Ընտրություններում պետք է ոչ ասել իշխանություններին, սա «ոչ»-ի հանրաքվե է. ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին շենգավիթցիների հետ

ՀՅԴԵրեկ ՀՅԴ ներկայացուցիչները Շենգավիթ համայնքում գտնվող Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում հանդիպեցին ընտրողների հետ: Դաշնակցության ղեկավար կազմից ներկա էին Արմեն Ռուստամյանը, Արսեն Համբարձումյանն ու Աղվան Վարդանյանը:

Ա.Ռուստամյանն իր խոսքում նշեց. «Հիմնական հարցը այս ընտրությունների քաղաքական նշանակությունը ժողովրդին հասցնելն է: Հայաստանում իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ժողովրդին վերադարձնել իշխանությունը՝ հրաժարվելով այս միահեծան իշխանություններից: Մենք համոզված ենք, որ այն, ինչ չհաջողվեց անել նախագահական ընտրություններում, պետք է անենք ավագանու ընտրություններում՝ ունենալով ընդդիմադիր քաղաքապետ: Ընտրություններում պետք է ոչ ասել իշխանություններին, սա «ոչ»-ի հանրաքվե է»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Ա. Համբարձումյանն էլ նշեց, որ Դաշնակցության առաջարկությունները շահեկանորեն տարբերվում են մյուս քաղաքական ուժերի առաջարկություններից: Ծրագրերում ներառված դրույթները ևս, ըստ նրա, տարբերվում են մյուս քաղաքական ուժերի կողմից առաջ քաշած դրույթներից: «Մասնավորապես, առաջարկում ենք, որ Երևանի բյուջեի վերահսկողության նպատակով հանձնաժողով ստեղծվի, որի ղեկավարումը պետք է հանձնվի ընդդիմությանը: Այսպիսով, Երևանի բյուջեն առաջիկա տարիներին ավելանալու է հինգ անգամ»,- ընդգծեց Ա.Համբարձումյանը:

Նա քննադատաբար անդրադարձավ ՀՀԿ-ի ցուցակին՝ նշելով, որ այնտեղ ներգրավված են մարդիկ, ովքեր կապ չունեն հանրապետականի հետ, և նրանց անվան տակ թաքնված բոլորովին այլ մարդիկ են կառավարելու:

«Մենք էլ ենք իշխանության մաս եղել: Լևոն Մկրտչյանը եղել է կրթության նախարար, բայց մի ուսուցչի կամ մի տնօրենի չեն ստիպել անդամագրվել Դաշնակցությանը»,- ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը:

Այնուհետև նա նշեց, որ երկրի վիճակը վատանում է, մինչդեռ ՀՀԿ-ն դեռ ուզում է նորից կառավարել:

«Ուզում են ցույց տալ, որ սա ՀՀԿ-ի հետ կապ չունի, Տարոնի ընտրությունն է, բայց սուտ է, գնալու եք ընտրատեղամաս և քվեաթերթիկի վրա գրված է լինելու ՀՀԿ»,- դիմելով ներկաներին ասաց Ա.Վարդանյանը և հավելեց. «Իմ համար հստակ է մի բան: Ով այս երկրում փոփոխություն է ուզում, պետք է քվեարկի ՀՅԴ-ի օգտին»:

panorama.am

Տպել Տպել