Ժամանակն է, որ ԱՄՆ-ը նոր մոտեցում ցուցաբերի Հայոց ցեղասպանության խնդրին

ԱրամԱՄՆ-ը պետք է վերջ դնի Անկարայի միջամտությանը Հայոց ցեղասպանությանն առնչվող ամերիկյան քաղաքականությանը և հանուն կայունության և ամերիկյան ազգային արժեքների` սատարի այդ հանցագործության արդարացի և ճշմարիտ դատապարտմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը «Ասպարեզ» պարբերականում հրատարակված իր հոդվածում:

Ըստ Համփարյանի` Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ քաղաքականությունը կարող է և սկզբունքային, և գործնական նշանակություն ունենալ: «Ոգեկոչելով այս հանցագործությունը, ընդդիմանալով ժխտողականությանը և արդարացի լուծում փնտրելով` մենք կառավարության վարած քաղաքականությունը կհամապատասխանեցնենք մեր ազգային սկզբունքներին`հօգուտ Միացյալ Նահանգների շահերի և ամերիկյան արժեքների»,- նշում է Համփարյանը:

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը ընդգծում է, որ, ենթարկվելով արտաքին ճնշումներին, նախագահ Օբաման չի սատարել օսմանյան թուրքերի կողմից նախապես ծրագրված և իրականացված մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը որպես ցեղասպանություն ճանաչելու ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Նրա համոզմամբ` ժամանակն է, որ Օբամայի վարչակազմը վերահաստատի ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանզի Միացյալ Նահանգները տարբեր առիթներով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դեռևս նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահության տարիներին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դատապարտել է Թուրքիայի նախապես ծրագրված արշավը` ոչնչացնելու հայ և տեղաբնակ մյուս ազգերին:

Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրն առաջ քաշելուց հետո նախագահ Հարրի Թրումանը դարձավ առաջին ղեկավարը, ով ստորագրեց Ցեղասպանության մասին կոնվենցիան: Հետագայում`1951 թվականին, ԱՄՆ կառավարությունը Արդարադատության միջազգային ճանաչմանն ուղղված և Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին կոնվեցիային վերաբերող իր հայտարարությունում որպես «ցեղասպանության ակնհայտ օրինակ» մատնանշել է «հայերի հանդեպ իրականացված թուրքական կոտորածները»: 1981 թվականի ապրիլի 22-ին Ռոնալդ Ռեյգանը Ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացված Հոլոքոստը դատապարտող իր հայտարարությունում հիշատակել է «դրանից առաջ կատարված հայերի ցեղասպանությունը»:

Հայոց ցեղասպանության մասին մեջբերումներ կան նաև 1975 և 1984 թվականներին Պալատի ընդունած համապատասխանաբար 148 և 247 համատեղ որոշումներում: Իսկ 1996 թվականի հունիսի 5-ին Ներկայացուցիչների պալատը վճռում է մինչև երեք միլիոն դոլարով կրճատել Թուրքիային հատկացվող օգնությունը, մինչև որ թուրքական կառավարությունը չընդունի Հայոց ցեղասպանությունը:

Եվ վերջապես Օբաման ինքը սենատոր եղած ժամանակ համոզմունք է հայտնել, որ «Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում չէ, այլ պատմական ապացույցներով և փաստաթղթերով ամրագված և հաստատված փաստ»` խոստանալով նախագահ դառնալու պարագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

armenpress.am

Տպել Տպել