավոր դատախազություն ուղղված դիմումին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ եթե լինեն ապացույցներ, որ դա արդար աշխատանքով ձեռք բերված կարողություն է, խնդիր չկա:

«Պարզապես պրոբլեմն այն է, որ պաշտոն զբաղեցնողն էդ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, էստեղ կա հակասություն: Եթե սա արդար ժառանգված է, էլի հարց չունենք, բայց էդ դեպքում առաջանում է հարց՝ ումի՞ց է ժառանգված: Եթե էլի պաշտոնյայից, որը նույնպես իր պաշտոնը բիզնեսի մեջ օգտագործելու իրավունք չուներ կամ գոնե այդ իրավունքը սահմանափակված էր, սրանք բոլորը հարցեր են: Դիմել են դատախազություն, թող դատախազությունը պատասխանի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե ՀԱԿ անդամների մոտ կասկածներն այնքան ծանրակշիռ են, որ կարող են դրանց հիման վրա ապացույցներ ձեռք բերել և մեղադրանք առաջ քաշել, ուրեմն ինչ-որ հավելյալ ինֆորմացիա ունեն:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այսօր իրենք պայքար են տանում այն երևույթի դեմ, որ որոշ պաշտոնյաներ փոխկապակցված են բիզնեսին: Ըստ նրա՝ կոռուպցիան հենց դա է, կոռուպցիան իշխանության և բիզնեսի, հանցավոր բիզնեսի սերտաճումն է:

«Հայաստանում, ցավոք սրտի, և բոլոր հետխորհրդային պետություններում, առաջին բիզնեսն ունեցել է կրիմինալ արմատներ: Իհարկե, նրանք, ովքեր հիմա դիմում են, էդ համակարգն իրենց ժամանակ է ներդրվել, պետք է արդար լինել ու դա էլ ասել: Բիզնեսի արմատները որպես կանոն գնում են դեպի կրիմինալ հեղախոխական շրջաններ, բայց ինչ-որ ժամանակ անց այդ ամենը պետք է մաքրվի: Մեր պայքարը Հայաստանում դա մաքրելու համար է, ես չեմ բացառում, որ ուրիշ ուժեր էլ այս պայքարում արդար և ազնիվ են»,- ընդգծեց նա:

lragir.am

Տպել Տպել